Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում երկու օրում չեղարկվել է շուրջ 14 500 չվերթ, հազարավորներն ուշացել են

ԱՄՆ-ում երկու օրում չեղարկվել է շուրջ 14 500 չվերթ, հազարավորներն ուշացել են

ԱՄՆ-ում օդային երթևեկության կառավարման համակարգի խափանման հետևանքով նոյեմբերի 13-14-ին չեղարկվել է շուրջ 14,500 չվերթ, ևս ավելի քան 11,000-ն ուշացել է։ Տասնյակ հազարավոր ուղևորներ մնացել են օդանավակայաններում։ Երկիրը փորձում է վերականգնել բնականոն օդային հաղորդակցությունը՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից ի վեր թռիչքների համազգային ամենաերկար դադարեցումից հետո, գրում է Reuters-ը։

Նոյեմբերի 14-ին ամերիկյան ավիաընկերությունները չեղարկել են շուրջ 4,500 չվերթ, ևս 4,400-ն ուշացել է։ Նախորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, չեղարկվել էր գրեթե 10,000 չվերթ, իսկ ավելի քան 7,000-ն իրականացվել էր ուշացումով։

Խափանման պատճառով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ուրբաթ գրեթե հինգ ժամով դադարեցրել էր երկրի տարածքում օդանավերի գրեթե բոլոր թռիչքները։ Սահմանափակումը հանվել է ուրբաթ երեկոյան, սակայն դրա հետևանքները շարունակվել են նաև շաբաթ օրը։

Ամենախոշոր ավիաընկերությունները զգալի կորուստներ են կրել։ Delta Air Lines-ը, United Airlines-ը և American Airlines-ը շաբաթ օրը չեղարկել են իրենց չվերթների շուրջ 20 տոկոսը, իսկ JetBlue-ն՝ 40 տոկոսը։ Ավիաընկերությունները ուղևորներին հնարավորություն են տվել առանց լրացուցիչ վճարի փոխել տոմսերի ամսաթվերը։

Ինչն է խափանման պատճառը

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի խոսքով՝ խափանումը կապված է ավիացիոն համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող L3Harris ընկերության կողմից նոր ցանցային սարքավորման տեղադրման հետ։

Նախարարի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ՝ խնդիրը պայմանավորված է եղել մասնագետների սխալո՞վ, թե՞ տեղադրված սարքավորման անսարքությամբ։

Խափանման հետևանքով հաղորդակցության կենտրոնները գերբեռնվել են։ Յուրաքանչյուր չորսից հինգ վայրկյանը մեկ գրանցվել է ավելի քան հազար միացման փորձ, ինչն ազդել է օդանավերի հետ կապի և որոշ ռադարային համակարգերի աշխատանքի վրա։

Խնդիրն ընդգրկել է ԱՄՆ օդային երթևեկությունը վերահսկող 22 տարածաշրջանային կենտրոններից 17-ը։

Սկզբում իշխանությունները դիտարկել են նաև կիբերհարձակման հավանականությունը։ Սպիտակ տանը հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն, սակայն հետագայում պաշտոնյաները խափանումը կապել են տեխնիկական խնդրի հետ։

Դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդը ներողություն է խնդրել ուղևորներից՝ նշելով, որ համակարգն արդեն կայուն է։ Նրա կանխատեսմամբ՝ ավիաընկերությունների աշխատանքը հիմնականում կվերականգնվի մինչև կիրակի՝ նոյեմբերի 15-ի ուշ երեկո։

Խափանումը կրկին բարձրացրել է ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացման հարցը։ Համակարգը տարիներ շարունակ առերեսվում է հնացած սարքավորումների, կապի խնդիրների և ավիադիսպետչերների պակասի։

Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին կոչ է արել 50 միլիարդ դոլար հատկացնել համակարգի արդիականացմանը՝ նախկինում պահանջված 30 միլիարդի փոխարեն։

«Սա արտակարգ իրավիճակ է»,- հայտարարել է նախարարը։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում