Գլխավոր Լրահոս

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրառումը միջազգային պահանջ չէ․ «Արցախ» միություն

Լուսանկարը՝ նոր կենսաչափական փաստաթղթերի գործարկմանը նվիրված միջոցառումից։

Լուսանկարը՝ նոր կենսաչափական փաստաթղթերի գործարկմանը նվիրված միջոցառումից։

Արցախից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելը միջազգային ստանդարտների պահանջ չէ, այլ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգավորում, հայտարարում է «Արցախ» միությունը։ Կազմակերպությունը կոչ է անում կառավարությանը և Ազգային ժողովին փոփոխել օրենքը՝ հնարավորություն տալով անձնագրերում որպես ծննդավայր նշել բնակավայրը։

Նոյեմբերի 20-ին տարածած հայտարարությամբ միությունն արձագանքել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանմանը։

Ինչպե՞ս է ՆԳՆ-ն հիմնավորում «Ադրբեջան» գրառումը

Նոյեմբերի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտներով։

Ըստ ծառայության՝ անձը հաստատող փաստաթղթերի թողարկումը կարգավորվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտով, իսկ ծննդավայրի նշման դաշտը՝ ISO 3166 ստանդարտով։

Ծառայությունից պարզաբանել էին, որ միջազգային կարգավորումներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նախկին՝ կապույտ անձնագրերում ծննդավայրի նշումների վերաբերյալ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմիններից բազմաթիվ ահազանգեր են ստացել։ Այդ խնդիրները նախկինում փորձել են կարգավորել գործընկերային ճանապարհով։

Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ըստ ծառայության, սահմանվել է միասնական մոտեցում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու և սահմանային անցակետերում խնդիրներից խուսափելու համար։

Ի՞նչ է հակադարձում «Արցախ» միությունը

«Արցախ» միությունը, սակայն, պնդում է, որ միջազգային ստանդարտները չեն պարտադրում անձնագրում նշել ծննդյան պետությունը։

Կազմակերպության պարզաբանմամբ՝ ICAO 9303 ստանդարտը թույլ է տալիս որպես ծննդավայր նշել քաղաքը, ավանը, արվարձանը կամ պետությունը։ Իսկ ISO 3166-ը սահմանում է պետությունների և տարածքների անվանումների կոդավորման կանոնները, ոչ թե անձնագրում պետության պարտադիր նշման պահանջ։

Միությունը խնդրի պատճառ է համարում 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը։

Ըստ հայտարարության՝ նախկին օրենքը թույլ էր տալիս ծննդավայրի դաշտում նշել պետությունը կամ անձի ցանկությամբ՝ բնակավայրը։ Նոր օրենքով, սակայն, նախատեսված է միայն պետության նշումը։

«Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի»,- նշված է հայտարարությունում։

Միությունը նաև նշում է, որ մինչև 1991 թվականը ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միությունում, իսկ անկախության տարիներին ծնվածների ծննդյան վկայականներում նշվել է Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Կազմակերպությունը պահանջում է փոփոխել օրենքը և վերականգնել ծննդավայրի դաշտում բնակավայրը նշելու հնարավորությունը։

Միությունն առաջարկում է նաև մինչև օրենքի փոփոխությունը կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց, որոնք դեմ են այդ նշմանը։

Բացի այդ, կազմակերպությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պահանջում է հրապարակել միջազգային ստանդարտների այն կոնկրետ դրույթները, որոնք արգելում են բնակավայրի նշումը, ինչպես նաև ներկայացնել նախկին անձնագրերի պատճառով սահմանային անցակետերում առաջացած խնդիրների վերաբերյալ տվյալները։

«Արցախ» միությունը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում