Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, բայց վստահաբար շփումներ կլինեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Թուրքմենստանում վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր և վաղը նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հընթացս պարզվի, որ անհրաժեշտություն կա, գուցե դա էլ հնարավոր կլինի։ Բայց շփումներ լինելու են, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվում խոսում ենք, երբ արձանագրել ենք փոխադարձ, կամ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերրի 8-ին, կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու են գագաթնաժողովին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Վաշինգտոնի պայմանավորվածությունների բաղադրիչներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետագա քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության նախագծերի նշանակությունը։
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 1-ին՝ կրկին Բիշքեկում։
Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացն ու ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։











