Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական պատկերը այլևս չի ձևավորվում միայն ռազմական դաշինքներով կամ ուժերի փոփոխվող հավասարակշռությամբ։ Այսօր տարածաշրջանի ապագան վերաձևակերպում են տնտեսական միջանցքները, տեխնոլոգիական գործընկերությունները, դիմակայուն մատակարարման շղթաներն ու ռազմավարական փոխկապակցվածությունը։ The Jerusalem Post թերթում հրապարակված հոդվածում քաղաքական մեկնաբան Փաուշալի Լասը գրում է՝ այդ վերափոխման մեջ կարևոր դեր ունի Հնդկաստանը, որն անաղմուկ դառնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, որն ի վիճակի է կապելու Միացյալ Նահանգները, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները և, գնալով ավելի շատ, Սաուդյան Արաբիան։
Իսրայելի համար այս զարգացումը շատ ավելին է, քան հերթական դիվանագիտական հանգրվանը։ Այն հնարավորություն է՝ ամրապնդելու իր տեղը ավելի լայն ռազմավարական համակարգում, որը միավորում է իսրայելական նորարարությունը, Պարսից ծոցի կապիտալը, ամերիկյան առաջնորդությունն ու Հնդկաստանի տնտեսական կշիռը։
Հնդկաստան–Իսրայել–Արաբական Միացյալ Էմիրություններ–Միացյալ Նահանգներ ձևաչափի՝ I2U2-ի, ինչպես նաև Հնդկաստան–Մերձավոր Արևելք–Եվրոպա տնտեսական միջանցքի՝ IMEC-ի ի հայտ գալը վկայում է այն աճող ընկալման մասին, որ տնտեսական ինտեգրացիան և տարածաշրջանային անվտանգությունն այլևս հնարավոր չէ միմյանցից տարանջատել։
Պայմաններում, երբ Վաշինգտոնը ձգտում է տարածաշրջանային կայունության պահպանման համար հենվել վստահելի գործընկերների վրա՝ միաժամանակ նվազեցնելով իր անմիջական ռազմական ներկայությունը, Հնդկաստանը հանդես է գալիս որպես վստահելի դերակատար, որն ունակ է ամուր հարաբերություններ պահպանել քաղաքական տարբեր ճամբարների հետ՝ նրանցից գաղափարական համընկնում չպահանջելով։
Այսօր խոշոր տերություններից քչերն են միաժամանակ ամուր հարաբերություններ պահպանում Իսրայելի, Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի մյուս առանցքային դերակատարների հետ։ Դիվանագիտական այս ճկունությունը դարձել է Նյու Դելիի ռազմավարական առավելություններից մեկը։
Մասնավորապես, Հնդկաստանն ու Իսրայելը ձևավորել են գործընկերություն, որը վաղուց դուրս է եկել միայն սպառազինությունների ձեռքբերման շրջանակից։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում համագործակցությունն ընդլայնվել է հակաահաբեկչության, հետախուզական տեղեկատվության փոխանակման, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների, առողջապահական նորարարությունների և ստարտափների ոլորտներում։
Հնդկաստանը շարունակում է մնալ Իսրայելի խոշորագույն պաշտպանական գործընկերներից մեկը, իսկ իսրայելական ընկերություններն ավելի ու ավելի հաճախ Հնդկաստանի տեխնոլոգիական ոլորտը դիտարկում են ոչ թե պարզապես որպես արտահանման հերթական շուկա, այլ համատեղ մշակումների հարթակ։
Պարսից ծոցի երկրներում ևս տեղի է ունեցել նման վերարժևորում։ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան այժմ Հնդկաստանը դիտարկում են ոչ միայն որպես էներգակիրների խոշոր սպառող, այլև որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։ Հնդկաստանն աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսություններից մեկն է, ներդրումների ընդլայնվող ուղղություն, պարենային ապահովման գործընկեր և մարդուժի մեծ աղբյուր, որոնք շարունակում են կարևոր ներդրում ունենալ Պարսից ծոցի երկրների տնտեսություններում։
Մինչ Էր Ռիադը իրականացնում է Vision 2030 ծրագիրը, իսկ Աբու Դաբին արագացնում է առաջատար արտադրության և տեխնոլոգիաների ոլորտում իր հավակնոտ ծրագրերը, Հնդկաստանի արդյունաբերական աճը բնական տնտեսական փոխլրացման հնարավորություններ է ստեղծում։
Այս շահերի համընկնումը Հնդկաստանին դարձրել է իսրայելական նորարարությունը, Պարսից ծոցի կապիտալը և ամերիկյան ռազմավարական շահերը կապող կամուրջ։
Միացյալ Նահանգներում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ տարածաշրջանի երկարաժամկետ կայունությունը կախված է լինելու ոչ միայն ռազմական զսպումից, այլև տնտեսական դիմակայունությունից։ I2U2-ը ավանդական անվտանգության դաշինք չէ։ Այն միավորում է փոխլրացնող առավելություններ ունեցող գործընկերների՝ պարենային անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում՝ տարածաշրջանային համագործակցության գործնական հարթակ ստեղծելով։
IMEC-ը և նոր ռազմավարական աշխարհագրությունը
Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Հնդկաստան–Մերձավոր Արևելք–Եվրոպա տնտեսական միջանցքի հայտարարումը վերջին տարիների ամենահավակնոտ տրանսպորտային և հաղորդակցային նախաձեռնություններից մեկն էր։ IMEC-ը նախատեսված է Հնդկաստանը Եվրոպային կապելու համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջոցով։ Սակայն այն շատ ավելին է, քան հերթական առևտրային միջանցքը։ Դա աշխարհաքաղաքական տեսլական է։
Տասնամյակներ շարունակ Ասիայի և Եվրոպայի միջև առևտուրը գերազանցապես հիմնվել է Սուեզի ջրանցքով անցնող ծովային ուղիների վրա։ IMEC-ը նպատակ ունի բազմազանեցնել այդ երթուղիները՝ նավահանգիստները, երկաթուղային ցանցերը, թվային ենթակառուցվածքները, էներգետիկ կապերն ու ժամանակակից լոգիստիկան միավորելով միասնական առևտրային միջանցքի մեջ։
Այս համակարգում Իսրայելն առանցքային դիրք ունի։ Նրա միջերկրածովյան նավահանգիստները կարող են դառնալ Պարսից ծոցի առևտուրը եվրոպական շուկաներին կապող դարպասներ՝ ամրապնդելով Իսրայելի դերը որպես Ասիան, Մերձավոր Արևելքն ու Եվրոպան կապող լոգիստիկ հանգույց։
Հնդկաստանն իր հերթին դառնում է ցանցի արևելյան հենակետը՝ առաջարկելով արտադրական կարողություններ, դեղագործական արտադրանք, թվային ծառայություններ, ինժեներական փորձ և աշխարհի խոշորագույն սպառողական շուկաներից մեկը։
Միջանցքի երկարաժամկետ հաջողությունը, սակայն, սերտորեն կապված է տարածաշրջանային կայունության և հատկապես Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ։ Թեև Իսրայել–Համաս պատերազմը ընդհատել է դիվանագիտական գործընթացի թափը, դրա հիմքում ընկած ռազմավարական տրամաբանությունը չի վերացել։ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը շարունակում է պայմանավորված լինել երկու պետությունների՝ լուծման ուղղությամբ առաջընթացով։
Սակայն Իսրայելի տեսանկյունից նման կարգավորումը չի կարող տևական խաղաղության վստահելի հիմք համարվել, քանի դեռ հիմնովին չի վերափոխվել պաղեստինյան կրթական համակարգը՝ վերջ դնելու, ինչպես պնդում է հոդվածագիրը, ատելության և հրահրման վերարտադրմանը։
Միևնույն ժամանակ Էր Ռիադը շարունակում է պատմական տնտեսական վերափոխումը, իսկ Երուսաղեմը՝ ձգտել տարածաշրջանային ավելի խոր ինտեգրման։ Հետևաբար IMEC-ը երկու երկրների համար ստեղծում է տնտեսական հզոր խթաններ՝ քաղաքական պայմանների բարելավման դեպքում այդ ճանապարհին վերադառնալու համար։
Ռազմավարական հաջորդ աղեղը
Չնայած առևտրի, Ռուսաստանի և առանձին դիվանագիտական հարցերի շուրջ պարբերաբար ծագող տարաձայնություններին՝ Հնդկաստան–ԱՄՆ ավելի լայն գործընկերությունը շարունակում է չափազանց ամուր մնալ։
ԱՄՆ հաջորդական վարչակազմերը Հնդկաստանը դիտարկել են որպես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անփոխարինելի գործընկեր, որը կարող է նպաստել ուժերի կայուն հավասարակշռության պահպանմանը և հակակշռել Չինաստանի աճող ազդեցությանը։
Այս հարաբերություններն արագ ընդլայնվել են պաշտպանական համագործակցության, հետախուզական տվյալների փոխանակման, համատեղ զորավարժությունների, կիսահաղորդիչների, առանցքային տեխնոլոգիաների և առաջատար արտադրության ոլորտներում։ Գործընկերության հիմքում ընկած ռազմավարական տրամաբանությունը պահպանվել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի օրոք, քանի որ այն պայմանավորված է երկարաժամկետ ազգային շահերով, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներով։
Իսրայելի համար սա կարևոր նշանակություն ունի։ Հնդկաստան–ԱՄՆ ավելի ամուր գործընկերությունն ամրապնդում է այն հիմքերը, որոնց վրա կառուցված են I2U2-ի և IMEC-ի նման նախաձեռնությունները։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ Հնդկաստանի ընդլայնվող համագործակցությունը ստեղծում է լրացուցիչ դիվանագիտական ուղիներ, որոնք ապագայում կարող են նպաստել Իսրայելի մասնակցությամբ ավելի լայն տարածաշրջանային համագործակցությանը։
Ռազմավարական քարտեզը կարող է ընդարձակվել։ Հնդկաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում՝ դրանք վերածելով Մալակկայի նեղուցը վերահսկող ռազմավարական ծովային հանգույցի։ IMEC-ի հետ միասին սա ավելի լայն տեսլականի մաս է՝ անվտանգ և դիմակայուն առևտրային միջանցքներով Միջերկրական ծովը Հարավարևելյան Ասիային կապելու համար։
Աֆրիկայի եղջյուրը նույնպես ապագայում կարող է դառնալ այդ համակարգի ևս մեկ կարևոր օղակ։ Սոմալիլենդի աճող ռազմավարական նշանակությունը և Էրիթրեայում հնարավոր քաղաքական փոփոխությունները կարող են Կարմիր ծովով նոր ուղիներ բացել՝ կապելով Հնդկաստանը, Իսրայելը, Եվրոպան և Արևելյան Աֆրիկան ու էլ ավելի մեծացնելով ծովային հաղորդակցության նշանակությունը տարածաշրջանի ապագայի համար։
Իսրայելի համար ընդհանուր եզրակացությունն ակնհայտ է։ Հնդկաստանը վերածվել է ռազմավարական կամրջի, որը միմյանց է կապում ամերիկյան անվտանգության շահերը, Պարսից ծոցի երկրների տնտեսական հավակնությունները և իսրայելական տեխնոլոգիական առաջատարությունը։
Մրցակցող բլոկներից որևէ մեկն ընտրելու փոխարեն Հնդկաստանը կապեր է կառուցում դրանց միջև։ Տարածաշրջանում, որը երկար ժամանակ բնորոշվել է հակամարտություններով և մրցակցությամբ, դա կարող է դառնալ ձևավորվող մերձավորարևելյան կարգում Հնդկաստանի ամենանշանակալի ներդրումներից մեկը։












