Գլխավոր Լրահոս

Էկրանի ժամանակը կարող է վնասակար լինել մինչև երկու տարեկան երեխաների զարգացման համար

Էկրանի ժամանակը կարող է վնասակար լինել մինչև երկու տարեկան երեխաների զարգացման համար

Մինչև երկու տարեկան մանուկների և փոքրիկների կողմից էկրանների առջև անցկացրած ժամանակը կապված է առողջության և կյանքի որակի վրա երկարաժամկետ բացասական ազդեցության հետ, ուստի դրանից պետք է խուսափել։ Այս մասին գրում է The Guardian-ը կրթության հարցերով թղթակից Սալլի Ուիլը, անդրադառնում նոր հրապարակված լայնածավալ մի ուսումնասիրության։

Ուսումնասիրությունը զգուշացնում է, որ այդ տարիքում էկրանների օգտագործումը կարող է հանգեցնել զարգացման լայն շրջանակի խնդիրների, և կոչ է անում շտապ ուսումնասիրել այն ռիսկերը, որ սմարթֆոնները, պլանշետներն ու այլ թվային սարքեր ներկայացնում են նորածինների համար։ Այն պահին, երբ ուշադրությունը կենտրոնացած է դեռահասների թվային սովորությունների և մինչև 16 տարեկաններին սոցցանցերից արգելելու կառավարական ծրագրերի վրա, հետազոտողները մտահոգված են քաղաքականության մեջ «մանկական կույր գոտու» գոյությամբ՝ ժամանակ, երբ էկրանների օգտագործումը դարձել է առօրյա ծնողավարության անբաժան մաս։

Հետազոտությունը համատեղ ղեկավարած Լիդսի համալսարանի (University of Leeds) մեդիայի և հաղորդակցության ավագ դասախոս Ռեյֆ Քլեյթոնը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը, ասում է, որ ծնողները, սեփական էկրանի օգտագործման վերաբերյալ ուղղորդում չունենալով, «ակամա սովորեցնում են երեխաներին ու մանուկներին զարգացնելու անառողջ սովորություններ ու հարաբերություններ էկրանային սարքերի հետ»։ «Սա պետք է փոխվի»,- ասել է նա։

Թերթի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունը, որը ներկայացվում է որպես տվյալ թեմայով հասանելի գլոբալ հետազոտությունների մինչ օրս ամենահամապարփակ գնահատականը, կառավարությանը կոչ է անում վերանայել մինչև հինգ տարեկանների էկրանի ժամանակի վերաբերյալ վերջերս հրապարակած ուղեցույցը։ Գործող ուղեցույցը խորհուրդ է տալիս խուսափել մինչև երկու տարեկանների էկրանային ժամանակից, սակայն վերապահումով՝ «բացի այն համատեղ զբաղմունքներից, որոնք խրախուսում են կապը, փոխգործակցությունն ու զրույցը»։

Նոր ուսումնասիրությունը, սակայն, ինչպես գրում է Գարդիանը, ի ցույց է դնում էկրանային ժամանակի հետ կապված հնարավոր վնասների լայն շարք՝ ծնողների ու խնամակալների հետ կապ հաստատելու նվազ հնարավորություններ, այլ երեխաների հետ ֆիզիկական խաղի ավելի քիչ ժամանակ և լեզվական զարգացման սահմանափակում։ Նշվում է նաև, որ նման վաղ տարիքում էկրանի օգտագործումը կարող է մեծացնել գերգրգռվածությունն ու քնի դժվարությունները, ինչպես նաև հետևանքներ ունենալ աչքի առողջության և մանկական գիրության առումով։ Մտահոգություն կա նաև, որ նորածինները հանգստանալու համար դիմում են թվային սարքերին, ոչ թե ծնողին։

Թերթը հստակեցնում է, որ բրիտանական չորս համալսարանների՝ Action on Digital Device Immersive Conditions Team անվանումը կրող հետազոտողների խմբի կատարած վերանայումը պատճառահետևանքային կապ չի հաստատել էկրանի օգտագործման և զարգացման կոնկրետ խնդիրների միջև։ Այնուամենայնիվ, այն կտրուկ է. «Մինչև երկու տարեկան որևէ երեխա չպետք է ստանա կանոնավոր, դիտավորյալ էկրանային ժամանակ։ Պասիվ ենթարկվածությունը հասարակության մեջ անխուսափելի է, ուստի դիտավորյալ օգտագործում ավելացնելը մեծացնում է ռիսկը՝ առանց որևէ իմաստալից օգուտի»։

Ուսումնասիրությունը խորհուրդ է տալիս վերանայել ցանկացած պաշտոնական ուղեցույց, որ մինչև երկու տարեկաններին ուղղորդում է դեպի կանոնավոր «համատեղ էկրանային ժամանակ», «ուսման համար էկրանային ժամանակ», «հաղորդակցության համար էկրանային ժամանակ» կամ հաշմանդամություն/ուսման դժվարություններ ունեցող երեխաների համար նախատեսված էկրանային ժամանակ, քանի որ դա ծնողների ու խնամակալների կողմից կարող է սխալ մեկնաբանվել՝ որպես անվտանգության կամ նույնիսկ խրախուսման ակնարկ։ Հետազոտողները զգուշացնում են, որ դա կարող է խնամակալներին հանգեցնել այն մտքին, թե մինչև երկու տարեկանների էկրանային ժամանակն առանց զարգացման վնասի է, ինչը կարող է խորացնել զարգացման ուշացումներն ու մեկուսացման վարքագիծն արդեն իսկ ավելի մեծ ռիսկի տակ գտնվողների մոտ։

Լիդսի, Լիդս Թրինիթիի, Լաֆբորոյի և Աստոնի համալսարանների հետազոտական խումբը կոչ է անում ներդնել «մանկական էկրանային ժամանակի ռիսկերի գնահատում»՝ ընտանիքներին նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Համահեղինակ, Լիդս Թրինիթի համալսարանի (Leeds Trinity University) ընտանեկան ու մշակութային դինամիկայի պրոֆեսոր Կարմեն Քլեյթոնն ասում է, որ կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես ավելի լավ շփվել ընտանիքների հետ խնդրահարույց էկրանային օգտագործման շուրջ՝ զգայուն լինելով դատապարտվելու այն վախի հանդեպ, որ ունենում են շատ ծնողներ նման թեմաների մասին խոսելիս։

Մյուս կողմից, ինչպես գրում է թերթը, Անգլիայի մանկական հարցերով հանձնակատար Ռեյչել դե Սուզան, որը մասնակցել է կառավարական ուղեցույցի մշակմանը, նշում է, որ այն նպատակ ունի աջակցել, ոչ թե փոխարինել ծնողական դատողությունը. մինչև երկու տարեկանների համար էկրանից խուսափելու հանձնարարականը հստակ է, սակայն հաշվի է առնում ժամանակակից աշխարհի իրողությունները, օրինակ՝ հարազատների հետ տեսազանգերն ու ուղեկցվող ուսումը։ Կրթության նախարարության ներկայացուցիչը նույնպես պաշտպանել է ուղեցույցը՝ այն բնութագրելով որպես իր տեսակի մեջ առաջինը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում