Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևին պարգևատրել է «օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար»։ Սակայն Սոլտաևի պաշտոնավարման ողջ ընթացքում Չեչնիայում շարունակվել են մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները։
Պուտինը Սոլտաևին պատվոգիր է հանձնել հունիսի 26-ին։
Սոլտաևը Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնում է 2021-ի դեկտեմբերից։ Գերատեսչության կայքի համաձայն՝ նա պարբերաբար հրապարակում է բնակիչների դիմումների քննության, զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության, իրավաբանական խորհրդատվության և պետական մարմինների հետ համագործակցության վերաբերյալ հաշվետվություններ։
Պարգևատրումը տեղի ունեցավ, երբ մեկ ամիս առաջ Սոլտաևը խոսեց Հյուսիսային Կովկասում կանանց վիճակի մասին՝ անվստահելի որակելով այնտեղ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրապարակումները։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կովկասում կանայք հատուկ պաշտպանության ներքո են և բարձր դիրք ունեն հասարակությունում։
Սոլտաևը նաև պարբերաբար հայտարարում է, որ Չեչնիայում բնակիչների իրավունքներն ու ազատությունները պահպանվում են։
Նա իրավապաշտպանների հրապարակումները առևանգումների, խոշտանգումների, գաղտնի բանտերի, Ուկրաինայի դեմ պատերազմին մարդկանց հարկադիր հավաքագրման և այսպես կոչված «հանուն պատվի սպանությունները» բնութագրել է որպես արևմտյան հատուկ ծառայությունների սադրանք։
Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունն ընթանում է այն պայմաններում, երբ տարիներ շարունակ հրապարակվում են տեղեկություններ հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին։
Միջազգային կազմակերպություններն ու ռուսական անկախ իրավապաշտպան խմբերը նախկինում փաստագրել են առևանգումների, խոշտանգումների, իշխանությունների քննադատների նկատմամբ հետապնդումների և հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հարազատների նկատմամբ ճնշումների դեպքեր։
Չեչնիայի իշխանությունները սովորաբար հերքում են այդ մեղադրանքները։
2022-ի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո իրավապաշտպանները նաև հաղորդել են պատերազմի համար Չեչնիայի բնակիչների հարկադիր հավաքագրման, զորակոչային տարիքի տղամարդկանց նկատմամբ ճնշումների և ձերբակալությունների մասին։
Իր հերթին Չեչնիայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են պատերազմի համար կամավորների հավաքագրման և ռազմաճակատ մարտիկներ ուղարկելու մասին։
Սոլտաևը հրապարակայնորեն մերժել է Չեչնիայի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները՝ պնդելով, որ իր գրասենյակն իսկապես զբաղվում է հանրապետության բնակիչների իրավունքների պաշտպանությամբ։
Իր կայքում նա գրել է, որ յուրաքանչյուր քաղաքացու դիմում իր համար «պատասխանատվություն» է, իսկ գլխավոր նպատակը մարդկանց օգնություն ցուցաբերելն է։
Սոլտաևի հետ կապված ամենահայտնի գործերից մեկը Սեդա Սուլեյմանովայի անհետացման դեպքն է։
Սուլեյմանովան հեռացել էր Չեչնիայից, և ըստ իրավապաշտպանների՝ վախենում էր վերադառնալ հարազատների մոտ՝ այսպես կոչված «հանուն պատվի սպանության» վտանգի պատճառով։
2023-ի օգոստոսին ոստիկանները Սանկտ Պետերբուրգում հայտնաբերեցին Սուլեյմանովային և հանձնեցին հարազատներին, որից հետո նրան տեղափոխեցին Չեչնիա։
Սոլտաևը հրապարակեց Սուլեյմանովայի հետ հանդիպման լուսանկարն ու տեսանյութը՝ հայտարարելով, որ նա ապահով վիճակում է և որևէ բողոք չունի։ Սակայն Չեչնիա վերադառնալուց հետո Սուլեյմանովայի հետ կապը կորավ։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ նա, հնարավոր է, սպանվել է։
2025-ի աշնանը Սոլտաևը իրավապաշտպաններին մեղադրեց Այշաթ Բայմուրադովայի սպանության համար։ Չեչնիայից փախած Բայմուրադովան, որը փորձել էր փրկվել ընտանեկան բռնությունից, ավելի ուշ սպանված էր հայտնաբերվել Երևանում։
Այդ ժամանակ Սոլտաևը դարձավ Չեչնիայի իշխանությունների կողմից ճգնաժամային կենտրոնների դեմ սկսված արշավի ամենաակտիվ հրապարակային պաշտպաններից մեկը։
Սոլտաևը մեկնաբանել է նաև Չեչնիայի բնակիչների ձերբակալությունների և ահաբեկչության մեղադրանքներով հարուցված գործերը։
2024-ին, երբ Մոսկվայի ոստիկանության բաժանմունքում մահացավ Ասխաբ Ուսպանովը, Սոլտաևը հայտարարեց, թե վերջինս ինքնասպան է եղել։
Ավելի վաղ չեչենական ընդդիմադիր 1ADAT շարժումը հայտնել էր, որ Ուսպանովը մահացել է խոշտանգումների հետևանքով։
Միևնույն ժամանակ, Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտարարել է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող չեչենների իրավունքների ենթադրյալ խախտումների մասին։
2023-ի մայիսին նա քննադատել էր Եվրոպայի մի շարք երկրներում չեչեն ընտանիքներից երեխաներին խլելու դեպքերը։
2024-ին Սոլտաևը դիմել էր իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել «Ռուսական համայնք» (Russkaya Obschina) կազմակերպության գործունեությունը՝ Չեչնիայի բնակիչներից ստացված բողոքների հիման վրա։
Նա մասնավորապես հիշատակել էր տեսանյութ, որտեղ, իր խոսքով, «Ռուսական համայնքի» անդամ ներկայացող անձինք ստուգում էին անցորդների փաստաթղթերը։












