Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
EU Neighbours East-ի հարցման համաձայն՝ վրացիների 71 տոկոսը աջակցում է երկրի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 49 տոկոսը կարծում է, որ Վրաստանը դեպի ԵՄ անդամակցություն ճիշտ ուղղությամբ չի շարժվում։
Հարցումը նաև ցույց է տվել, որ վերջին տարիներին ավելացել է Եվրամիության նկատմամբ բացասական վերաբերմունքը։
Եթե 2024-ին հարցվածների 32 տոկոսն էր ԵՄ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտել, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 48 տոկոսի, իսկ 2026-ին՝ 50 տոկոսի։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողների թիվը նվազել է։ 2024-ին դրական վերաբերմունք էր հայտնել հարցվածների 60 տոկոս-ը, 2025-ին՝ 43 տոկոսը, իսկ 2026-ին՝ 50տոկոսը։
Նվազել է նաև վստահությունը Եվրամիության նկատմամբ։ Եթե 2024-ին հարցվածների 81 տոկոսն էր հայտարարել, որ վստահում է ԵՄ-ին, ապա 2025-ին և 2026-ին այդ ցուցանիշը կազմել է 67 տոկոս։
Հարցվածների կարծիքով՝ 2024-ից ի վեր վատթարացել են նաև Վրաստան-ԵՄ հարաբերությունները։ Դրանք դրական գնահատողների մասնաբաժինը 2024-ի 87 տոկոսից նվազել է մինչև 63 տոկոս՝ 2025-ին և 60 տոկոս՝ 2026-ին։
Վրաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրների մասին հարցին պատասխանողները հիմնականում նշել են գործազրկությունը (69 տոկոս), աղքատությունը (58 տոկոս) և ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները (57 տոկոս)։
Միայն 11 տոկոսն է կարծումլ, որ ժողովրդավարության վիճակն ամենալուրջ խնդիրն է։
Եղել է նաև հարց, թե վրաստանցիները որ ոլորտներում կցանկանային տեսնել Եվրամիության ավելի մեծ աջակցություն։
36 տոկոսը նշել է կրթությունը, 34 տոկոսը՝ տնտեսական զարգացումն ու առևտուրը, իսկ 33 տոկոսը՝ առողջապահությունը։
Հարցման համաձայն՝ 27տոկոսը կարծում է, որ Վրաստանը կկատարի ԵՄ անդամակցության չափանիշները և կմիանա միությանը առաջիկա հինգ տարվա ընթացքում։
Մյուս 24 տոկոսը կարծում է, որ անդամակցությունը հնարավոր կլինի հինգից 15 տարվա ընթացքում։
Հարցվածների ամենամեծ խումբը՝ 34 տոկոսը, ԵՄ-ին անդամակցելու գլխավոր խոչընդոտ է համարել Վրաստանում քաղաքական կամքի պակասը։
Այդ ցուցանիշին հաջորդում են չլուծված տարածքային հակամարտությունները և ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու անկարողությունը՝ երկուսն էլ 13 տոկոս։
ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի նկատելի փոփոխությունները, ըստ ամենայնի, համընկել են 2024-ի դեկտեմբերին Վրաստանի կառավարության հայտարարության հետ, որով հայտարարվել էր եվրոպական ինտեգրման գործընթացի ժամանակավոր դադարեցման մասին։
Այդ որոշումը զանգվածային ցույցերի պատճառ դարձավ։ Դրանք շարունակվում են մինչ օրս։
Տե՛ս նաև՝ Վրաստանը խստացնում է բողոքի ցույցերին ուղղված նոր օրենքի կիրառումը
Չնայած պաշտոնական մակարդակով Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենացածր մակարդակում, Թբիլիսին հունիսի կեսերին Լյուքսեմբուրգին խնդրել էր աջակցել Բրյուսելի հետ քաղաքական երկխոսության վերականգնմանը։












