Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության նորաստեղծ վարչությունը, որի հայտարարված նպատակն է պայքարել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ, գործունեության առաջին երկու շաբաթվա ընթացքում տասնյակ գործեր է փոխանցել դատարաններ։ Հանրությանը հայտնի դեպքերից մեկով Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է փաստաբան Շոթա Թութբերիձեին՝ իշխող կուսակցության պատգամավոր Նինո Ցիլոսանիի հասցեին սոցիալական ցանցում գրած մեկնաբանության համար։
Թութբերիձեի դեմ վճիռը հունիսի 15-ին կայացրել է դատավոր Դավիթ Մակարաձեն՝ նրան տուգանելով 4 հազար լարիով (մոտ 1,5 հազար դոլար)՝ պաշտոնատար անձին վիրավորելու համար։
Գործը վերաբերում էր հունիսի 1-ին Ցիլոսանիի ֆեյսբուքյան գրառման տակ Թութբերիձեի թողած մեկնաբանությանը։ Գրառմամբ պատգամավորը տեղեկացրել էր Վրաստանի խորհրդարանական պատվիրակության՝ Կանադա կատարած այցի մասին։
«Այնտեղ էլ մորդ հետույքը կհայհոյե՞ն, Նինիկո, թե՞ պարզապես կենդանաբանական այգի կգնաք ու անմիջապես կվերադառնաք»,- գրել էր Թութբերիձեն՝ անդրադառնալով Ցիլոսանիի այցին։
Ըստ հաղորդումների՝ Թութբերիձեի մեկնաբանության վերաբերյալ նյութերը դատարան է փոխանցել հենց նորաստեղծ վարչությունը, որի գործունեության պաշտոնական մեկնարկը համընկել է նրա այդ գրառման օրվա հետ։
Արձագանքելով որոշմանը՝ Թութբերիձեն նշել է, որ դատարանը գործը քննել է՝ առանց Ցիլոսանիի ցուցմունքը լսելու։ Վրաստանում «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ նա պատրաստվում է բողոքարկել որոշումը, թեև չի ակնկալում, որ վերաքննիչ դատարանը այլ եզրակացության կգա։
«Ես նույնիսկ ազատազրկում էի սպասում [...] մենք գիտենք, թե ինչպիսի դատական համակարգի հետ գործ ունենք»,- «սԱզատության» փոխանցմամբ՝ ասել է Թութբերիձեն։
Սակայն սա նոր վարչության միակ գործը չէ։
OC Media-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչության ստեղծումից ի վեր երկրի տարբեր դատարաններ է ուղարկել շուրջ 60 գործ։
«Դրանցից 30-ի դեպքում արդեն նշանակվել են նախնական դատական նիստեր։ Յոթ գործով արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- հավելել է նախարարությունը։
Թեև գերատեսչությունը չի մանրամասնել դատական որոշումների բովանդակությունը, ընդգծել է, որ իր ներկայացրած առաջին գործով վճիռը կայացվել է դեռ հունիսի 12-ին՝ Թութբերիձեի տուգանվելուց մի քանի օր առաջ, արևմտյան Վրաստանի Օնի քաղաքում։
Վրացական իշխանությունները վարչության ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էին մայիսի կեսերին։ Թեև պաշտոնապես այն ներկայացվում էր որպես ատելության խոսքի դեմ պայքարի գործիք, քննադատները նախաձեռնությունը բնութագրեցին որպես պետական գրաքննության ընդլայնում։
Ոմանք այն ծաղրական կերպով անվանել են «սքրոլի և սքրինշոթների վարչություն»՝ մատնանշելով սոցիալական ցանցերում քաղաքացիների ակտիվության մշտադիտարկումը։
Վրաստանի դատարանները քաղաքացիներին սոցիալական ցանցերում հրապարակումների համար պատժում էին նաև մինչև այս կառույցի ստեղծումը։ Դրա հիմքը 2025-ի փետրվարին ընդունված օրենսդրական փոփոխություններն էին, որոնցով պետական և քաղաքական պաշտոնյաներին վիրավորելը ճանաչվել էր վարչական իրավախախտում։
Փոփոխությունների համաձայն՝ նման արարքի համար առաջին անգամ կարող են սահմանվել տուգանք կամ մինչև 45 օր վարչական կալանք, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև 60 օր կալանք։
Այս փոփոխությունները վերջին երկու տարիներին ընդունված մի շարք սահմանափակող օրենքներից են, որոնց միջոցով իշխող կուսակցությունը թիրախավորել է իր քննադատներին՝ ներառյալ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը, ակտիվիստներին և քաղաքական ընդդիմությանը։
Դրանից հետո վրացական դատարանները կառավարության մի շարք քննադատների տուգանել են սոցիալական ցանցերում արված գրառումների ու մեկնաբանությունների համար, իսկ ոմանց նաև օրերով կալանավորել։ Սակայն նոր վարչության ստեղծումը, ըստ ամենայնի, ավելի է ակտիվացրել այդ գործընթացը։
«Ընդհանուր դատարաններ ներկայացված գործերի քննությունը շարունակվում է ամեն օր, և հանրությունը փուլ առ փուլ տեղեկացվում է ընթացիկ վարույթների ու դրանց արդյունքների մասին»,- OC Media-ին հայտնել է նախարարությունը։
Մայիսին նախաձեռնությունը ներկայացնելիս իրավապահ մարմինների միջև համակարգման պետական նախարար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ նոր վարչությունը զբաղվելու է «հանրային հաղորդակցության ցանկացած ձևով», որը պետությունը կհամարի պատժելի, և գործելու է «նախաձեռնող» սկզբունքով՝ առանց պարտադիր բողոքների։
«Գերատեսչությունն ինքն է իրականացնելու մոնիթորինգը, պատրաստելու իրավական գնահատականներ և անհրաժեշտության դեպքում նյութերը փոխանցելու դատարան»,- ասել էր Մդինարաձեն։











