Գլխավոր Լրահոս

Կենսաչափական անձնագրեր. ֆինանսական և իրավական փակուղի՞ բռնի տեղահանվածների համար

Կենսաչափական անձնագրեր. ֆինանսական և իրավական փակուղի՞ բռնի տեղահանվածների համար

Մարիամ Աբրահամյան

2026-ի նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի և նույնականացման քարտերի (ID) նոր համակարգի ներդրումը։ Կառավարությունն այս բարեփոխումը հիմնավորում է անվտանգության միջազգային չափանիշների ներդրմամբ, թվային կառավարման արդիականացմամբ և վիզաների ազատականացման գործընթացով։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացի այս փուլը սոցիալական ու ֆինանսական լուրջ խոչընդոտ է դարձել հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար՝ ստեղծելով իրավական և տնտեսական փակուղի։

Մասնակցե՛ք յութուբյան հարցմանն ԱՅՍՏԵՂ։

Ի՞նչ է կենսաչափական համակարգը և որքա՞ն է դրա իրական արժեքը ընտանիքի համար

Կենսաչափական անձնագիրը պաշտպանվածության բարձր աստիճան ունեցող փաստաթուղթ է, որի մեջ ներկառուցված է էլեկտրոնային չիպ՝ քաղաքացու կենսաչափական տվյալներով (մատնահետքեր, թվային լուսանկար, էլեկտրոնային ստորագրություն)։ Համակարգի արդիականացումը նպատակ ունի նվազեցնել փաստաթղթերի կեղծման ռիսկերը և դյուրացնել միջազգային շարժունակությունը։Նոր համակարգի ներդրմանը զուգահեռ սոցիալական ցանցերում շրջանառվում են տարատեսակ ու հաճախ շփոթեցնող կարծիքներ, ինչը պայմանավորված է նաև կառավարության կողմից հանրությանը պատշաճ և հստակ իրազեկելու բացով։ Իրականությունն այն է, որ գործող անձնագրերը կենսաչափականով փոխարինելու անհրաժեշտություն չկա. դրանք շարունակելու են բնականոն կերպով գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, այդ թվում՝ արտերկիր մեկնելու համար։ Ավելին՝ բռնի տեղահանվածների համար 070 ծածկագրով անձնագրերը բացառության կարգով շարունակվում են տրամադրվել։ Սակայն իրազեկվածության այս պակասի հետևանքով քաղաքացիները հաճախ չեն տարբերակում, թե որ դեպքում է նոր փաստաթուղթն իրապես պարտադիր, և որ դեպքում՝ ոչ։

Նոր փաստաթղթերի սակագները ծանր բեռ են դառնում սոցիալապես խոցելի ընտանիքների համար.

  • Կենսաչափական անձնագրի արժեքը սահմանվել է 28,650 ՀՀ դրամ։

  • Նույնականացման քարտի (ID) արժեքը կազմում է 5,950 ՀՀ դրամ։

Այսպիսով, մեկ չափահաս քաղաքացու համար երկու փաստաթղթերի միաժամանակյա ձևակերպումը պահանջում է 34,600 դրամ։ Համեմատության համար՝ այս գումարը կազմում է Հայաստանում գործող նվազագույն ամսական աշխատավարձի (75,000 դրամ) գրեթե կեսը։ Իսկ 3 չափահաս անդամ ունեցող ընտանիքի դեպքում միայն փաստաթղթավորման բազային ծախսը հասնում է 103,800 ՀՀ դրամի։

Ի՞նչ է ցույց տվել 334 տեղահանվածների շրջանում անցկացված հարցումը

Խնդրի իրական մասշտաբները և տեղահանվածների վճարունակությունը գնահատելու նպատակով մեր իրականացրած առցանց հարցմանը մասնակցել է 334 տեղահանված անձ։ Արդյունքները բացահայտում են պետական պահանջների և ընտանիքների իրական ֆինանսական հնարավորությունների միջև առկա խզումը.

Հարցման հիմնական ցուցանիշներ

Արդյունք (%)

5 և ավելի հոգանոց ընտանիքներ

53․3%

Ընտանիքներ, որտեղ ոչ ոք չունի կայուն եկամուտ

25.4%

Ընտանիքներ, որտեղ միայն 1 հոգի ունի կայուն եկամուտ

59.0%

Փաստաթղթերի ձևակերպումն այս պահին համարում են «անհնարին»

62.9%

Կարծում են, որ տեղահանվածների համար ID քարտն ու անձնագիրը պետք է լինեն անվճար

79.3%

Հարցման տվյալներից պարզ է դառնում, որ մասնակիցների 84.4%-ի ընտանիքներում կա՛մ ընդհանրապես չկա կայուն եկամուտ (25.4%), կա՛մ ամբողջ ընտանիքի ֆինանսական բեռը դրված է միայն մեկ աշխատողի վրա (59%):

Նման պայմաններում հարցվածների 62.9%-ը փաստաթղթերի ձևակերպումն այս պահին գնահատել է որպես ֆինանսապես անհնարին քայլ, իսկ 79.3%-ը պնդում է, որ տեղահանվածների համար գործընթացը պետք է իրականացվի անվճար։

Տեսականորեն կենսաչափական անձնագիրը պարտադիր չէ, եթե քաղաքացին չի պլանավորում մեկնել արտերկիր։ Սակայն բռնի տեղահանվածների պարագայում այս փաստաթղթերի անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի կենսական գործոններով.

  1. Բնակարանային ծրագրի նախապայմանն ու 070 ծածկագրի անորոշությունը. կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Մինչ օրս պետական մակարդակով չի ներկայացվել հստակ և իրավական առումով սպառիչ հիմնավորում, թե ինչու տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության կողմից տրված 070 ծածկագրով անձնագրերը չեն դիտարկվում որպես ՀՀ քաղաքացիության լիարժեք հավաստում։ Մարդիկ տարիներ շարունակ օգտվել են ՀՀ անձնագրից, սակայն ճգնաժամային պահին պարզվում է, որ իրենց կարգավիճակը լիարժեք չէ, իսկ դրա շտկման ֆինանսական բեռը դրվում է հենց տուժած քաղաքացու ուսերին։

  2. Քաղաքացիության գործընթացի դանդաղում. ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված տվյալների՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 53,039 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32,690 անձի, ևս 14,344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման շրջանակում։ Թեև դիմումների ընդունման գործընթացն այժմ թվայնացված է, հազարավոր ընտանիքների համար նոր փաստաթղթերի ձևակերպումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Փաստաթղթավորման բարձր արժեքը լրացուցիչ արգելակ է դառնում թե՛ քաղաքացիության դիմումների, թե՛ բնակարանային ծրագրի առաջընթացի համար։

  3. Աշխատանքային միգրացիայի անհրաժեշտություն. մշտական կացարանի բացակայությունը, վարձավճարների բարձր գները և Հայաստանի աշխատաշուկայում լիարժեք չինտեգրվելու խնդիրները տեղահանվածներից ոմանց ստիպում են արտերկրում ապրուստի միջոց փնտրել։ Երկրից դուրս գալու համար էլ կենսաչափական անձնագիրն այլևս ընտրության հարց չէ։Միջազգային իրավական պրակտիկայում բռնի տեղահանվածների փաստաթղթավորումը դիտարկվում է որպես պետության առաջնային պարտավորություն, որը չպետք է կախված լինի անձի վճարունակությունից։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի «Ներքին տեղահանված անձանց վերաբերյալ ուղեցույց սկզբունքների» 20-րդ սկզբունքը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) Գործադիր կոմիտեի թիվ 91 եզրակացությունը հստակ ամրագրում են, որ տեղահանված անձանց անձը հաստատող փաստաթղթերը պետք է տրամադրվեն մատչելի կամ անվճար հիմունքներով՝ առանց անհիմն վարչական ու ֆինանսական խոչընդոտների։ Միջազգային այս մոտեցման հիմքում պարզ տրամաբանություն է. փաստաթղթի բացակայությունը կամ դրա ձեռքբերման անհնարինությունը չպետք է զրկի մարդուն հիմնարար սոցիալական և գույքային իրավունքներից։Հայաստանում, սակայն, հանրային և քաղաքական քննարկումներում հաճախ հնչում է մեկ այլ փաստարկ. պաշտոնական շրջանակները նշում են, որ տեղահանվածներին արտոնություններ տրամադրելը կարող է բողոքի ալիք առաջացնել Հայաստանի տեղացի սոցիալապես անապահով բնակիչների շրջանում, որոնց համար ևս 34,600 ՀՀ դրամը ծանր բեռ է։

Այս թեզը խեղաթյուրում է խնդրի բուն էությունը։ Նախ՝ պետք է հստակ տարանջատել «բռնի տեղահանված» կարգավիճակը. ի տարբերություն սոցիալական այլ խմբերի՝ տեղահանվածներն իրենց կամքով չեն հայտնվել այս վիճակում, նրանք մի գիշերում կորցրել են տունը, գույքը, աշխատանքն ու խնայողությունները՝ հայտնվելով զրոյական մեկնարկային կետում։ Երկրորդ՝ հասարակության երկու խոցելի խմբերին իրար հակադրելը ոչ միայն արդար չէ, այլև ոչ արդյունավետ։ Սոցիալական պետության տրամաբանությունը պահանջում է ոչ թե «հարմարվել ընդհանուր դժվարություններին», այլ միասնաբար պայքարել մարդակենտրոն լուծումների համար, որտեղ մի խմբի իրավունքների պաշտպանությունը երաշխիք է դառնում մյուսի համար։

Լուծումներ և հնարավոր ելքեր

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և փաստաթղթավորման գործընթացը մատչելի դարձնելու համար պետությունը կարող է կիրառել մի քանի ճկուն մեխանիզմ.

  • Առաջին անգամ փաստաթղթավորման 100% զեղչ։ Բռնի տեղահանված քաղաքացիներին ազատել կենսաչափական անձնագրի և ID քարտի պետական տուրքից՝ առաջին անգամ դրանք ստանալիս։

  • Սոցիալական գնահատման վրա հիմնված աջակցություն։ Ներդնել փոխհատուցման մեխանիզմ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների համար, անկախ նրանից՝ նրանք տեղահանվա՞ծ են, թե՞ տեղացի։ Սա կվերացնի հասարակական լարվածության և անարդարության զգացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում