Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական մեդիան ամբողջ ուժով աջակցում է Փաշինյանին. OC Media

Ադրբեջանական մեդիան ամբողջ ուժով աջակցում է Փաշինյանին. OC Media

Գրաֆիկան՝ OC Media-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել անսպասելի աջակից՝ ադրբեջանական իշխանամետ մեդիան։

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները տարիներ շարունակ խիստ քննադատաբար են լուսաբանել Հայաստանի հետ կապված գրեթե ցանկացած թեմա։ Երկրում մամուլի նկատմամբ խիստ սահմանափակումների պայմաններում հենց նրանք են տեղեկատվական դաշտը ձևավորում, ինչի արդյունքում ստեղծվել է բավական միատարր միջավայր, որտեղ վերևից ձևավորվող նարատիվները լայնորեն տարածվում են։

Սակայն վերջին ամիսներին՝ ընտրություններին ընդառաջ, ադրբեջանական մեդիան սկսել է հրապարակել Փաշինյանին աջակցող նյութեր։ Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները թույլ են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվում պահվող նախկին պաշտոնյաների միջոցով տարածվեն նաև հակափաշինյանական ուղերձներ։

Թեև ադրբեջանական մեդիան հազվադեպ է աչքի ընկնում նրբերանգներով, այդ հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է Բաքվի տեղեկատվական դաշտը Փաշինյանին քննադատելուց անցել նրան Հայաստանի միակ հույս ներկայացնելուն։ Միաժամանակ, դա որոշ պատկերացում է տալիս նաև հակասական ուղերձների պատճառների մասին։

Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Ընդհանուր առմամբ, թե՛ Փաշինյանը, թե՛ ադրբեջանական իշխանամետ մեդիան առաջիկա ընտրությունները ներկայացնում են որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև։

Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության թեկնածու, որը խոստանում է վերջապես ստորագրել Ադրբեջանի հետ երկար սպասված խաղաղության պայմանագիրը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը ռևանշիստական ուժ է, որը Հայաստանը կարող է կրկին տանել պատերազմի ճանապարհով։

Ինչպես Փաշինյանն է երեք հիմնական ընդդիմադիր գործիչներին՝ Ռոբեր Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին, անվանում «պատերազմի եռագլուխ կուսակցություն», այնպես էլ ադրբեջանական մեդիայում են նրանց մասին նույն կերպ գրում։

Նման ձևակերպումներ է օգտագործել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մայիսի 10-ի ելույթներից մեկում նա հայտարարել էր, որ «Հայաստանի քաղաքական դաշտում դեռ կան շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանցիների և Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ»։

«Եթե նրանք իշխանության գան, կտուժի հենց հայ ժողովուրդը», - ասել էր Ալիևը։

Միևնույն ժամանակ, թեև երեք հիմնական ընդդիմադիր գործիչներն էլ քննադատել են Փաշինյանի խաղաղության քաղաքականությունը, նրանցից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու կոչ չի արել։

Այնուամենայնիվ, ադրբեջանական մեդիայի հիմնական թիրախներից մեկը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը։ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ղեկավարը լինելու պատճառով նա հաճախ ներկայացվում է որպես Ղարաբաղյան շարժման գաղափարական հիմնասյուն։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրան պարբերաբար նկարագրում են որպես ծայրահեղական գործիչ, որը զբաղված է «անատամ ռևանշիզմով»։

Իշխանամետ Caliber պարբերականը հաճախ ընդգծում է Քոչարյանի կապերը Ռուսաստանի և Կրեմլի քարոզիչների՝ մասնավորապես Վլադիմիր Սոլովյովի հետ։ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վատթարացման ֆոնին Սոլովյովը վերջին տարիներին Ադրբեջանի համար անցանկալի անձ է։

Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը միայն Ղարաբաղյան հակամարտությամբ չի սահմանափակվում։

Caliber-ի՝ «Փաշինյանի պայքարը պատերազմի կուսակցության դեմ» վերնագրով հոդվածում նաև ուղերձ էր հղվում հայ ընտրողներին։

«Ընդդիմությունն ավելի է թուլանում, քանի որ Հայաստանի բնակչության զգալի մասը դեռ լավ է հիշում այն մութ ժամանակները, երբ երկիրը ղեկավարում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այդ շրջանը նշանավորվել էր տնտեսական մշտական ճգնաժամով, արտաքին ուժերից լիակատար կախվածությամբ, համատարած կոռուպցիայով և իշխանության չարաշահումներով», - գրում էր պարբերականը։

Կարապետյանին քննադատող նմանատիպ հոդվածներն արդեն չեն սահմանափակվում միայն անցյալի հակամարտություններով կամ ապագա պատերազմի վտանգի մասին խոսակցություններով։ Դրանց բովանդակությունը հաճախ այնքան մոտ է Փաշինյանի քաղաքական ուղերձներին, որ կարող էր հրապարակվել հայկական իշխանամետ լրատվամիջոցում։

Մարտին Caliber-ը հոդված էր հրապարակել, որը ձևականորեն վերաբերում էր այն մեղադրանքներին, թե Կարապետյանի «Իմ ճանապարհը» կուսակցությունը սոցիալական ցանցերում բոթերի ցանց է օգտագործում։ Սակայն նյութը վերածվել էր Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի դեմ անձնական բնույթի հարձակումների։ Նարեկ Կարապետյանը հոդվածում ոչ միայն անվանվել էր «փայփայված», այլև քննադատության թիրախ էր դարձել իր արտաքինի պատճառով․ նրան նկարագրել էին որպես «լավ կերակրված մարդ»։

Գագիկ Ծառուկյանին Caliber-ը բնութագրել է որպես «հայկական քաղաքական կրկեսի ծաղրածու»։ Ծառուկյանի մասին մյուս հրապարակումները հիմնականում իրավապահ համակարգի հետ ունեցած նրա խնդիրների մասին են։

Զգուշավոր գովեստ՝ Փաշինյանի հասցեին

Ադրբեջանական մեդիայի համար վիրավորական բնորոշումները և հայ քաղաքական գործիչների նկատմամբ կոշտ վերաբերմունքը նոր երևույթ չեն։

Տարիներ շարունակ ադրբեջանական տեղեկատվական դաշտը զբաղվել է ոչ միայն Հայաստանի դեմ քարոզչությամբ, այլև տարբեր կեղծ պատմական տեսությունների տարածմամբ, օրինակ՝ պնդումներով, թե հայերն իրականում Հնդկաստանից են եկել։

Այդ ֆոնին բավական անսովոր է տեսնել, թե ինչպես են նույն լրատվամիջոցները աստիճանաբար անցնում Փաշինյանին բացահայտ աջակցելուն։

Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանում որոշ շրջանակներ ընդունեցին զգուշավոր լավատեսությամբ։

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ նա տարիներ շարունակ նույն քննադատության թիրախն էր, ինչ նախկին հայ առաջնորդները։ Ընտրվելուց հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ պնդում էին, թե ընտրությունները կեղծվել են, կամ Փաշինյանը կարող է դառնալ բռնապետ։ 2020-ի պատերազմից հետո Trend գործակալությունը նույնիսկ հրապարակել էր հայ հոգևորականի խոսքերը․ նա Փաշինյանին անվանել էր «հոգեկան խնդիրներ ունեցող մարդ» և ասել, թե նա «Հայաստանը տանում է կործանման»։

Սակայն 2020-ի պատերազմից, 2023-ին Լեռնային Ղարաբաղի կորստից և դրան հաջորդած խաղաղության գործընթացից հետո լուսաբանման տոնը զգալիորեն փոխվել է։

«Այս պահին Փաշինյանի հաղթանակն ավելի շահավետ է տարածաշրջանի, Ադրբեջանի և նույնիսկ ամբողջ Հայաստանի համար, և Ադրբեջանի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է», - OC Media-ին ասել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ իշխանամետ մեդիայում հակահայկական հռետորաբանությունը որոշ չափով մեղմացել է։

«Իշխանությունը մեդիային ասում է, թե ինչն է իրեն ձեռնտու, և մեդիան կատարում է այդ պատվերը», - նշել է նա։

Ընտրություններին ընդառաջ Caliber-ում և այլ լրատվամիջոցներում Փաշինյանի մասին հրապարակումները հիմնականում դրական են, իսկ երբեմն նույնիսկ գովասանական։

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունն էլ բացահայտ հայտարարել է, որ «Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանի համար ընդունելի է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու տեսանկյունից»։ Պետական AzTV-ն էլ մշտապես լուսաբանում է Փաշինյանի քարոզարշավը և ադրբեջաներեն թարգմանում նրա հայտարարությունները։

Այս հրապարակումների հիմնական ուղերձը համընկնում է Փաշինյանի քարոզչական գծի հետ՝ ընտրությունները ներկայացվում են որպես ճակատագրական, իսկ Փաշինյանը՝ որպես միակ գործիչ, որը կարող է Հայաստանը տանել ճիշտ ուղղությամբ։

Caliber-ը ապրիլի 13-ի հոդվածում գրել էր, որ Փաշինյանի նախընտրական ռազմավարությունը նպատակ ունի «ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո ձևավորված նոր տարածաշրջանային իրողությունները և Հայաստանը ներառել տարածաշրջանային խաղաղության, բաց հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության համակարգում»։

Ի տարբերություն Փաշինյանի՝ Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը ներկայացվում են ոչ միայն «ռևանշիստներ», այլև որպես գործիչներ, որոնք խուսափում են «հիմնական հարցին ուղիղ պատասխան տալուց՝ «Իսկ ի՞նչ այլընտրանք եք առաջարկում»»։

Հոդված վերջին հատվածներում սև-սպիտակ հակադրությունն ավելի ընդգծված է․

«Հասարակության զգալի մասի համար ընտրությունը, կարծես, կատարվում է ոչ կատարյալ, բայց հասկանալի խաղաղության ռազմավարության և անորոշ, հնարավոր վտանգներով լի ռևանշիստական ուղու միջև։ Վարչապետն ու նրա թիմը բավական հստակ ներկայացնում են առճակատման քաղաքականությանը վերադառնալու վտանգը և հասարակության հետ խոսում են ոչ թե պատրանքների, այլ իրականության լեզվով»։

Ֆրանսիաբնակ ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը OC Media-ի հետ զրույցում ասում է, որ Փաշինյանի վերընտրվելը ձեռնտու կլինի Ադրբեջանին, քանի որ «նա հրաժարվում է ռազմական հռետորաբանությունից, մերժում է վրեժխնդրության գաղափարը և հայտարարում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու շահագրգռվածության մասին»։

Նա ընդգծում է, որ Եվրամիության հետ մերձեցման հարցը նույնպես կարող է օգտակար լինել Ալիևի համար, քանի որ վերջինս փորձում է վերականգնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Միաժամանակ, Գոյուշովը ընդգծում է՝ Ալիևը չի ցանկանում, որ Հայաստանում իշխանության գան ռուսամետ ուժեր։ Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է Բաքվի և Մոսկվայի ներկայիս լարված հարաբերություններով։

Հիմնական նարատիվները չեն փոխվել

Քննադատները հաճախ օգտագործում են ադրբեջանական մեդիայի այս վերաբերմունքը՝ Փաշինյանին մեղադրելով Բաքվի շահերին ծառայելու մեջ։

Սա չի նշանակում, որ ադրբեջանական մեդիան դադարել է քննադատել Փաշինյանին, նրա թիմակիցներին կամ ընդհանրապես Հայաստանին։

«Օրինակ՝ սոցիալական ցանցերում և նույնիսկ հեռուստատեսությամբ «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունն ընդհանրապես չի թուլացել։ Ընդհակառակը՝ այն ուժեղանում է», - ասում է պատմաբան Ալթայ Գոյուշովը։

Տե՛ս նաև՝ Խաղաղությունն ու Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը» 

Կան նաև դեպքեր, երբ հռետորական հարձակումները նպատակ ունեն Փաշինյանի շրջապատի առանձին ներկայացուցիչներին ներկայացնել որպես ծայրահեղական կամ ռևանշիստ գործիչներ, իսկ որոշ հրապարակումներ փորձում են ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության և պատմական հարցերի շուրջ իշխանության ներսում առկա տարաձայնությունները։

Երբեմն նույն հոդվածում կարելի է հանդիպել մի քանի մոտեցումների խառնուրդին։ Այդպիսի օրինակ էր Caliber-ի՝ ապրիլի 11-ի հրապարակումը, որը քննադատում էր Հայաստանի արտգործանախարարությանը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի կոտորածին նվիրված գրառման մեջ «Մարաղա» հայկական տեղանունն օգտագործելու համար։

«Խաղաղության օրակարգը հռչակվում է վարչապետ Փաշինյանի մակարդակով, մինչդեռ հակամարտությունը խթանող նարատիվը իրականացվում է դիվանագիտական ապարատի մակարդակում, կարծես ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը։ Կամ, ավելի հավանական է, որ շատ լավ գիտի», - ասվում էր հոդվածում։

Հոդվածի հեղինակները պնդում էին, որ «Հայաստանի քաղաքականությունը տառապում է խոր համակարգային անհամապատասխանությունից, երբ իշխանության մի թևի պաշտոնական հայտարարությունները լիովին չեզոքացնում են մյուսի նախաձեռնած ջանքերը»։

Միևնույն ժամանակ, նույնիսկ պետական Azertac-ը շարունակում է ուղիղ քննադատել Փաշինյանին։ 2025-ի դեկտեմբերին հրապարակված հարցազրույցում քաղաքական վերլուծաբան Սահիլ Քարիմլին Փաշինյանի կառավարությունը բնութագրել էր որպես «բռնապետություն» և մեղադրել մարդու իրավունքների խախտումների մեջ։

Քարիմլին ընդունել էր, որ «Հայաստանում ակտիվացել են արմատական և օկուպացիոն մտածողությամբ ուժերը, որոնք փորձում են լարվածություն ստեղծել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացում», սակայն նշել էր, որ դա չի կարող արդարացում լինել աճող «ճնշումների» համար։

Ադրբեջանական մեդիայում քննադատության է ենթարկվել նաև Փաշինյանի հակամարտությունը Հայ առաքելական եկեղեցու հետ, թեև նույն լրատվամիջոցները եկեղեցին հաճախ ներկայացնում են որպես ռևանշիզմի և ռուսամետ տրամադրությունների հենարան։

Փաշինյանի կամ նրա թիմակիցների ցանկացած հայտարարություն, քաղաքական առաջարկ կամ նախաձեռնություն կարող է արժանանալ ադրբեջանական մեդիայի քննադատությանը։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկում այնպիսի քայլեր, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Բաքվի ակնկալիքներին։

Այդպիսի օրինակներից է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանը պնդում է, որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, և դրա փոփոխությունը պետք է նախապայման լինի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Փաշինյանը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, սակայն հայտարարել է, որ այդ հարցը պետք է դրվի համազգային հանրաքվեի։

Թեև վերջնական նպատակը, կարծես, համընկնում է Ադրբեջանի պահանջների հետ, Բաքվի համար գործընթացը բավարար չափով չի համապատասխանում իր ակնկալիքներին, ինչն էլ նոր քննադատությունների առիթ է տալիս։

Caliber-ը և այլ լրատվամիջոցներ հրապարակել են հոդվածներ, որոնցում կասկածի տակ են դրվում Փաշինյանի անկեղծ մտադրությունները Սահմանադրության փոփոխության հարցում։ Այդ հրապարակումներում նաև պնդում են, թե նա փորձում է այդ բարդ որոշման պատասխանատվությունը գցել հանրության վրա։

Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է նաև ապատեղեկատվություն տարածել Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ, ինչի մասին խոսում են փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական կազմակերպությունները։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև ձեռնարկում են քայլեր, որոնք կարող են նախընտրական շրջանում Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել։

Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվում պահվող մի շարք նախկին պաշտոնյաներ վերջին ամիսներին հրապարակել են ձայնային ուղերձներ, որոնցում քննադատել են Հայաստանի իշխանություններին և անձամբ Փաշինյանին։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում պահվող կալանավորների նկատմամբ վերահսկողությունը չափազանց խիստ է, իսկ միջազգային մոնիթորինգ գրեթե չկա՝ նման ուղերձների հաճախակի հայտնվելը հենց նախընտրական շրջանում դժվար է պատահական համարել։

Մայիսի 25-ին հրապարակված ուղերձում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով Փաշինյանի հեղինակած գիրքը, նրան անվանել էր «ստախոս, ֆանտազյոր և գրագող»։

Տե՛ս նաև՝ Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել, Փաշինյանին համեմատել «Քաջ Նազարի» և ճիճվի հետ, անվանել գրագող

Խոսելով ընտրությունների մասին՝ Վարդանյանը հայտարարել էր, որ պատերազմը չի ավարտվել, այլ շարունակվում է այլ ձևերով։

«Մենք մեծ վտանգի մեջ ենք։ Եթե մեր վարքագիծը չփոխենք, մեզ չի սպասում ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը։ Մեզ սպասում է թուրքական վիլայեթ դառնալը», - ասել էր նա։

Երկու օր անց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն էլ ձայնային ուղերձում պնդել էր, որ իրենց ազատ արձակման հարցը կախված է Հայաստանի իշխանություններից։

Այս ուղերձները, որոնք դժվար թե հրապարակվեին առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության, հակասում են այն աջակցող տոնին, որը նույն ժամանակահատվածում տարածվում է ադրբեջանական մեդիայում։

«Ես չեմ հավատում, թե Իլհամ Ալիևն իսկապես խաղաղություն է ուզում», - ասում է Գոյուշովը։

«Չեմ կարծում, որ նա խաղաղություն է ուզում սեփական կամքով։ Այդ պատճառով էլ չեմ հավատում, որ «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի» և ազգայնական մյուս թեմաների շահարկումը կդադարի։ Ալիևի համար դրանք իշխանությունը պահելու կարևոր գործիքներ են», - եզրափակում է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում