«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կալանավորվեց երկու ամսով։ Դատարանը բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբանի խոսքով՝ նա կպահվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ տեսակցությունները թույլատրված կլինեն միայն պաշտպաններին։ Փաստաբանի պնդմամբ՝ որոշումն իրավաչափ չէ, և այն բողոքարկելու են: Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Չալաբյանն օտարերկրյա պաշտոնյաների հետ համաձայնության է եկել, որպեսզի տվյալ երկրի հայ աշխատակիցներին ստիպեն գալ Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Չալաբյանն, ըստ փաստաբանի, «ծայրից ծայր սուտ» է որակում մեղադրանքը:












