Գլխավոր Լրահոս

Վրաստանում մարդկանց տուգանում են հրապարակային մեկնաբանությունների համար՝ նույնիսկ առանց բողոքի

Վրաստանում մարդկանց տուգանում են հրապարակային մեկնաբանությունների համար՝ նույնիսկ առանց բողոքի

Իլյուստրացիան՝ OC Media-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում այսպես կոչված «ատելության խոսքի դեմ պայքարի» նոր վարչության ստեղծումից հետո դատարանները մի շարք քաղաքացիների տուգանել են ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին արված մեկնաբանությունների համար։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները նշում են, որ որևէ բողոք չեն ներկայացրել, իսկ նրանցից մեկը ենթադրում է, որ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե «օրենքը հավասարապես կիրառում են բոլորի նկատմամբ»։

Հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարը համակարգելու նպատակով ստեղծված վարչությունը պաշտոնապես սկսել է գործել հունիսի 1-ին՝ Ներքին գործերի նախարարության կազմում։ Գործունեության առաջին երկու շաբաթվա ընթացքում այն շուրջ 60 գործ է փոխանցել դատարաններ՝ օրենքի խախտում համարված հրապարակային հայտարարությունների և մեկնաբանությունների համար։

Տե՛ս նաև՝ Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

Թեև վարչության ստեղծումից հետո լայնորեն հայտնի դարձած առաջին դեպքը վերաբերում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նինո Ցիլոսանիի հասցեին արված մեկնաբանությանը, հետագայում պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի ևս տուգանվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիայի մասին գրառման համար։

«Հենց նոր լրատվամիջոցներից իմացա, որ ինչ-որ Գիորգի Գեդենիձե 2 հազար լարի (մոտ 750 դոլար) տուգանք է ստացել ինձ Ֆեյսբուքում վիրավորելու համար», - երեքշաբթի գրել է Գվարամիան՝ հավելելով, որ չի ճանաչում այդ անձին և նույնիսկ չգիտի, թե վերջինս ինչ է գրել իր մասին։

Նա իրավիճակն անվանում է «խելահեղություն»՝ հարցնելով, թե ինչպես կարող է պետությունը պնդել, որ պաշտպանում է իր արժանապատվությունը՝ նույնիսկ չստուգելով, արդյոք ինքը վիրավորված է զգում, թե ոչ։

«Եվ դա անում են նույն իշխանությունները, որոնք ինձ շանտաժի են ենթարկել, չորս անգամ ձերբակալել, դարաններ կազմակերպել, ընտրություններից առաջ ամբողջ Թբիլիսիում իմ լուսանկարներն են փակցրել, գաղտնի նկարահանել են կնոջս ու երեխայիս և հետո այդ տեսանյութն ուղարկել ինձ։ Իսկ թե էլ ինչ են արել, միայն իրենք գիտեն»,- գրել է նա։

Գվարամիայի դեպքից հետո հայտնի դարձավ ևս երկու տուգանքի մասին, որոնք վերաբերում էին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Սանիկիձեի և «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Գեգելիայի հասցեին արված մեկնաբանություններին։

Գեգելիան հայտնել է, որ գործի մասին տեղեկացել է Բաթումիի քաղաքային դատարանից ստացած զանգից։ Նրա խոսքով՝ ինքը որևէ բողոք չի ներկայացրել և հարգում է քաղաքական կարծիքի արտահայտման ազատությունը՝ անկախ նրանից, թե ինչ տեսակետ է հնչեցվում։

«Ռեժիմը, որը քաղաքական հետապնդումների է ենթարկում մարդկանց, արգելում է կուսակցություններ, պատանդ է պահում քաղբանտարկյալներին, հազարավոր տրոլների միջոցով հարձակվում ու վիրավորում է ընդդիմախոսներին և չի պատժում բռնարարների ճնշող մեծամասնությանը, հիմա փորձում է ներկայացնել, թե իբր պայքարում է ատելության խոսքի դեմ և օրենքը հավասարապես կիրառում է բոլորի նկատմամբ», - հայտարարել է Գեգելիան՝ հավելելով, որ չի մասնակցելու այդ «ֆարսին»։

Սանիկիձեն ևս միացել է քննադատություններին։ Նա նշել է, որ իրեն ուղղված վիրավորանքների համար տուգանքներ սահմանելու որոշումը անհեթեթ է, քանի որ սոցիալական ցանցերում իր դեմ գործող «տրոլներն ու բոտերը» հենց իշխանությունների վերահսկողության տակ են։

«Ո՞ւմ է պետք ձեր պաշտպանությունը», - գրել է նա Ֆեյսբուքում՝ դիմելով պետությանը։

Վրացական իշխանությունները նոր վարչության ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էին մայիսի կեսերին։ Թեև այն ներկայացվում էր որպես ատելության խոսքի դեմ պայքարի միջոց, քննադատները արագորեն այն բնութագրեցին որպես պետական գրաքննության ընդլայնում։

Ոմանք այն ծաղրական կերպով անվանում են «սքրոլի և սքրինշոթների վարչություն»՝ ակնարկելով, որ կառույցը մշտադիտարկում է քաղաքացիների սոցիալական ցանցերի ակտիվությունը։

Վրաստանի դատարանները հրապարակային հայտարարությունների համար մարդկանց պատժելիս հիմնականում հենվում են վարչական օրենսգրքի երկու հոդվածների վրա՝ մանր խուլիգանության և պետական կամ քաղաքական պաշտոնյային վիրավորելու մասին։ Վերջին դրույթը օրենսգրքում ավելացվել է միայն 2025-ի փետրվարին։

«Մշտադիտարկում է իրականացվում, և երբ հնարավոր խախտում է հայտնաբերվում, ոստիկանությունը սկսում է տեղեկություններ հավաքել տվյալ անձի վերաբերյալ», - լրագրողներին ասել է ՆԳՆ իրավաբան Սալոմե Կիրիան։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում