Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են սահմանազատումն ու TRIPP-ի իրականացումը

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են սահմանազատումն ու TRIPP-ի իրականացումը

Բիշքեկում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Վաշինգտոնի պայմանավորվածությունների բաղադրիչներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետագա քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության նախագծերի նշանակությունը։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են 2026-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Ըստ աղբյուրի՝ ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում