Գլխավոր Լրահոս

Հանրայինը պետք է «զերծ մնար եթերում բռնության օրինականացումից». ՀՌՀ-ն արձագանքել է «Մեծ բանավեճ»-ին

Հասանելի է

english
Հանրայինը պետք է «զերծ մնար եթերում բռնության օրինականացումից». ՀՌՀ-ն արձագանքել է «Մեծ բանավեճ»-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերն առանց խմբագրման հեռարձակելու կապակցությամբ։ Հանձնաժողովում ընդգծում են, որ բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ դիտելիություն ապահովելու ձգտմամբ։

ՀՌՀ-ն համարվում է անկախ պետական կարգավորող մարմին, որի հիմնական առաքելությունն է ապահովել հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը և վերահսկել հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների գործունեության օրինականությունը։

Նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 16-րդ համար, լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ, նախկինում «Հանրապետություն» կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի միջև վիճաբանությունը վերածվել էր ֆիզիկական բախման։ Թեև հաղորդումը նախապես նկարահանված էր, Հանրայինը հեռարձակել է փոխադարձ վիրավորանքների և ծեծկռտուքի կադրերը։

«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ»,- ասվում է ՀՌՀ-ի հայտարարությունում։

Հանձնաժողովն ընդգծում է, որ հանրային գործառույթ ունեցող և հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը պարտավոր է պահպանել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ եթերում բռնության օրինականացումից։

«Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է»,- նշում է հանձնաժողովը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ հաղորդումը որևէ հանրային արժեք չէր ներկայացնում, և դրա հեռարձակումն արդարացված չէր։

Մելիքյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը հասարակությունում առկա քաղաքական բևեռացվածության հերթական դրսևորումն էր։ Նրա խոսքով՝ նման բախումներ նախկինում էլ եղել են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ առօրյա կյանքում, և եթե քայլեր չձեռնարկվեն իրավիճակը մեղմելու ուղղությամբ, բևեռացվածությունը կարող է ավելի բացասական հետևանքներ ունենալ։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ հաղորդումը չէր ստացվել նաև կազմակերպչական առումով։ Մասնավորապես, ըստ Մելիքյանի, Հանրայինը չէր ապահովել բանավեճի նախատեսված ձևաչափը և հակադիր դիրքորոշումներ ներկայացնող մասնակիցների ներկայությունը։

Մելիքյանը չի բացառում, որ Հանրայինը, հեռարձակելով միջադեպը, փորձել է ցույց տալ հասարակության բևեռացվածությունը և քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող անձանց՝ քաղաքակիրթ բանավեճ վարելու անկարողությունը։ Սակայն, նրա կարծիքով, այդ հանգամանքը չի արդարացնում ծեծկռտուքի ցուցադրությունը։

«Էթիկայի առումով, կարծում եմ, որ սա լսարանի որոշ հատվածի կողմից կարող է ընկալվել որպես բռնության քարոզ»,- նշեց մեդիափորձագետը։

Մելիքյանի խոսքով՝ Հանրայինն ուներ բոլոր հնարավորությունները հաղորդումը չհեռարձակելու, քանի որ այն նախապես նկարահանված էր։

«Մեծ բանավեճ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը չցանակացավ մեկնաբանել միջադեպը․ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Դա հայոց հարց չի, որ մի հատ էլ մեկնաբանվի։ Կրքերը բան են եղել, խփել են իրար, ու ի՞նչ»,- ասաց Ղազարյանը։

Ինչ է տեղի ունեցել Հանրայինի տաղավարում

Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նոյեմբերի 13-ի նկարահանման ընթացքում Բորիս Մուրազիի և նախկինում «Հանրապետություն» կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի միջև վիճաբանությունը վերածվեց ծեծկռտուքի։

«Համախմբված ընդդիմության օրակարգը» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև Ազատ Արշակյանն ու Վահրամ Աթանեսյանը։

Վիճաբանությունը սկսվեց այն բանից հետո, երբ Մկրտչյանը Մուրազիին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի հետ նրա ենթադրյալ անձնական հարաբերությունների վերաբերյալ՝ հղում անելով մամուլում հրապարակված տեղեկություններին։

Մուրազին, որը հաճախ է Սերժ Սարգսյանին հրապարակային քննադատում, հարցադրումը համարեց վիրավորական և անընդունելի։ Դրանից հետո կողմերը փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին՝ հասնելով ընտանիքի անդամներին։ Լարվածությունը վերածվեց ֆիզիկական բախման։

Նոյեմբերի 14-ին Բորիս Մուրազին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր տեղի ունեցածին՝ պնդելով, որ Հարություն Մկրտչյանը բազմիցս անցել է թույլատրելի սահմանները, ինչի համար ինքը նրան զգուշացրել է։

«Երբ վերջնական այդպես սահմանն անցավ, ստիպված եղա կարճ ժամանակով զբաղվել այդ մարդու դաստիարակությամբ։ Որոշակի գործողություններ արեցի, այն, ինչ որ իր հայրը պիտի աներ, ստիպված եղա ես անել»,- հայտարարել էր Մուրազին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում