«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընտրվելու դեպքում բալանսավորված արտաքին քաղաքականություն է խոստանում։ Այս մասին Կարապետյանը լրագրողներին ասել է հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից առաջ։
«Մեր ընտրվելու դեպքում միանշանակ բալանս լինելու է։ Մենք պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք՝ և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ։ Սրանք այն պետություններն են, որոնք պետք է օգնեն Հայաստանին զարգանալ։ Մենք չենք կարող ասել, որ մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք միայն Ռուսաստանի, կամ միայն ԱՄՆ-ի հետ»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե գումարի դիմաց Ռուսաստանից 100,000 ՀՀ քաղաքացի է ժամանում Հայաստան՝ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու համար, Կարապետյանը վստահեցրել է, որ ինքը կապ չունի ՌԴ-ից քվեարկության համար Հայաստան եկող հայերի հետ։
«Կալանքի տակ լինելով ինչ կապ կարող եմ ունենալ»,- ասել է Կարապետյանը։
2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։












