Նոյեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան ուղերձով կդիմի քաղաքացիներին։ Այս մասին վարչապետը հայտարարեց նոյեմբերի 20-ին՝ Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում։
Փաշինյանը կրկին դիմեց ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ապահովել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա վերահաստատեց իր խոստումը՝ հանրաքվեի արդյունքներից կախված հրաժարական տալ կամ այլևս չառաջադրվել վարչապետի պաշտոնում։
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովի անհրաժեշտ վեց ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես․ եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու», – հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ երկրորդ տարբերակը վերաբերում է ինչպես հերթական, այնպես էլ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ոնց որ թե ընդդիմությունը չի ընդունում, բայց այս առաջարկը բաց եմ պահում», – ասաց նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ստացել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայները։ Այդ պատճառով իշխանությանը հարկավոր է ընդդիմադիր պատգամավորներից առնվազն վեց ձայն։
Ընդդիմությունն արդեն մերժել է Փաշինյանի առաջարկը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում աջակցել հանրաքվեի նախաձեռնությանը՝ անգամ վարչապետի հրաժարականի խոստման դիմաց։
«Ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին, ժողովուրդն իր պատասխանը տվել է։ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը 80 տոկոսով իր ձայներն ավելացրել է», – ասել է Աբրահամյանը «Ազատությանը»։
Անդրադառնալով ընդդիմության անվստահությանը՝ Փաշինյանը հիշեցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը չշարունակելու խոստումը և 2018 թվականի իրադարձությունները։
«Ասում են՝ չեն վստահում, ասում են՝ Սերժ Սարգսյանն ասաց, չարեց... Բա դրա համար հեղափոխություն տեղի ունեցավ։ Եթե ես պիտի ասեմ ու չանեմ, բա դրանից ավելի լա՞վ նվեր ձեզ։ Բա հեղափոխական վիճակը բերում եմ ձեզ իմ ձեռքով մատուցում, դուք ասում եք՝ չէ, չէ, չէ՞», – ասաց վարչապետը։
Փաշինյանն արձագանքեց նաև Հայաստանում բռնապետություն հաստատելու վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին՝ հարցնելով, թե որ բռնապետական իշխանությունը կառաջարկեր ընդդիմությանը ընտրություններից մի քանի ամիս անց հանրաքվե անցկացնել՝ սեփական ղեկավարի հրաժարականի հեռանկարով։
Նոր Սահմանադրությունը՝ «խաղաղության պետության» համատեքստում
Ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև գործող Սահմանադրությանը և 1990 թվականի Անկախության հռչակագրին։ Նրա գնահատմամբ՝ այդ փաստաթղթերն առնչվում են հակամարտության տրամաբանությանը, մինչդեռ Հայաստանը պետք է դիրքավորվի որպես խաղաղության պետություն։
«Գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը, դրանք կոնֆլիկտի, հակամարտության մասին են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը շատ կարևոր է դիրքավորել ոչ թե որպես կոնֆլիկտի պետություն, այլ որպես խաղաղության պետություն», – հայտարարեց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաև Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում ամրագրված «Միացյալ Հայաստանի» գաղափարին և պատմական տարածքների վերադարձի նպատակին։ Նրա համոզմամբ՝ նման մոտեցումները նպաստում են տարածաշրջանում փոխադարձ տարածքային հավակնությունների պահպանմանը։
«Երբ որ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում։ Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա են երազում», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի նոր առաջարկի պայմաններում սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակում է կախված մնալ ընդդիմության դիրքորոշումից։ Առայժմ ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում տրամադրել անհրաժեշտ ձայները, իսկ իշխանությունը պնդում է, որ նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է Հայաստանի՝ որպես խաղաղության պետության դիրքավորման համար։












