Գլխավոր Լրահոս

Մյանմարից մինչև Արցախ. ի՞նչ է փոխում Միջազգային դատարանի պատմական վճիռը

Մյանմարից մինչև Արցախ. ի՞նչ է փոխում Միջազգային դատարանի պատմական վճիռը

Գուրգեն Պետրոսյան

2026 թվականի նոյեմբերի 19-ին Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանն իր վճռով հաստատեց, որ Մյանմարը 2017 թվականին ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել՝ խախտելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին 1948 թվականի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։

Ի՞նչ նշանակություն ունի Մյանմարի վճիռը Արցախի և Հայաստան–Ադրբեջան դատական գործերի համար

Թեև Մյանմարի գործը վերաբերում էր ցեղասպանությանը, սակայն դատարանի դիտարկումները կարող են օգտակար լինել ընդդեմ Ադրբեջանի ընթացող ռասայական խտրականության գործում։

Ցեղասպանությունն ապացուցելու համար հարկավոր է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը ամբողջությամբ կամ մասամբ ֆիզիկապես կամ կենսաբանորեն ոչնչացնելու հատուկ մտադրություն։

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր են ներկայացրել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) հիման վրա։ Այստեղ ցեղասպանության հատուկ մտադրություն ապացուցելու անհրաժեշտություն չկա, որով ապացուցողական շեմը զգալիորեն նվազում է։ Կարևոր է պարզել՝ արդյոք պետական գործողությունները, իրենց նպատակով կամ հետևանքով, էթնիկ ծագման հիմքով խաթարել են մարդկանց իրավունքները։

Խտրականություն և բռնի տեղահանություն

Մյանմարի գործով դատարանը 2017 թվականի բռնությունները գնահատեց երկարատև խտրականության, ատելության խոսքի և պետական քաղաքականության համատեքստում։ Նման մոտեցումը կարևոր է նաև Արցախի համար։ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը պետք է գնահատվի 2020 թվականի պատերազմի, Լաչինի միջանցքի շրջափակման, անվտանգության ճգնաժամի և հակահայկական հայտարարությունների համադրությամբ։ Այս համատեքստում Հայաստանի կողմից Միջազգային դատարան ներկայացված ապացույցները, չնայած իրադարձությունների մասշտաբների և իրավական հանգամանքների տարբերություններին, էական նմանություններ ունեն Մյանմարի գործով ուսումնասիրված ապացույցների հետ։ Հետևաբար, Մյանմարի վճռով ձևավորված մոտեցումը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ապացույցների համակողմանի գնահատումը կարող է հանգեցնել նաև Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ համակարգային ռասայական խտրականության առկայության հաստատմանը։

Ատելության խոսքը՝ որպես խտրականության ապացույց

Մյանմարի վճիռը ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաների ատելության խոսքը կարող է կարևոր ապացույց լինել պետության խտրական քաղաքականությունն ու գործողությունների իրական նպատակները բացահայտելու համար։ Ադրբեջանի դեպքում ևս առկա են պետական մակարդակով տարածված հակահայկական ատելության խոսքի բազմաթիվ փաստագրված օրինակներ։ Դրանց իրավական նշանակությունն արդեն ճանաչել է Միջազգային դատարանը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին պարտավորեցնելով Ադրբեջանին կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումն ու խտրականության խրախուսումը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների և հաստատությունների կողմից։ Հետևաբար, հակահայկական քարոզչության համակարգային բնույթը և դրա կապը Ադրբեջանի պետական գործողությունների հետ կարող են լրացուցիչ հիմնավորել հայերի նկատմամբ ռասայական խտրականության առկայությունը։

Քաղաքացիություն և վերադարձի իրավունք

Մյանմարի վճռով Միջազգային դատարանը կարևոր տարբերակում կատարեց քաղաքացիության և վերադարձի իրավունքների միջև։ Դատարանը չպարտավորեցրեց Մյանմարին բոլոր ռոհինջաներին ինքնաբերաբար քաղաքացիություն տրամադրել, սակայն պահանջեց ապահովել տեղահանվածների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը՝ այն չպայմանավորելով քաղաքացիության նախնական ձեռքբերմամբ։ Այս տարբերակումը հատկապես կարևոր է Արցախի համար։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանն արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը՝ առանց քաղաքացիություն ընդունելու պայման սահմանելու։ Հատկանշական է նաև Գերմանիայի վարչական դատարանների վերջին պրակտիկան։ Քասելի (2024), Կարլսրուեի (2025) և Ֆրանկֆուրտի (2026) դատարանները առանձին գործերով անդրադարձել են արցախահայերի քաղաքացիության կարգավիճակին՝ արձանագրելով, որ հայկական անձնագիր ունենալը դեռ ինքնաբերաբար չի ապացուցում Հայաստանի քաղաքացիությունը։ Դատարանները նաև գնահատել են Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ հետապնդման և համակարգային խտրականության վտանգը։

Սեփականության իրավունք և փոխհատուցում

Մյանմարի վճռով դատարանը պարտավորեցրեց վերականգնել ռոհինջաների խախտված գույքային իրավունքները՝ նախատեսելով գույքի վերադարձ և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում։ Արցախում այսօր նկատվում է մտահոգիչ նմանատիպ պատկեր։ Ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունից հետո փաստագրվել են հայկական բնակելի տների, ամբողջական բնակավայրերի, եկեղեցիների և գերեզմանատների ավերման դեպքեր։ Ստեփանակերտում և այլ բնակավայրերում իրականացվող քանդումներն ու ադրբեջանական վերաբնակեցման ծրագրերը փոխում են տարածքի նախկին բնակեցման պատկերը և լուրջ խոչընդոտներ ստեղծում արցախահայերի վերադարձի ու սեփականության իրավունքների իրացման համար։ Մյանմարի գործի նման, այստեղ նույնպես բնակավայրերի ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկուսացված երևույթ, այլ զանգվածային տեղահանության, վերադարձի խոչընդոտների և հնարավոր էթնիկ խտրականության ընդհանուր համատեքստում։ Այս հանգամանքների միջև կապի ապացուցումը կարող է էական նշանակություն ունենալ Ադրբեջանի միջազգային պատասխանատվության հաստատման և տեղահանված հայերի գույքային իրավունքների վերականգնման ու փոխհատուցման պահանջների համար։

Ադրբեջանը Հայաստանի դեմ

Մյանմարի վճռի իրավական մոտեցումները կարող են նշանակություն ունենալ նաև Ադրբեջանի պահանջների համար։ Միջազգային դատարանը սահմանափակել է Ադրբեջանի որոշ պահանջների ժամանակային շրջանակը՝ բացառելով մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը տեղի ունեցած իրադարձությունների համար Հայաստանի պատասխանատվության հաստատումը CERD-ի հիման վրա։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է ադրբեջանցի տեղահանվածների իրավունքների շարունակական խախտումներ։ Սակայն այդ վճիռն ինքնաբերաբար չի ապացուցում ռասայական խտրականություն։ Դրա համար անհրաժեշտ է հաստատել խախտումների կապը էթնիկ ծագման հետ։

Կարո՞ղ է Մյանմարի վճիռը օգնել Հայաստանին

Մյանմարի վճիռը, թեև ուղղակիորեն չի կանխորոշում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործերի արդյունքները, այնուամենայնիվ կարևոր իրավական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ցեղասպանության հաստատման առանցքային տարրերից է որոշակի ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի՝ որպես այդպիսին դիտավորյալ թիրախավորումը։ Հետևաբար, Մյանմարի գործով դատարանի կողմից նման թիրախավորման հաստատումը կարևոր է նաև հասկանալու համար, թե ինչպես կարող են նույն գործողությունները վկայել էթնիկ հիմքով խտրական վերաբերմունքի մասին։ Այս տեսանկյունից Հայաստանի ներկայացրած ապացույցները՝ հակահայկական ատելության քարոզչությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը, արցախահայերի զանգվածային տեղահանությունը և վերադարձի խոչընդոտները, կարող են հիմք տալ Ադրբեջանի գործողությունները գնահատելու որպես հայերին՝ իրենց էթնիկ պատկանելության պատճառով թիրախավորող քաղաքականության դրսևորումներ։ Մյանմարի վճիռն այսպիսով ոչ միայն ամրապնդում է Հայաստանի իրավական փաստարկները, այլև թույլ է տալիս առավել հիմնավոր ակնկալել Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության խախտումների հաստատում։

Ի՞նչ տեղի ունեցավ Մյանմարում և ի՞նչ որոշեց դատարանը

Ռոհինջաները Մյանմարի Ռախայն նահանգում բնակվող հիմնականում մահմեդական էթնիկ փոքրամասնություն են, որոնք տասնամյակներ շարունակ ենթարկվել են համակարգային խտրականության, այդ թվում՝ քաղաքացիության, տեղաշարժի և հիմնարար իրավունքների սահմանափակումների։ 2017 թվականին Մյանմարի բանակի իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում զանգվածաբար սպանվեցին խաղաղ բնակիչներ, արձանագրվեցին սեռական բռնություններ, ավերվեցին հարյուրավոր բնակավայրեր, իսկ ավելի քան 700 հազար ռոհինջա տեղահանվեց Բանգլադեշ։

Դատարանը ցեղասպանության հատուկ մտադրությունը հաստատելիս գնահատեց ոչ միայն զանգվածային բռնությունները, այլև դրանց նախորդած խտրականությունը, պետական ատելության խոսքը, բնակավայրերի ավերումը և գործողությունների համակարգված բնույթը։ Դատարանը նաև պարտավորեցրեց Մյանմարին ապահովել ռոհինջաների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, վերականգնել նրանց գույքային իրավունքները, անհրաժեշտության դեպքում տրամադրել փոխհատուցում և միջոցներ ձեռնարկել հետագա խախտումները կանխելու համար։ Միաժամանակ, դատարանը վերադարձի ապահովումը չպայմանավորեց քաղաքացիության նախնական տրամադրմամբ։

Գուրգեն Պետրոսյանը միջազգային իրավունքի մասնագետ է, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում