Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրության ընդունման հարցում չհաջողվի համաձայնության հասնել ընդդիմության հետ։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը։
«Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի Սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չի քննարկվում, քանի որ դա երկրի ներքաղաքական օրակարգն է։
Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայանագիր չի ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։
«Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունն Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է»,- հայտարարել է վարչապետը։
Վարչապետի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն ընդունել է, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին կյանքին։
Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Բաքուն բացատրել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում հայկական կողմին տեղեկացնում է Սահմանադրության վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշման մասին։
«Նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, և որևէ մեկը Հայաստանի ներքին կյանքին և երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումների միջև տարբերությունը կարող է ոչ էական թվալ, սակայն իրականում սկզբունքային է, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը երկրի ներքին հարցն է։
Վարչապետը միաժամանակ նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է եղել ինչպես իշխող ուժի նախընտրական ծրագրում, այնպես էլ կառավարության ծրագրում։
«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես Սահմանադրության վերաբերյալ հարց է բարձրացնում, չպետք է պատճառ դառնա, որ Հայաստանը հրաժարվի իր սահմանադրական օրակարգից։
«Մենք պետք է գնանք այդ ճանապարհով և պետք է նոր Սահմանադրություն ունենանք։ Դրա մասին բազմիցս խոսել ենք»,- հայտարարել է վարչապետը։












