Վտանգավոր նախադեպ. ԿԸՀ-ի որոշումը խարխլում է ընտրական գործընթացի ամբողջականությունը

ԿԸՀ նիստը, 14 հունիսի, 2026
#DemocracyWatch - Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները՝ նշելով, որ արձանագրվել են էական ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության ելքի վրա։
Զուգահեռաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով սկսվել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով մի քանի տասնյակ ձայն էր պակասում 4-տոկոսանոց շեմը հաղթահարելու և խորհրդարան անցնելու համար։ Վերահաշվարկի և տեխնիկական սխալների շտկման արդյունքում ԲՀԿ ձայները ավելացել էին 147-ով։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 222 ձայն էր ստացել, որոնք պակասել էին արդյունքները չեղարկելուց հետո։ Սա նշանակում էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ քվերակության արդյունքները անվավեր էին ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, վերաքվեարկության կազմակերպման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ամենայն հավանականությամբ կանցներ խորհրդարան։
Այս արդյունքներից կախված կլիներ նաև իշխող ուժի մանդատների թիվը նոր Ազգային ժողովում։ Եթե ԲՀԿ-ն չէր անցնում խորհրդարան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատների քանակը ավելանում էր երեքով, ինչը իշխող ուժին տրվում էր Ազգային ժողովի տեղերի երեք հինգերրորդը։ Սա իր հերթին ՔՊ-ին հնարավորություն էր ընձեռում մի շարք նշանակումների պարագայում միանձնյա որոշումներ կայացնել։
Այս զարգացումների ֆոնին գրեթե բոլոր քաղաքական և հասարակական դերակատարների մոտ կար շատ միանշանակ ակնկալիք, որ այդ երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքները անվավեր էին ճանաչվել, կկազմակերպվի վերաքվեարկություն։ Վերաքվեարկության մասին որոշումը բխում էր նաև Հայաստանի օրենսդրությունից։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածում նշվում է․
«Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն»։
Ակնհայտ էր, որ վերոնշյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության արդյունքները էական նշանակություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Ինչպես արդեն նշվեց, որոշվում էր ուժերից մեկի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը և մեկ այլ ուժի՝ մանդատների երեք երրորդը ստանալ-չստանալու հարցը։
Այս իրավիճակում ԿԸՀ-ն, ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, հունիսի 14-ի երեկոյան որոշում կայացրեց քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում վերաքվեարկություն չկազմակերպել՝ պնդելով, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Սա ակնհայտորեն ապօրինի և քաղաքական որոշում է։ Այն փաստացիորեն զրկում է ընտրողների բավականաչափ քվեներ ստացած ուժին անցնել խորհրդարան, իսկ իշխող ուժին արհեստականորեն և օրենքի ակնհայտ խախտումով տալիս է երեք հավելյալ մանդատ։ Այս որոշումը անմիջապես լրջագույն հարցեր է առաջացնում ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ։ Իշխանությունները և իշխանամերձ տարբեր շրջանակներ վերջին շաբաթվա ընթացքում պնդում էին, որ Ռուսաստանը ու նրանց լոյալ ուժերը Հայաստանում նպատակաուղղված փորձում էին ապալեգիտիմացնել ընտրությունների արդյունքները։ Այդ առումով պետք է արձանագրել, որ որևէ արտաքին կամ ներքին դերակատար չէր կարող այնպիսի ստվեր գցել այս ընտրությունների արդյունքների վրա, ինչպես դա արեց ԿԸՀ-ի այս որոշումը։
Սա նաև 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո առաջին դեպքն է, երբ կանխամտածված հարված է հասցվում ընտրական գործընթացի ամբողջականությանը (integrity): Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների ֆոնին, երբ իշխանություններն անտեսում են օրենքի գերակայության սկզբունքը, վերահսկողության տակ վերցնում անկախ մարմինները և քաղաքականացնում արդարադատության համակարգը, հաճախ կարելի էր լսել կարծիք, թե այդ ամենի ֆոնին Հայաստանը շարունակում է մնալ էլեկտորալ ժողովրդավարություն, քանի որ համապետական ընտրությունները շարունակում են ազատ և մրցակցային լինել։
Այսպես, հեղինակավոր V-dem ինստիտուտը 2021-ից սկսած Հայաստանը որակում է որպես էլեկտորալ ժողովրդավարություն։ Երկիրը էլեկտորալ ավտորիտարիզմից էլեկտորալ ժողովրդավարություն տեղափոխելու պատճառներից մեկը, ըստ V-dem-ի 2022-ի զեկույցի, այն էր, որ «վերջին 10 տարում ընտրությունները կառավարող մարմինների ինքնավարության մեջ զգալի բարելավում էր գրանցվել»։
ԿԸՀ-ի հունիսի 14-ի որոշումից հետո այդ կառույցի ինքնավարության մասին խոսակցություններն ավելորդ են։ Այդ առումով այս որոշումը կարող է արտացոլվել նաև միջազգային վարկանիշներում Հայաստանի դիրքի վրա։ Որոշումը վտանգի տակ է դնում նաև 2018-ի հիմնական ձեռքբերումներից մեկը՝ ազատ և արդար ընտրությունների ինստիտուտը և հասարակության վստահությունը դրա նկատմամբ։ Չնայած այս որոշումը դեռ մասնակի ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա, բայց վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը ապագայում կարող է հիմք դառնալ ավելի խոշոր ընտրակեղծիքների համար։
Այս իրավիճակը նաև հիմնավորված է դարձնում բոլոր այն մտահոգությունները, որոնք հնչեցվում էին քաղաքացիական հասարակության կողմից, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ինքն իր օգտին քվեարկելով, Ազգային ժողովի կողմից ընտրվում էր ԿԸՀ նախագահ։ Իշխանության կողմից անկախ մարմինների նկատմամբ վերահսկողության հաստատումը և դրանց քաղաքականացումը սովորաբար այսպիսի բացասական հետևանքներ են ունենում։
Այս իրավիճակում, ինչպես վերջին շրջանում արձանագրված բոլոր հակաժողովրդավարական զարգացումների դեպքում, կա «թացը չորից տարբերելու» հստակ խնդիր։ Տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բնույթը, որը ակնհայտորեն օլիգարխիկ է, և դրա գործելաոճը, որը կարող է քննվել իրավապահ մարմինների կողմից, երկրորդական նշանակություն ունեն։ Եթե այդ ուժին թույլատրվել է մասնակցել ընտրություններին, ուրեմն դրա ընտրական արդյունքները պետք է կարգավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Ամենակարևոր խնդիրն այս իրավիճակում ընտրական գործընթացի ամբողջականության ապահովումն է, ընտրությունները կազմակերպող մարմնի կողմից անաչառության և ինքնավարության սկզբունքների պահպանումն է, մեկ ուժի շահերը սպասարկելու նպատակով ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընտրությունների արդյունքների խեղաթյուրման բացառումն է։ Այդ առումով բոլոր այն դերակատարները, որոնք փորձում են այս կարևոր սկզբունքների խախտումը արդարացնել երկրորդական նշանակություն ունեցող գործոններով, զբաղվում են բացահայտ քարոզչությամբ և նպաստում են ժողովրդավարական հետընթացի խորացմանը Հայաստանում։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Տիգրան Գրիգորյան










