Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» Լյուքսեմբուրգին խնդրել է ԵՄ-ում Թբիլիսիի օգտին միջնորդել

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն (ձախից երկրորդը) և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին (աջից երկրորդը)՝ Լյուքսեմբուրգում

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն (ձախից երկրորդը) և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին (աջից երկրորդը)՝ Լյուքսեմբուրգում

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Լյուքսեմբուրգին խնդրել է աջակցել Բրյուսելի և Թբիլիսիի միջև երկխոսության վերականգնմանը։ Կուսակցության պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են քննարկել ԵՄ-ի հետ տարաձայնությունների պատճառ դարձած «զգայուն հարցերը», այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Սամխարաձեն այս հայտարարությունն արել է Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում, որտեղ նա և «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր՝ Լևան Մախաշվիլին, հանդիպել են երկրի խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։

Սամխարաձեն ղեկավարում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ Մախաշվիլին՝ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։

«Մենք լյուքսեմբուրգյան կողմին խնդրեցինք Եվրոպական հանձնաժողովի հետ քննարկել Վրաստանի հետ երկխոսության վերականգնման հարցը», - ասել է Սամխարաձեն՝ հավելելով, որ Թբիլիսին պատրաստ է «վերսկսել երկխոսությունը ցանկացած ձևաչափով»։

Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգը «կառուցողական» է արձագանքել վրացական պատվիրակության դիրքորոշմանը, և ինքը հույս ունի, որ ԵՄ անդամ պետությունների քննարկումների ժամանակ երկիրը կաջակցի երկխոսության վերականգնմանը։

«Մենք նաև պատրաստ ենք քննարկել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ այն օրենքը, որը պաշտոնապես պատճառ դարձավ Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության դադարեցման համար։ Խոսքը թափանցիկության մասին օրենքի մասին է», - ասել է Սամխարաձեն։

Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացել էր 2023-ի դեկտեմբերին՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին։ Սակայն անդամակցության գործընթացը հետագայում սառեցվեց՝ ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների ուժեղացման ֆոնին։

Այսպես կոչված «թափանցիկության մասին օրենքը», որի պաշտոնական անվանումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք» է, «Վրացական երազանքի»՝ 2024-ի մայիսին ընդունած վիճահարույց օրենքն է։ Այն պարտավորեցնում է քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստացվում է արտերկրից, գրանցվել որպես «օտար ուժի շահերը սպասարկող կազմակերպություններ»։

Քննադատներն այն անվանում են «ռուսական օրենք»՝ նշելով դրա նմանությունը Ռուսաստանում գործող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, որը, ըստ նրանց, օգտագործվում է ընդդիմախոսներին ճնշելու համար։

Օրենքն ընդունելու առաջին փորձը 2023-ին ձախողվել էր, քանի որ Թբիլիսիում զանգվածային բողոքներ և բախումներ տեղի ունեցան։ Սակայն 2024-ին, չնայած բողոքի նոր ալիքին, հաջողվեց այն ընդունել։

Օրենքը կոշտ քննադատության արժանացավ Վրաստանի ավանդական արևմտյան գործընկերների կողմից։ 2024-ի հունիսին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները «հանգեցնում են Եվրամիությանն անդամակցելու գործընթացի ընդհատմանը»։

«Վրացական երազանքը» բազմիցս հրաժարվել է հետ կանչել օրենքը՝ քննադատությունը ներկայացնելով որպես Վրաստանի ներքին գործերին միջամտության փորձ։

Սամխարաձեի հայտարարություններին արձագանքել է նաև իշխող կուսակցության պատգամավոր Իրակլի Չեիշվիլին՝ պնդելով, որ «ոչինչ չի փոխվել» և որ իշխանությունները «միշտ պատրաստ են եղել երկխոսության»։

«Մենք պատրաստ ենք քննարկել ոչ միայն թափանցիկության մասին օրենքը, այլև ցանկացած հարց»,- ասել է նա։

Տարաձայնությունների այլ պատճառներ

Սամխարաձեի հիշատակած օրենքը Բրյուսելի և Թբիլիսիի միջև տարաձայնությունների բազմաթիվ պատճառներից միայն մեկն է։

Վրաստան-ԵՄ հարաբերություններում լարվածությունը նոր մակարդակի հասավ 2024-ի խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո, որոնց պաշտոնական արդյունքներով «Վրացական երազանքը» պահպանեց իշխանությունը։

2024-ի նոյեմբերին կառավարությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները «հետաձգում է» մինչև 2028-ը։ Դա զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ Թբիլիսիում և այլ քաղաքներում։

Իշխանությունները պատասխանեցին թե՛ ոստիկանական ուժի կիրառմամբ, թե՛ նոր սահմանափակող օրենքների ընդունմամբ, որոնք թիրախավորեցին փողոցային բողոքները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ընդդիմությունը։ Այդ օրենքներից մի քանիսը եդիայի և քաղաքացիական հատվածի ֆինանսավորման լրացուցիչ սահմանափակումներ մտցրին այն պարագայում, երբ նրանք երկար տարիներ կախված էին միջազգային աջակցությունից։

Իշխող կուսակցությունը, մեղադրելով ընդդիմախոսներին հակապետական գործունեության մեջ, դիմեց նաև Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել չորս քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Գործը սկզբում գրանցվել էր 2025-ի աշնանը, իսկ 2026-ի ապրիլին վերամշակվել և կրկին ներկայացվել՝ ներառելով արդեն չորրորդ կուսակցությունը։

Եվրահանձնաժողովը 2025-ի զեկույցում Վրաստանը բնութագրել էր որպես «միայն անունով թեկնածու երկիր»։

Այս զարգացումները վտանգի տակ են դրել նաև 2017-ից գործող ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմը՝ առաջ բերելով դրա հնարավոր կասեցման մասին քննարկումներ։

ԵՄ-ի քննադատություններին ի պատասխան՝ «Վրացական երազանքը» բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստախոսության, «արմատականության և ապատեղեկատվության ֆինանսավորման», ինչպես նաև եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։

Լարվածությանը զուգահեռ իշխող կուսակցությունը և նրա համախոհները շարունակել են առաջ մղել այն պնդումը, թե Արևմուտքը, այդ թվում՝ Եվրոպան, «գլոբալ պատերազմի կուսակցության» կամ «խորքային պետության» վերահսկողության տակ է, որն իբր փորձում է խաթարել Վրաստանի ինքնիշխանությունը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում