Արթուր Օսիպյանը Մռավի դիրքերում է եղել. վկայում է պատերազմում վիրավորված Սերգեյ Ստեփանյանը

Մարտական դիրքում վիրավորված Սերգեյ Ստեփանյանը պատմում է, թե որ ուղղությամբ է եղել Արթուր Օսիպյանը 2020-ի պատերազմի ժամանակ։ 16-րդ օրն անազատության ու հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն և այլ արցախցիների «փախած» անվանելու համար։
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց՝ մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած բանավեճից հետո։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ քննիչին հարցրել է, թե կոնկրետ ինչով է Օսիպյանը խոչընդոտել նախընտրական քարոզարշավը, որին քննիչը պատասխանել է. «Վարչապետին ոչ հաճո հարցեր է տվել»։
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, հենց տուրուդմբոցը սկսվեց, Արտուրի ավտոն մոտս էր, միասին էինք։ Որոշեցինք չորս ընկերներով շարժվել դեպի «Եղնիկներ» (Արցախի հյուսիս-արևելք, ՊԲ 7-րդ պաշտպանական շրջան)։ Միանգամից շարժվեցինք, զինկոմիսարիատին չսպասեցինք, Տոնաշեն գյուղում սպառազինություն ստացանք ու շարժվեցինք։ Արթուրի քրոջ որդիները ժամկետային էին ծառայում «Եղնիկներում»։ Տեսանք նրանց, հետո հարցուփորձ արեցինք, թե որտեղ են ամենաթեժ դիրքերը»,- պատմում է Սերգեյը։
Նրանք հանդիպում են «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանին ու խնդրում տանել ամենաթեժ դիրքերը։
«Ասաց՝ բարձրացեք Մռավի տակը, եթե չեմ սխալվում՝ 6-րդ, 7-րդ դիրքերն էին այնտեղ։ Այնտեղ հրամանատարը Սասուն Վարդանյանն էր, ինքն էլ հետո վիրավորվեց, միասին իջանք»,- պատմում է Սերգեյը։
Մինչև վիրավորվելը՝ հոկտեմբերի 1-ը, Սերգեյը ընկերների հետ մնում է Մռավի դիրքերում։
«Շատ լավ անձնակազմ էր՝ թե զինվորները, թե հրամանատարները։ Հոկտեմբերի 1-ին թեժ էր, հրետակոծում էին, նույնիսկ ինքնաթիռ էլ գրոհեց։ Այդ օրը վնասվածք ստացա, բեկորը մտավ մեջքս։ Սասունի հետ իջա, Արթուրը մնաց դիրքերում»,- հիշում է Սերգեյ Ստեփանյանը։
Սերգեյը բուժվելուց հետո գնում է այլ ուղղությամբ։ Իր լսածով՝ Արթուրը «Եղնիկներից» հետո գնացել է Շուշիի ուղղությամբ, որտեղ ԱԹՍ հարվածել է նրա մեքենային։
Ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում Հարութ Մնացականյանը վկայել է, որ Օսիպյանը եղել է «Եղնիկներում»։

Արթուր Օսիպյանը՝ աջից առաջինը, «Եղիկներ»։ Լուսանկարը՝ Հարութ Մնացականյանի ֆեյսբուքյան էջից։
Արթուր Օսիպյանի դեպքը մեծ արձագանք է առաջացրել. մի շարք հասարակական կազմակերպություններ ու անհատներ պահանջում են ազատ արձակել կամ փոխել նրա խափանման միջոցը։
Որոշ իրավապաշտպաններ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, և հատկապես վերջին մեկ տարում, ավելացել են այն դեպքերը, երբ մարդկանց իրենց խոսքի, կարծիքի կամ գրառումների համար քրեական պատասխանատվության են ենթարկում։











