«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հաղթել է 1in.am լրատվական կայքի դեմ հեղինակային իրավունքի պաշտպանության դատական գործում՝ գործակալության լուսանկարներն առանց բաժանորդագրության օգտագործելու համար։ Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացից հետո «Ֆոտոլուրը» նախօրեին ստացել է փոխհատուցման գումարը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ «Ֆոտոլուրը» հաղթել է առաջին ատյանի դատարանում, սակայն 1in.am կայքը տնօրինող «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն բողոքարկել է վճիռը։ Վերաքննիչ դատարանը ևս որոշում է կայացրել հօգուտ գործակալության, որից հետո պատասխանողը դիմել է Վճռաբեկ դատարան։
Բաղդասարյանը պատմեց, որ մինչև դատարան դիմելը խնդիրը բազմիցս փորձել է լուծել առանց դատական գործընթացի։ Սկզբում հեռախոսով կապվել է լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, ապա դիմել գրավոր՝ առաջարկելով դադարեցնել լուսանկարների օգտագործումը կամ համագործակցության պայմանագիր կնքել։
Նրա խոսքով՝ լուսանկարների օգտագործումը որոշ ժամանակ դադարեցվել է, սակայն մեկ-երկու օր անց վերսկսվել։ Արդյունք չի տվել նաև փաստաբանների միջոցով ուղարկված նախազգուշացումը, ինչից հետո գործակալությունը դիմել է դատարան։
Բաղդասարյանը նշեց, որ խնդիրը միայն լուսանկարների վրայից «Ֆոտոլուրի» տարբերանշանը հեռացնելը կամ աղբյուրը չնշելը չէ, այլ լուսանկարներն առանց համապատասխան բաժանորդագրության կամ թույլտվության օգտագործելը։
«Այստեղ ամենամեծ խնդիրը հեղինակային իրավունքի խախտումն է։ Կա՛մ վճարիր, կա՛մ մի օգտագործի»,- ասաց նա։
«Ֆոտոլուրի» տնօրենի խոսքով՝ այլ լրատվամիջոցներ ևս առանց բաժանորդագրության օգտագործում են գործակալության լուսանկարները։ Նա չասաց դրանց անունները, սակայն հայտնեց, որ գործակալությունը պատրաստվում է հեղինակային իրավունքի պաշտպանության համար դատական հայցեր ներկայացնել նաև նրանց դեմ։
Հայաստանում լրատվամիջոցների հեղինակային իրավունքների պաշտպանության դատական գործեր նախկինում ևս եղել են։ 2014-ին դատարանը մասնակի բավարարել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցը՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ։ Գործը վերաբերում էր «Հետքի» ութ նյութերի՝ «Վերջին բլոգ» կայքում հեղինակային իրավունքի պահանջների խախտմամբ վերարտադրմանը։ Դատարանը պատասխանողից հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել էր 100,000 դրամ փոխհատուցում։












