Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը դատապարտել է Հարավային Օսիայում, իր գնահատմամբ, «անեքսիայի նոր փուլը»՝ վարչապետի պաշտոնում նախկին ռուսաստանցի պաշտոնյա, ազգությամբ օս Մարատ Կամբոլովի առաջադրումից հետո։ Կամբոլովի թեկնածությունն առաջադրվել է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև «դաշինքի և համագործակցության խորացման» մասին համաձայնագրի ստորագրումից հետո։
Հունիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ համաձայնագիրն արդեն գործնականում կյանքի է կոչվում՝ որպես դրա ապացույց մատնանշելով Հարավային Օսիայում իրականացվող «Ռուսաստանի կողմից թելադրված կադրային քաղաքականությունը»։
Տե՛ս նաև՝ Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել. նրան կարող է փոխարինել Ռուսաստանից եկած պաշտոնյան
Մեղադրելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը «լիակատար անգործության» մեջ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը նշել է, որ «Ռուսաստանն արդեն սեփական պաշտոնյային է նշանակում բարձր պաշտոնի», ինչը, ըստ կուսակցության, նշանակում է «Մոսկվայի ուղղակի կառավարման հաստատում Վրաստանի օկուպացված տարածքում»։
««Վրացական երազանքը», որը տարիներ շարունակ նպատակաուղղված կերպով քայքայել է Վրաստանի ռազմավարական գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը և երկիրը հասցրել միջազգային մեկուսացման, պետության շահերը պաշտպանելու փոխարեն լռությամբ աջակցում է օկուպանտ պետությանը՝ մեր տարածքների անեքսիայի գործընթացում», - ասվում է հայտարարության մեջ։
Արդեն իսկ Ռուսաստանի և Հարավային Օսիայի վավերացրած համաձայնագիրը նախատեսում է համագործակցության լայն շրջանակի ընդլայնում՝ «տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության և սահմանային քաղաքականության համակարգման» նպատակով։
Փաստաթղթում ընդգծվում է նաև «իրավական նորմերի ներդաշնակեցման» և «կապիտալի, ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար բարենպաստ միջավայրի ստեղծման» անհրաժեշտությունը։
Համաձայնագրի մասին խոսելով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին դրա հրապարակումից մի քանի օր անց հայտարարել էր, որ «Ռուսաստանը շարունակում է անտեսել իր միջազգային պարտավորությունները և նոր քայլեր է ձեռնարկում Վրաստանի շրջանների անեքսիայի ուղղությամբ»։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը իշխանությունից պահանջել է «տալ անեքսիոն գործընթացների հստակ քաղաքական և իրավական գնահատական» և «ապահովել միջազգային գործընկերների համախմբումը՝ անեքսիայի դեմ պայքարելու համար»։
Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Հարավային Օսիայի վարչապետ Ջամբոլատ Տադտաևը հրաժարական է տվել, իսկ կառավարությունը լուծարվել է։ Դրանից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվել էր Կամբոլովը, որը վերջերս նշանակվել էր Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի խորհրդական։
Գագլոևի պաշտոնական կայքի համաձայն՝ «նախարարների կաբինետի նոր ղեկավարը պատասխանատու կլինի նոր համաձայնագրի և այլ պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման համար»։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Կամբոլովը 2010-2014-ին եղել է Ռուսաստանի կրթության փոխնախարարը, իսկ դրանից հետո մինչև 2025-ը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Կուրչատովի ինստիտուտում՝ Ռուսաստանի առաջատար միջուկային հետազոտական կենտրոններից մեկում։
Կուսակցության հայտարարությունը նաև կոչ է անում կառավարությանը հստակեցնել իր դիրքորոշումը Չորչանա գյուղի մոտ՝ վարչական սահմանագծի հարևանությամբ գտնվող վրացական ոստիկանական անցակետը ապամոնտաժելու Հարավային Օսիայի պահանջի վերաբերյալ։
Անցակետը տեղադրվել էր 2019-ին, երբ Գախարիան դեռևս «Վրացական երազանքի» իշխանության օրոք ներքին գործերի նախարար էր և ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել նրա վարչապետ նշանակվելուն։
Սակայն ընդդիմություն անցնելուց հետո իշխող կուսակցությունը հայտարարեց, որ Գախարիան անցակետը տեղադրել է միանձնյա որոշմամբ, ինչից հետո սկսվեց քրեական հետաքննություն։
Իշխանությունների այս գնահատականից հետո Հարավային Օսիան բազմիցս պահանջել է անցակետի հեռացումը։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












