Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչեն մարտիկը, որը կանանց վրա հարձակվելու պատճառով հեռացվել էր ակումբից, մեկնում է Ուկրաինա՝ պատերազմելու
MMA մարտիկ Ջիհադ Յունուսովը, որը նախկինում հանդես էր գալիս չեչենական Akhmat ակումբի կազմում, հայտարարել է, որ պատրաստվում է Ռուսաստանի կողմից մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Ավելի վաղ նա հեռացվել էր ակումբից, երբ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ նա հարձակվում էր երկու կնոջ վրա։
«Իմ հաջորդ մենամարտը ACA-ի՝ Մոսկվայում կայանալիք մրցաշարում չեղարկվել է, մենք մեկնում ենք ՍՄՕ [«հատուկ ռազմական գործողություն»՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի պաշտոնական անվանումը]՝ Ուկրաինա։ Ամբողջ կյանքում ես ներկայացրել եմ իմ ժողովրդին և Ռուսաստանը պրոֆեսիոնալ մարտարվեստի հարթակներում, իսկ հիմա ուրախ և հպարտ կլինեմ պաշտպանել իմ ժողովրդին ՍՄՕ-ի շրջանակում», - Instagram-ում գրել է Յունուսովը։
Նրա հիշատակած ACA մրցաշարը վերաբերում է Absolute Championship Akhmat կազմակերպությանը։ ACA-ն համարվում է Ռուսաստանի ամենախոշոր MMA կազմակերպությունը և աշխարհի առաջատար երեք MMA լիգաներից մեկը։
Ավելի վաղ՝ մայիսին, Յունուսովը հեռացվել էր Akhmat ակումբից, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ նա բղավում է իր հարևան երկու կանանց վրա, ապա հարձակվում նրանց վրա։ Հաղորդվում է, որ վեճը սկսվել էր այն պատճառով, որ Յունուսովը դեմ էր եղել կնոջ բնակարանի մոտ տեղադրված տեսախցիկին։ Սկզբում նա իր ձեռքում պահած բաժակից սուրճ էր լցրել տարեց չեչեն կնոջ վրա, ապա սկսել էր հարվածել և ոտքերով հարվածներ հասցնել նրան։ Երբ կնոջ դուստրը դուրս էր եկել բնակարանից և փորձել միջամտել, Յունուսովը հարձակվել էր նաև նրա վրա։
Տեսանյութի հրապարակման օրը Akhmat մարտական ակումբը հայտարարել էր Յունուսովի հեռացման մասին։ Ակումբի հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել էր Չեչնիայի կառավարության փոխնախագահ և սպորտի նախարար Ախմատ Կադիրովի՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդու հանձնարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Յունուսովի վարքագիծը «չի համապատասխանում ակումբի բարոյական, հոգևոր և բարոյական չափանիշներին»։
Դեպքից հետո Չեչնիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ստուգում է սկսել, իսկ Չեչնիայի կառավարության փոխնախագահ Ախմեդ Դուդաևը հայտարարել էր, որ մեղավորը պատասխանատվության կենթարկվի օրենքի համաձայն։ Սակայն քրեական գործ հարուցելու մասին հրապարակային տեղեկություն չկար։
35-ամյա Յունուսովը Չեչնիայի ամենահայտնի MMA մարզիկներից է։ Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովի խոսքով՝ նա նաև «Կադիրովի սիրելիներից մեկն» է։ Նրա կարիերայում կան հաղթանակներ ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրյա մարզիկների նկատմամբ, այդ թվում՝ բրազիլացի Լեոնարդո Լիմբերգերի և վրացի Պաատա Ռոբախիձեի դեմ։ Նա նաև մարտական սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է և ԱՊՀ-ի ջիու-ջիցուի չեմպիոնական գոտու նախկին տերը։
Յունուսովն առավել ակտիվ հանդես է եկել Akhmat ակումբի հետ կապված WFCA և ACA լիգաներում։ 2021-ին նա մի շարք նշանակալի հաղթանակներ էր տարել, սակայն հետագայում նրա արդյունքները վատթարացել էին։ Մարզիկի վերջին պաշտոնական մենամարտը կայացել է 2024-ի օգոստոսին՝ ACA 178 մրցաշարում, որտեղ նա մրցավարների որոշմամբ պարտվել էր Հաֆիզ Սակիբեկովին։ Այդ պարտությունը նրա համար երրորդ անընդմեջ պարտությունն էր։ Դրանից հետո Յունուսովը փաստացի անհետացել էր պրոֆեսիոնալ մրցաշարերից, թեև 2026-ի սկզբին հետևորդներին հայտնել էր, որ հանդիպել է ACA-ի ղեկավարության հետ և ակնարկել հնարավոր վերադարձի մասին։ Սակայն նոր մենամարտ պաշտոնապես չէր հայտարարվել։












