Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Գերմանիայում գործող ոչ առևտրային Algorithm Watch կազմակերպության պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում հակակառավարական ցուցարարներին նույնականացնելու համար օգտագործում են դեմքը ճանաչող ռուսական տեխնոլոգիա։
Կազմակերպության տվյալներով՝ խոսքը Polyface ծրագրի մասին է, որը մշակել է Մոսկվայում գործող Papillon AO ընկերությունը։ Վերջինս Արևմուտքի պատժամիջոցների տակ է և կապեր ունի Ռուսաստանի անվտանգության ծառայության հետ։
Հետաքննությունն ուսումնասիրել է, թե ինչպես են վրացական իշխանությունները հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել այն ցուցարարներին, որոնք մասնակցել են 2024-ի նոյեմբերից Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաներին։
Տե՛ս նաև՝ Վրաստանում մարդկանց տուգանում են հրապարակային մեկնաբանությունների համար՝ նույնիսկ առանց բողոքի
Ցույցերը սկսվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացից հետքայլ կատարելու որոշումից հետո։ Թեև դրանց մասշտաբները ժամանակի ընթացքում նվազել են, բողոքի ակցիաները շարունակում են անցկացվել մայրաքաղաքի կենտրոնում։
Բողոքի ցույցերի սկսվելուց հետո խորհրդարանի շենքի՝ բողոքի ակցիաների հիմնական վայրի, ինչպես նաև հարակից փողոցների շրջանում տեղադրվել են չինական արտադրության PTZ (շրջվող, թեքվող և խոշորացնող) տեսախցիկներ։
Դիտորդները հայտնել են դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման և քաղաքացիների կենսաչափական տվյալների զանգվածային մշակման հավանական դեպքերի մասին՝ ցուցարարների լայնածավալ նույնականացման ֆոնին։
Այս գործերով ոստիկանության կազմած արձանագրություններում դեմքի ճանաչման համակարգերի կիրառման մասին ուղղակի հիշատակում չկա։
Փոխարենը ոստիկանները նշում են «հատուկ էլեկտրոնային համակարգի» մասին, որտեղ, ըստ նրանց, բեռնվում են տեսախցիկների տեսագրությունները և օգտագործվում «ենթադրյալ իրավախախտներին» նույնականացնելու համար։
Տե՛ս նաև՝ Վրաստանի խորհրդարանն ընդունել է ցույցերը սահմանափակող օրենք
Algorithm Watch-ի պնդմամբ՝ ոստիկանության հիշատակած համակարգն իրականում Polyface-ն է՝ դեմքը ճանաչող ռուսական ծրագիրը, որը, կազմակերպության ուսումնասիրած պայմանագրերի համաձայն, Վրաստանը գնում է դեռ 2013-ից։
Ծրագրի մշակող Papillon AO-ն ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ճապոնիայի պատժամիջոցների տակ է։
«Ընկերության արտադրանքը հիմնականում օգտագործում են Ռուսաստանի իրավապահ մարմինները և Ռուսաստանի հետ կապված պետությունները, այդ թվում՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Բելառուսը»,- նշվում է զեկույցում։
Հետաքննության համաձայն՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության գնած ծրագրի վերջին տարբերակը մատակարարվել է 2025-ի հունիսի սկզբին։
«Polyface-ը հիմնված է խոր ուսուցման (deep learning) ալգորիթմի վրա, որը մշակել է Նովոսիբիրսկում գործող ռուսական արհեստական բանականության 3DiVi ընկերությունը՝ Ռուսաստանի պետական վենչուրային հիմնադրամի աջակցությամբ։ Այն կարող է բարձր լուծաչափով նկարահանել մեծ բազմություններ նույնիսկ վատ լուսավորության պայմաններում և ճանաչել մարդկանց դեմքերը՝ նույնիսկ դիմակի կամ դեմքի մասնակի ծածկվածության դեպքում»,- նշվում է հետաքննությունում։
Algorithm Watch-ը նաև նշում է, որ Papillon AO-ն «ռուսական օրենսդրությամբ պարտավոր է, պահանջի դեպքում, համագործակցել Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ»։
OC Media-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել։
Ցուցարարների զանգվածային նույնականացումն ուղեկցվել է ճանապարհը փակելու համար 5 հազար լարի (1,900 դոլար) տուգանքների լայն կիրառմամբ, ընդ որում՝ բազմաթիվ ցուցարարներ տուգանվել են մի քանի անգամ։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) տվյալներով՝ միայն 2024-ի նոյեմբերից մինչև 2025-ի մարտ ճանապարհ փակելու համար նշանակված տուգանքների ընդհանուր գումարը հասել է 2 միլիոն լարիի (760 հազար դոլար)։
Տուգանքների այս ալիքը թուլացավ, երբ խորհրդարանը 2025-ի հոկտեմբերին շտապ կարգով ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով բողոքի ակցիաների հետ կապված մի շարք վարչական իրավախախտումների, այդ թվում՝ ճանապարհ փակելու համար նախատեսված տուգանքները փոխարինվեցին ազատազրկմամբ։
Դրանից հետո տասնյակ ցուցարարներ դատապարտվեցին մի քանի օր տևող վարչական կալանքի։












