Հուլիսի 6-ին վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը, նրան պատկանող գրեթե բոլոր ձեռնարկություններում, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Մեկ տասնյակից ավելի ձեռնարկությունների մասին է խոսքը, այդ թվում «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և այլն»,- ասել է Տոնոյանը։
ՍիվիլՆեթի աշխատակիցը հայտնում է, որ առավոտյան ժամը 8-ին իրավապահները սկսել են խուզարկել նաև Ծառուկյանին պատկանող Multi Wellness մարզասրահը, ինչի համար հաճախորդներին խնդրել են հեռանալ մարզասրահից։
Հունիսի 25-ին Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ԿԸՀ-ից տեղեկացրել էին, որ միջնորդությունը կքննեն ՍԴ որոշումից հետո։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողնեց ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինի երեք խմբակցություն.
1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,
2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,
3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու հնարավորությունից զրկելուց հետո Դատախազությունը խախտումներ է արձանագրում Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։
Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նախընտրական քարոզարվաշի ժամանակ Ծառուկյանի կուսակցությանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներին անվանում էին «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանը պնդում էր, թե նրանց նպատակն է գալ իշխանության ու խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և խոստանում նրանց ունեզրկել»։
***
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկի փուլում ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքներ և հունիսի 14-ին հաստատեց վերջնական արդյունքները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Դրա հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չհաջողվեց վերականգնել անհրաժեշտ ձայները և հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը, ինչից հետո ԿԸՀ-ի որոշումը քննադատեցին ընդդիմադիր ուժերն ու դիտորդները։












