«Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց, որ որևէ հարգանք չունի այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնց ձգտում է ենթարկել իր ազդեցությանը»․ Եվրոպական խորհրդարանի վեց պատգամավոր հունիսի 11-ին համատեղ հայտարարությամբ ողջունել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունները՝ դրանք գնահատելով որպես պատշաճ կազմակերպված և հայաստանցիների ժողովրդավարական ընտրությունն արտացոլող։
Պատգամավորները պնդում են, որ Մոսկվան փորձել է ազդել հայ ընտրողների վրա՝ սպառնալիքների, առևտրային սահմանափակումների և ապատեղեկատվական արշավների միջոցով։
Պատգամավորների գնահատմամբ՝ այդ փորձերը հիմնականում ձախողվել են, իսկ Եվրամիության ցուցաբերած աջակցությունն օգնել է Հայաստանին դիմակայել արտաքին ճնշումներին և քաղաքացիներին հնարավորություն տվել կատարել ազատ ընտրություն։
Նրանք կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ աջակցել տնտեսության դիվերսիֆիկացմանը և ընդլայնել Եվրամիության հետ առևտրային կապերը։ Պատգամավորները նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացում արագ առաջընթաց գրանցելու և ԵՄ նոր Գործընկերության առաքելության շուտափույթ տեղակայման կարևորությունը։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ եվրոպացի պատգամավորները նշել են, որ դրանք վկայում են Հայաստանի՝ խաղաղության, տարածաշրջանային համագործակցության, կապերի ընդլայնման և Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին կատարած ընտրության մասին։
Նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի և ապագա կառավարության հետ՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական հետագա զարգացմանը։
Հայտարարության ավարտին կոչ է արվել շարունակել քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և ապահովել հանրության ավելի լայն ներգրավվածությունը հետընտրական գործընթացներում՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և ժողովրդավարական կառավարման նկատմամբ հանրային վստահության բարձրացման կարևորությունը։












