Արցախի նախկին պետական նախարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում աուդիոուղերձ է փոխանցել՝ խիստ քննադատություն հնչեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան համեմատելով Քաջ Նազարի, ճիճվի հետ և անվանելով գրագող։
Մայիսի 25-ին՝ իր ծննդյան օրը հղած ուղերձում նա նշել է, որ «Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին»։
«Սիրելի «Քաջ Նազար» Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել»,- ասել է նա՝ նշելով, որ Բաքվի բանտի գրադարանում ընդամենը երկու հայերեն գիրք է եղել՝ Վարդգես Պետրոսյանինը և Նիկոլ Փաշինյանինը։ «Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը գրագողություն է արել «ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից»։
«Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է»։
Վարդանյանը նշել է, որ «մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով»:
«Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ»:
«…եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը»,- ասել է Վարդանյանը։
Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ Երևանում նախատեսված շքերթը Վարդանյանն անվանել է անբարոյական քայլ։ «Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ [Բաքվում], դուք անեք շքերթ»։
«Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն»։
«Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
…
Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը և Արցախի ռազմաքաղաքական յոթ այլ ղեկավարներ Ադրբեջանում բանտարկված են 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի էթնիկ զտումից հետո։ Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես 19 հայ կալանավորված կա։












