Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում գերեվարված երեք վրացի զինծառայողների սպանության և խոշտանգումների համար։ Նրանց թվում էր նաև Գիորգի Անցուխելիձեն, որին հետմահու շնորհվել է Վրաստանի ազգային հերոսի կոչումը, և որը համարվում է այդ պատերազմի խորհրդանիշներից մեկը։
Դատարանի վճիռը հրապարակվել է հունիսի 23-ին։ Դիմումատուների շահերը ներկայացրել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA)։
ՄԻԵԴ-ը մեկ վարույթում միավորել է երկու գործ՝ մեկը ներկայացրել էր վրացի զինծառայող Դավիթ Մալաչինին մի խումբ այլ զինծառայողների հետ, մյուսը՝ Անցուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն։
Վճռում մանրամասն նկարագրվում են 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացի զինծառայողների գերեվարումն ու սպանությունները։
Մալաչինիի գործով դատարանը նշում է, որ նա և մի շարք այլ զինծառայողներ գերեվարվել և տեղափոխվել են Ցխինվալիի անհայտ շենքերից մեկը, որտեղ ենթարկվել են ծեծի։
Այնուհետև նրանց տեղափոխել են բունկեր, որտեղ հարցաքննել և կրկին ծեծել են, իսկ ավելի ուշ ստիպել են ոտքով գնալ մեկ այլ շինություն՝ ճանապարհին շարունակելով վիրավորել և ֆիզիկական բռնության ենթարկել։
Դրանից հետո զինծառայողներին տարել են Ցխինվալիի կենտրոնական հրապարակ, որտեղ նրանց ծեծի է ենթարկել մեծ բազմություն, որի հիմնական մասը քաղաքացիական անձինք էին։
Ավելի ուշ զինծառայողներից մեկը՝ Ուշանգի Սոպրոմաձեն, ենթադրաբար գնդակահարվել է հարավօսական և ռուսական զինվորների կողմից։ Netgazeti-ի տվյալներով՝ նա սպանվել է 25 տարեկանում։
Մյուս զինծառայողներից մեկը՝ օս ծագում ունեցող Կախաբեր Խուբուլուրին, առանձնացվել է այն սենյակից, որտեղ պահվում էին վրացի զինծառայողները։
«Նրան դավաճան էին համարում օսական ծագման պատճառով»,- նշված է վճռում։
Հետագայում մյուս զինծառայողներին հայտնել են, որ նրան սպանել են, քանի որ նա «օս դավաճան» էր։
Խուբուլուրին սպանվել է 20 տարեկանում։
Դրանից հետո գերեվարված զինծառայողներին ստիպել են հուղարկավորել Սոպրոմաձեին։
Գերության ընթացքում նրանց շարունակաբար ծեծել են, ստիպել թքել Վրաստանի դրոշի վրա, իսկ քաղաքացիական անձինք հող են լցրել նրանց բերանը՝ ասելով.
«Այս հո՞ղն էիք ուզում, ահա՛, վերցրեք»։
Չիկվիլաձեի ներկայացրած գործով, որը վերաբերում էր նրա ամուսնու՝ Գիորգի Անցուխելիձեի սպանությանը, դատարանը նշել է, որ զինծառայողի մարմինը նույնականացվել է ԴՆԹ փորձաքննության միջոցով 2008-ի դեկտեմբերին, իսկ ընտանիքը նրա մահվան մասին տեղեկացել է 2009-ի հունվարին։
Վճռում հիշատակվում են տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես է 23-ամյա Անցուխելիձեն՝ ամբողջությամբ արյան մեջ, ձեռքերը մեջքին կապված վիճակում, հարցաքննվում զինվորների կողմից։
Դատարանը նշում է, որ տեսանյութում հնչում են ռուսերեն, վրացերեն և օսերեն խոսակցություններ։
Տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես են զինվորները ոտքերով կանգնում Անցուխելիձեի պարանոցին, ցատկում նրա մեջքին և, ըստ ամենայնի, ստիպում համբուրել գետինը։
Թե երբ է սպանվել Անցուխելիձեն, հստակ հայտնի չէ։ Նրան հետմահու շնորհվել է Վրաստանի ազգային հերոսի կոչումը։
Դատարանը Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել կատարվածի համար՝ նշելով, որ այն «իրականացրել է ընդհանուր կամ արդյունավետ վերահսկողություն Ցխինվալիի նկատմամբ և, հետևաբար, պատասխանատու է եղել հարավօսական ռազմական և կիսառազմական կազմավորումների գործողությունների համար»։
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Սոպրոմաձեի կնոջն ու երեխաներին, Խուբուլուրիի մորը, ինչպես նաև Անցուխելիձեի կնոջն ու երեխաներին վճարել 65 հազար եվրո փոխհատուցում։
Մնացած դիմումատուներից յուրաքանչյուրին դատարանը հատկացրել է 40 հազար եվրո փոխհատուցում։
Թե ինչպես են այդ վճիռները կատարվելու, առայժմ պարզ չէ, քանի որ Ռուսաստանը 2022-ին դադարեցրել է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ինչի հետևանքով այլևս չի հանդիսանում նաև ՄԻԵԴ-ի իրավազորության մասնակից։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












