Գլխավոր Լրահոս

BRICS-ը փորձում է թվային վճարային համակարգերով փոխել համաշխարհային ֆինանսական համակարգը

BRICS-ը փորձում է թվային վճարային համակարգերով փոխել համաշխարհային ֆինանսական համակարգը

BRICS-ի առաջնորդների՝ Հնդկաստանում կայանալիք գագաթնաժողովին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, և օրակարգի առաջարկներից մեկը դարձել է թերևս ամենակարևորն ու միաժամանակ ամենաբարդը՝ անդամ երկրների արագ վճարային համակարգերն ու կենտրոնական բանկերի թվային արժույթները (CBDC) միմյանց կապելը։ Հարավաֆրիկյան IOL կայքում հրապարակված հոդվածը (հեղինակ՝ Ֆապանո Ֆաշա) անդրադառնում է BRICS-ի երկրների վճարային համակարգերը և կենտրոնական բանկերի թվային արժույթները միմյանց կապելու Հնդկաստանի առաջարկին և դրա իրատեսականությանը։  

Այս տարվա BRICS-ի հյուրընկալող Հնդկաստանի առաջարկն այլևս պարզապես տեխնիկական գաղափար չէ։ Այն դարձել է կարևոր փորձություն՝ հասկանալու համար՝ արդյոք BRICS-ը կկարողանա բազմաբևեռ ֆինանսական համակարգ ստեղծելու իր վաղեմի հավակնությունները վերածել իրական, գործող ենթակառուցվածքի, թե հայտարարությունների և գործնական քայլերի միջև տարբերությունը կրկին որոշիչ կլինի։

Պարզ ասած՝ BRICS-ի երկրները ցանկանում են թվային կամուրջ կառուցել իրենց ներքին վճարային ցանցերի միջև։

Այսօր, օրինակ, եթե Բրազիլիան ցանկանում է Հարավային Աֆրիկային վճարել ապրանքների դիմաց, գումարը հաճախ անցնում է ամերիկյան բանկերի միջոցով, փոխանցումը կարող է օրեր տևել, իսկ վճարները հասնել 3-5%-ի։

Առաջարկվող համակարգը թույլ կտա տեղական արժույթներով ուղղակի և գրեթե ակնթարթային հաշվարկներ կատարել՝ օգտագործելով բլոկչեյնին նման տեխնոլոգիա, որը կապահովի, որ երկու կողմերի վճարումները կատարվեն միաժամանակ՝ առանց միջնորդի։

Խոսքը որևէ ազգային արժույթը փոխարինելու մասին չէ։ Փոխարենը նախատեսվում է տարբեր երկրների թվային արժույթները տեխնիկապես փոխգործունակ դարձնել։

Բայց ինչո՞ւ է սա կարևոր, և ի՞նչ է դրված BRICS-ի յուրաքանչյուր անդամի համար խաղասեղանին։

2025-ի ապրիլին Հնդկաստանը անցավ Ճապոնիային և դարձավ աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։ Մեկ տարի անց այն նահանջել է վեցերորդ տեղ՝ զիջելով թե՛ Ճապոնիային, թե՛ Միացյալ Թագավորությանը։ Հնդկաստանի անվանական ՀՆԱ-ն կազմել է մոտ $3.92 տրլն՝ նախկինում կանխատեսված $4.18 տրլն-ի փոխարեն։

Հեղինակի պնդմամբ՝ փոխվել են ոչ թե Հնդկաստանի տնտեսության հիմնարար ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ Հնդկաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության պայմաններում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուփիի արժեզրկումն է։

2026-ի փետրվարի վերջին ԱՄՆ–Իրան պատերազմի բռնկումից հետո ռուփին դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 5%-ով՝ մայիսի կեսերին 1 դոլարի դիմաց գերազանցելով 96 ռուփին և հասնելով պատմական նվազագույնի։

Քանի որ ԱՄՀ-ն երկրների անվանական ՀՆԱ-ն համեմատում է դոլարով, ռուփիի թուլացումն ինքնաբերաբար նվազեցնում է Հնդկաստանի ՀՆԱ-ի դոլարային արժեքը։

BRICS-ի ընդհանուր խոցելիությունը

Հնդկաստանի խնդիրը նախազգուշացում է BRICS-ի բոլոր անդամների համար։ Խումբը մեծապես կախված է դոլարով իրականացվող էներգակիրների առևտրից և ԱՄՆ ֆինանսական ենթակառուցվածքից։

Մերձավոր Արևելքում լարվածության աճի դեպքում BRICS-ի տնտեսությունները բախվում են նավթի գների բարձրացման, կապիտալի արտահոսքի և ազգային արժույթների արժեզրկման խնդիրներին։

Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքով սահմանափակված է SWIFT համակարգից օգտվելու հարցում։ Չինաստանը նավթի թանկացման դեպքում բախվում է արտադրական ծախսերի աճի և արտահանման մրցունակության նվազման։ Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսն ու Եթովպիան պայքարում են դոլարի պակասի և արժույթների տատանումների դեմ։

Այդ իսկ պատճառով վճարային համակարգերը միմյանց կապելու առաջարկը նոր նշանակություն է ստացել։ ԱՄՆ-Իրան պատերազմը բացահայտել է հիմնարար խնդիր․ BRICS-ի երկրները շարունակում են կախված մնալ ֆինանսական մի համակարգից, որը իրենք չեն վերահսկում։

Կենտրոնական բանկերի թվային արժույթները միավորող համակարգը կամ փոխկապակցված արագ վճարային ցանցերը հնարավորություն կտան տեղական արժույթներով ուղղակի հաշվարկներ իրականացնել՝ շրջանցելով դոլարը որպես միջնորդ արժույթ։

Կարևոր է, որ խոսքը BRICS-ի միասնական արժույթ ստեղծելու մասին չէ։ Այդ գաղափարը տարաձայնություններ է առաջացրել միավորման ներսում և ԱՄՆ-ից մաքսատուրքերի սպառնալիքների պատճառ դարձել։

Փոխարենը խոսքը «գործնական ապադոլարացման» մասին է՝ այլընտրանքային ենթակառուցվածքի ստեղծման, որը ճգնաժամի պայմաններում BRICS-ի երկրներին թույլ կտա շարունակել առևտուրը՝ նվազեցնելով դոլարից կախվածությունը։

Ի՞նչ է ասում Արևմուտքը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ոչ հրապարակային կերպով մտահոգություն է հայտնել, իսկ ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն է առաջարկել։ Եթե BRICS-ին հաջողվի ստեղծել նման համակարգ, այն կարող է օրինակ ծառայել այլ միավորումների՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համար՝ արագացնելով դոլարակենտրոն համաշխարհային ֆինանսական համակարգից աստիճանական հեռացումը։

Եթե նախաձեռնությունը ձախողվի կամ գագաթնաժողովն ավարտվի միայն անորոշ խոստումներով, դա կամրապնդի այն տեսակետը, որ BRICS-ը ավելի շատ քննարկումների հարթակ է, քան իրական գործողությունների ունակ կոալիցիա։

Վճարային համակարգը նաև չունի միասնական BRICS արժույթի քաղաքական ծանրությունը, որը բացահայտ մարտահրավեր կլիներ դոլարին և կարող էր ԱՄՆ-ի հակազդեցությունը հրահրել։ Հնդկաստանը նախաձեռնությունը ներկայացնում է որպես «գործառնական արդյունավետության», այլ ոչ թե «առճակատման միջոցով ապադոլարացման» ծրագիր։

Գագաթնաժողովից առաջ վճարային համակարգերի հարցն այսպիսով այլևս միայն տեխնիկական քննարկում չէ։ Այն փորձություն է՝ արդյոք BRICS-ը կարող է ընդհանուր խոցելիությունը վերածել ընդհանուր լուծման։

Առաջարկը պաշտոնական պայմանագիր չէ, այլ Հնդկաստանի պահուստային բանկի (RBI) ներկայացրած «քննարկման փաստաթուղթ», որի մշակմանը, ըստ հոդվածի, մասնակցել են նաև Չինաստանի թվային յուանի թիմը և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը։

Այն նախատեսվում է գագաթնաժողովի ֆինանսական ուղղության շրջանակում ներկայացնել որպես իրավական պարտադիր ուժ չունեցող հռչակագիր։ Համատեղ աշխատանքային խումբը պետք է 18 ամսվա ընթացքում մշակի համակարգերի փոխգործունակության չափանիշներ։

Գործնական փորձնական ծրագրի մեկնարկի ժամկետ առայժմ սահմանված չէ։ Հեղինակի կարծիքով՝ դա արվել է միտումնավոր, որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախաձեռնությունը չընկալեն որպես դոլարի գերակայությանն ուղղված անմիջական մարտահրավեր։

BRICS-ի գործող վճարային համակարգը կարող է արագ մեղմել վճարային հաշվեկշռի վրա ճնշումը, եթե անդամ երկրները կարողանան ապահովել անհրաժեշտ տեխնիկական և կարգավորող չափանիշները։ Սակայն նախաձեռնության խորհրդանշական իմաստն արդեն հստակ է․ BRICS-ը փորձում է հռետորաբանությունից անցնել ենթակառուցվածքների ստեղծմանը։

Չնայած ռուփիի արժեզրկմանը և ՀՆԱ-ի համաշխարհային վարկանիշում նահանջին՝ Հնդկաստանը գագաթնաժողովին ներկայանում է ոչ թե որպես տուժող, այլ որպես մարտավարություն մշակող երկիր։ Հենց այս ճգնաժամն է ուժեղացրել Նյու Դելիի դիվանագիտական դիրքերը։ Մերձավոր Արևելքում պատերազմից հետո BRICS-ի գագաթնաժողովի անցկացումը, երբ այդ պատերազմն անմիջականորեն նպաստել է հնդկական արժույթի արժեզրկմանը, կարող էր դիվանագիտական խնդիր դառնալ։ Փոխարենը Հնդկաստանը փորձում է այն վերածել ռազմավարական հնարավորության՝ առաջարկելով լուծում, որը համապատասխանում է բոլոր անդամների շահերին՝ առանց նրանցից աշխարհաքաղաքական կողմնորոշման ընտրություն պահանջելու։

Ռուսաստանը ստանում է պատժամիջոցները շրջանցելու լրացուցիչ հնարավորություն։ Չինաստանը՝ թվային յուանը փորձարկելու հարթակ։ Բրազիլիան և Հարավային Աֆրիկան՝ ապադոլարացման հնարավորություն՝ առանց դրա հետ կապված քաղաքական առճակատման։ Եգիպտոսն ու Եթովպիան՝ իրենց երկրներում դոլարի պակասը մեղմելու հնարավորություն։

Հեղինակի կարծիքով՝ սա հնդկական դիվանագիտության դասական մոտեցում է՝ պրագմատիկ, ոչ առճակատային և միաժամանակ հավակնոտ։

Ուղերձը պարզ է՝ BRICS-ը կարիք չունի բարձրաձայն հայտարարելու դոլարին փոխարինելու մասին։ Փոխարենը պետք է անաղմուկ կառուցի դրա համար անհրաժեշտ այլընտրանքային ենթակառուցվածքը։

Այս իմաստով Հնդկաստանի՝ չորրորդից վեցերորդ տեղ նահանջելը գագաթնաժողովի հիմնական պատմությունը չէ։ Հիմնական պատմությունն այն է, թե ինչպես է երկիրը արձագանքում այդ նահանջին։

Պառակտված միավորման անդամներին մեկ սեղանի շուրջ հավաքելով, ընդհանուր օրակարգ առաջարկելով և ցուցադրական առճակատումից խուսափելով՝ Հնդկաստանը, հեղինակի գնահատմամբ, ցույց է տալիս, որ իր ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան միայն ՀՆԱ-ի համաշխարհային վարկանիշը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում