Գլխավոր Լրահոս

Կադիրովի կնոջ եղբորորդին ստացել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Ռամզան Կադիրովը և Դենի Այդամիրովը

Ռամզան Կադիրովը և Դենի Այդամիրովը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դենի Այդամիրովը, որը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կնոջ՝ Մեդնի Կադիրովայի եղբորորդին է, ստացել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Համապատասխան հրամանագիրը հունիսի 12-ին ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հաջորդ օրը Instagram-ում հրապարակած գրառման մեջ Այդամիրովը շնորհակալություն է հայտնել միայն Կադիրովին։

«Ձեր ձեռքից բարձրագույն սպայական կոչման տարբերանշաններ ստանալն ինձ համար առանձնահատուկ հպարտություն է, մեծ պատիվ և բարձրագույն պատասխանատվություն», - գրել է Այդամիրովը։

Կադիրովի խոսքով՝ կոչումը «օրինաչափ գնահատական է Այդամիրովի՝ երկար տարիների մասնագիտական գործունեության, նվիրված ծառայության և Չեչնիայի Հանրապետությունում օրինականության ու անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։

26 տարեկանում Այդամիրովն արդեն ղեկավարում էր Ռուսաստանի ազգային գվարդիայի արտագերատեսչական պահպանության ծառայության կենտրոնացված պահպանության վարչությունը։ 2020-ին նա արժանացել է տարածաշրջանի բարձրագույն պարգևին՝ Ախմատ Կադիրովի շքանշանին։

Դրանից կարճ ժամանակ անց Այդամիրովը նշանակվել է Գրոզնիի ներքին գործերի վարչության պետ։ 2023-ին նա դարձել է Չեչնիայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Այդ ժամանակ նա 29 տարեկան էր։

Այժմ 32-ամյա Այդամիրովը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համակարգում նման կոչում ունեցող ամենաերիտասարդ պաշտոնյաներից մեկն է։

Մարդու իրավունքների պաշտպաններն ու լրագրողները բազմիցս մեղադրել են Այդամիրովին առևանգումների, ապօրինի կալանքների և խոշտանգումների մեջ ներգրավված լինելու համար։

2024-ին Ռիզվան Դադաևը, որը, նրա խոսքով, առևանգվել էր չեչենական ուժայինների կողմից և հետագայում կարողացել էր փախչել, հայտարարել էր, որ մի քանի ամիս պահվել է այսպես կոչված «գեյերի բանտում», իսկ խոշտանգումներին անձամբ մասնակցել է նաև Այդամիրովը։ Նա պնդել էր, որ Այդամիրովը կոտրել է իր երկու ատամը։

2026-ի մարտին NIYSO չեչենական ակտիվիստական շարժումը հայտնել էր Ալխան-Կալայից Ադամ Բեկբուլատովի և Գրոզնիից Մագոմեդ Չատաևի առևանգման մասին։ Ակտիվիստների պնդմամբ՝ նրանց ծեծի են ենթարկել Այդամիրովի հրահանգով։

Ինքը՝ Այդամիրովը, հրապարակային չի մեկնաբանել այդ մեղադրանքները։

Հունիսի 12-ին նույն արարողության ընթացքում Ռամզան Կադիրովի որդի Ադամ Կադիրովը երկրորդ անգամ արժանացել է «Չեչնիայի հերոս» կոչմանը։ Նույն կոչումը ստացել է ևս 20 մարդ, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության վարչության պետ Իդրիս Չերխիգովը։

Տե՛ս նաև՝ Ադամ Կադիրովին շնորհվել է «Չեչնիայի հերոս» կոչումը

Բացի այդ, տարածաշրջանի բարձրագույն պարգևը՝ Կադիրովի շքանշանը, շնորհվել է Ռուսաստանի ազգային գվարդիայի չեչենական ստորաբաժանման «Ախմատ» SOBR-ի ավագ օպերատիվ աշխատակից Յուսուպ Ալիևին։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում