Գլխավոր Լրահոս

Կիրանց շոուն հիշեցնում է 2016-ը. անվտանգության իրական խնդիրներն ու քարոզչությունը

Լուսանկարում՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի սահմանազատված հատվածը։

Լուսանկարում՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի սահմանազատված հատվածը։

2020-ի պարտությունից և հատկապես Արցախի կորստից հետո Հայաստանում էականորեն սրվեցին հանրային պատկերացումներն անվտանգության և պաշտպանության վերաբերյալ։ Այդ փուլում անցկացված սոցհարցումները վկայում են, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կարևորում է անվտանգության, պաշտպանության, զինված ուժերի վերափոխման, խաղաղության հետ կապված հարցերը։ Իշխանությունները փորձում էին տարբեր կերպ հակազդել հանրային անհանգստություններին․ մի կողմից կազմակերպում էին հանրային դեմքերի այցեր նոր ամրաշինական կառույցներ՝ ցույց տալով, որ նոր բանակ են ստեղծում ու զգալի ներդրումներ անում, մյուս կողմից փորձում էին համոզել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացով, իսկ 2025-ի օգոստոսից հետո էլ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ Հայաստանին սպառնացող վտանգը նահանջել է։ Պաշտպանության ոլորտում ստեղծված իրական պատկերը քարոզչական պատումներով փոխարինելը նոր չէ։ Այս վարքագիծը ինձ հիշեցնում է 2016-ի ապրիլից հետո ստեղծված վիճակը և Արցախի ու Հայաստանի իշխանությունների արձագանքը։ 

2016-ի ապրիլյան մարտերից հետո, երբ Արցախում հայկական բանակը որոշակի ձախողում ունեցավ՝ կորցնելով դիրքեր Մարտակերտի Թալիշ գյուղում և Արցախի հարավում՝ Արաքս գետի մոտ, Արցախի և Հայաստանի իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ պաշտպանությունը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, դասեր են քաղել ձախողումներից, նոր սպառազինություն են գնում և ինժեներական հսկայական աշխատանք են անում։ Այս ամենն ուղեկցվում էր չդադարող քարոզչությամբ, որի մեջ ներգրավվում էին հանրության մեջ ազդեցություն ունեցող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ 

Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ հայաստանյան և արցախյան հանրային գործիչների մի խումբ էլ շրջել էր առաջնագծով՝ տեսնելու կատարված աշխատանքները։ Այդ աշխատանքների մի մասը կատարվել էր ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարի գումարներից։ Հաշվեհամարը համալրվում էր տարբեր երկրներում ապրող հայերի նվիրատվություններից: Արցախի իշխանությունները հանրային դեմքերի այցեր կազմակերպելով` նպատակ ունեին նաև ցույց տալ, թե որ ուղղությամբ են ծախսվում գումարներն ու մեծացնել Արցախի կառավարության նկատմամբ վստահությունը։

Այդ հանրային դեմքերի մեջ էր նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2016-ի օգոստոսին իր ընտանիքին պատկանող թերթում տպագրեց «Արաքսից Թալիշ․ նոր առաջնագիծ» հոդվածը։ Հոդվածում Փաշինյանը խոսում էր Պաշտպանության բանակի իրականացրած ինժեներական աշխատանքների, որոշ լոգիստիկ տարրական հարցերի լուծման մասին, դրական էր արտահայտվում ՊԲ հրամանատարության նկատմամբ, «100 տոկոսով երաշխավորում, որ հատուկ հաշվեհամարը ԼՂՀ իշխանություններին հնարավորություն է տվել ավելի մեծ ներգրավվածություն ունենալ առաջնագծի և անվտանգության ապահովման հարցերում, և սրա հսկայածավալ պոզիտիվ ազդեցությունը ակնհայտ է և անհերքելի»։ 

Կարծում եմ՝ արցախյան այս այցը և ինժեներական կառույցներ գնալը շատ էր ոգևորել Նիկոլ Փաշինյանին․ ՀՀ իշխանություններն այս մեթոդը սկսեցին կիրառել վերջին տարիներին, երբ տարբեր խմբերի համար էքսկուրսիաներ են կազմակերպում ամրաշինական կառույցներ, օրինակ՝ Հայաստանի հյուսիսարևելյան Կիրանց գյուղի հատվածում։ Ինչպես 2016-ին Արցախում համարում էին, որ հակատանկային խրամատ փորելով, տեսադիտարկման սարքեր դնելով և 122 մմ-ոց արկերին դիմացող պաշտպանական դիրքեր կառուցելով լուծում են անվտանգության հարցը, այնպես էլ ՀՀ ներկա իշխանությունն է փորձում հասարակությանը ներարկել այն միտքը, որ իրենց ստեղծած ամրաշինական կառույցները, որոնք ի վիճակի են դիմակայել 152/155 մմ-ոց արկերին, լուծում են անվտանգության հարցեր։

Մայիսի 28-ին անցկացված զորահանդեսը ևս հիշեցնում էր 2016-ի ապրիլին հաջորդած հատվածը, երբ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես անցկացվեց 2016-ի սեպտեմբերին։ Ցուցադրվեցին մի շարք ՀՕՊ և հրթիռային համալիրներ, հաղորդավարները երևացող հիացմունքով ճչացին «Իսկանդերի» անունը (ռուսական արտադրության բալիստիկ հրթիռային համակարգ)։ 2026-ին ցուցադրվեց տարբեր երկրներից գնված սպառազինություն, դրան նախորդած և հաջորդած քարոզչական ուղեկցումն այն էր, որ ներկա իշխանությունները գնում են արդիական սպառազինություն և ռազմական բյուջեն գրեթե եռապատկել են։

Երկու դեպքում էլ հանրությանը ազդակներ էին հղվում, որ մենք ունենք բավարար սպառազինություն՝ երկիրը պաշտպանելու համար։

Այդուհանդեր, պատերազմում պարտության հիմնական պատճառը պատերազմի կառավարման տապալումն էր, բանակում կատարողական կարգապահության խնդիրները, որոնք այսօր էլ լուծված չեն։ Բանակ նախևառաջ նշանակում է բարձր կարգապահությամբ, տարբեր ստորաբաժանումների կազմով ներդաշնակվելու կարողություններ ունեցող անձնակազմ, ցածր օղակներին որոշումների կայացման գործընթացի պատվիրակում և այդպիսի կարողություններ ունեցող կրտսեր հրամկազմ, ժամանակակից բարձրագույն կրթություն ստացած և արդիական միտումներին հետևող և ծանոթ բարձրագույն ապայակազմ և նոր միայն ժամանակակից սպառազինություն։ 

Սա պահանջում է բարձր արդյունավետությամբ բանակ ունենալու քաղաքական կամք ու իրականացնողների ջանքեր։ Այն, ինչ կատարվում է այսօր, շատ չի տարբերվում 2016-ի ապրիլին հաջորդած ժամանակահատվածից, ավելին՝ մարտահրավերները բազմաշերտ են ու խորը։ 

2020-ի պարտությունը, Արցախի կորուստը, Պաշտպանության բանակի լուծարումը ստեղծել են ծանր բարոյական անկում, որը չի կարող չանդրադառնալ բանակի մարտունակության վրա։ Սրանք խնդիրներ են, որոնք ներկա բևեռացված քաղաքական դաշտի պայմաններում գրեթե չեն ձևակերպվում և լուծումներ չեն առաջարկվում։ Մնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսածը՝ քարոզչական այցեր, հանրության մտահոգությունների փարատում քարոզչական միջամտությամբ՝ այն ակնկալիքով, որ միգուցե արհավիրքը չգա։

Հայկ Խանումյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում