«Ինչո՞ւ ես ողջ». ընտրարշավն ու ատելության խոսքը

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» շարունակել է նախընտրական շրջանում մշտադիտարկել արցախցիների դեմ ատելության խոսքը և հերթական զեկույցն է հրապարակել։ Մայիսի իրադարձություններին վերաբերող զեկույցը տարբերվում է մարտ և ապրիլ ամսվա զեկույցներից նրանով, որ հիմնականում ընդգրկում է պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը։
2026 թվականի մայիսի 8-ին մեկնարկած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական քարոզարշավն աչքի ընկավ ատելության խոսքի աննախադեպ ծավալներով։ Դրա հիմնական գեներացնողները դարձան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, իսկ արցախցիների դեմ ուղղված հռետորաբանության գլխավոր դերակատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։
Խարանում և հավաքական մեղադրանք. «ինչո՞ւ ես ողջ»
Մայիսի 18-ին Երևանի Արաբկիր թաղամասում ընթացող քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց կասկածելի ծագմամբ մի տեսանյութ, որտեղ արցախյան բարբառով խոսող դիմակավոր անձինք սպառնալիքներ էին հնչեցնում իր հասցեին։ Տեսանյութի կոնկրետ անձանց թիրախավորելուց բացի, վարչապետը իր խոսքը տարածեց ողջ արցախցիների վրա՝ ծաղրելով «Ղարաբաղի ակցենտը» և հնչեցնելով հավաքական մեղադրանքներ, թե վերջիններս «ֆերարիներով փախած, մեր երեխեքին խրամատներում մենակ թողած» լակոտներ են։
Նույն օրը ավելի աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի մասնակցությամբ։ Երբ վերջինս մոտեցավ վարչապետին և մեղադրեց Արցախի կոռումպացված պաշտոնյաներին հովանավորելու մեջ, Փաշինյանը հունից դուրս եկավ. «Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը... Դու խի՞ ես կենդանի, այ տականք, ինչի՞ ես կենդանի»։
Սա ստիգմատիզացիայի (խարանման) դասական օրինակ է, երբ բռնի տեղահանված խումբը պիտակավորվում է որպես «դավաճան» կամ «դասալիք», ինչը նրանց խոցելի է դարձնում հանրային ագրեսիայի հանդեպ։ Միջադեպից անմիջապես հետո Օսիպյանը կալանավորվեց և միայն քաղաքացիական հասարակության ճնշման ու 24-օրյա հացադուլի արդյունքում ազատ արձակվեց հունիսի 10-ին։
Իշխանամետ օգտատերերի արձագանքը և ապամարդկայնացումը
Վարչապետի հնչեցրած թեզերը ավելի ծայրահեղ ձևով սկսեցին տարածել իշխանամետ բլոգերներն ու ակտիվիստները։ Նրանցից Ռոման Բաղդասարյան (իշխանամետ բլոգեր) ֆեյսբուքյան իր նյութի մեջ նա արցախցի տղամարդկանց անվանեց «սեփական հողի դավաճաններ», ովքեր վախից փախել են՝ լքելով 18 տարեկան զինվորներին։ Նմանատիպ քարոզչությունը նպատակ ունի ապամարդկայնացնել արցախցիներին և նրանց զրկել քաղաքական խոսքի իրավունքից։
Իշխանամետ ակտիվիստ Թաթուլ Ասիլյանը բացահայտ կոչ արեց արտաքսել արցախցիներին. «Էդ կյարաբաղցիների լեզուները, ումը երկարա՝ պետքա կտրվի քյոքից։ Վարչապետ ջան, վտարի մեր երկրից»։
ՔՊ քարոզարշավի մասնակից Անիտա Հարությունյան ուղիղ հեռարձակմամբ առաջ տարավ «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումը՝ կրկնելով վարչապետի թեզը. «Դու վաբշե խի՞ ես կենդանի, խի՞ ես ապրում, գնայիր մեռնեիր տղերքի հետ»։ Նա նաև օգտագործեց արցախցիներին ապամարդկայնացնող բառապաշար՝ «ղարաբաղցիների նման տականք չկա»։
Պետական աջակցությունը՝ որպես ճնշման գործիք
Քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները նաև սկսեցին օգտագործել պետական աջակցությունը որպես քաղաքական լոյալություն պարտադրելու, փախստականների՝ անշնորհակալ լինելու մասին պատումը տարածելու միջոց։ Թալինում քարոզարշավի ժամանակ համայնքապետ Տավրոս Սափեյանը, մտնելով բռնի տեղահանված արցախցի կնոջ տան տարածք, քարոզչական նյութեր ընդունելու մերժմանն ի պատասխան հիշեցրեց պետության տված տան գումարի մասին՝ նշելով. «Պետության գլխին կանգնած ենք մենք՝ Նիկոլ Փաշինյանը»։ Համայնքապետը ակնարկեց նաև, որ քաղաքականապես ոչ լոյալ արցախցիները պետք է լքեն Հայաստանը. «Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում... կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կառնեմ»։
Եզրակացություն
Մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքը կրում է համակարգված բնույթ և ղեկավարվում է երկրի բարձրագույն իշխանության կողմից։ Պետական հանրային միջոցներով տրամադրվող աջակցությունը ներկայացվում է որպես կուսակցական ողորմություն, իսկ ցանկացած քննադատություն լռեցվում է հավաքական մեղքի ու դասալքության քարոզչական պատումներով։ Այս ամենի ֆոնին ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են բացարձակ անգործություն ցուցաբերել։
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
Հայկ Խանումյան










