Գլխավոր Լրահոս

Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է «Արարատցեմենտի» «Ոսկե բանալին»

Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է «Արարատցեմենտի» «Ոսկե բանալին»

Գևորգ Թոսունյան

Գլխավոր դատախազությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում փաստացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու հնարավորությունից զրկելուց հետո սա Ծառուկյանին ընտանիքին պատկանող բիզնեսների դեմ գործերից հերթականն է։ 

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2003-ի հունվարի 9-ին վարչապետի որոշմամբ Արարատ քաղաքի մոտ 44,4 մլն դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառվել է մրցույթով՝ նվազագույն գին սահմանելով 6,5 մլն դրամը:

Ընկերությունը 2003-ի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30,000  դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ: Հետագայում, սակայն, ներկայացրել է կեղծ փաստաթղթերъ իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները:

Դատախազությունը պնդում է, որ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը չի ստուգել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հանգամանքը, դրանք համարել է կատարված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 44,3 մլն դրամի գույքային վնաս:

«ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյան, գրանցման հիմքում դնելով ոչ վերաբերելի որոշումներ, 2004-ի հունիսի 10-ին «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցել 1468,70 քմ մակերեսով առողջարանի շենքի և շինությունների նկատմամբ, իսկ դրանցով ծանրաբեռնված՝ 3,165 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Դատախազը հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտի» սեփականության իրավունքն առոչինչ ճանաչելու վերաբերյալ։

Փաշինյանի հայտարարություններն ու Ծառուկյանի դեմ գործողությունները

Վարչապետ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև լարվածությունը գագաթնակետին հասավ նախըտրական քարոզարշավի ընթացքում և շարունակվում է առ այսօր։

Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նախընտրական քարոզարվաշի ժամանակ Ծառուկյանի կուսակցությանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներին  անվանում էին «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանը պնդում էր, թե նրանց նպատակն է գալ իշխանության ու խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և խոստանում նրանց ունեզրկել»։

Ծառուկյանն իր հերթին Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու, Հայաստանի համար տնտեսական խնդիրների առաջացնելու, ինչպես նաև Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ։

Նիկոլ  Փաշինյանի հռետորաբանությանը զուգահեռ ակտիվանում էին նաև Գագիկ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ ճնշումները։

Մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պատկանող ամենամեծ ակտիվտ՝ «Արարատցեմենտը», վերադարձվելու է պետությանը։ Նույն օրը Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բացի այդ, իրավապահները «Արարատցեմենտ» ընկերության հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել էին մի շարք խախտումներ:

Բացի այդ գլխավոր դատախազությունը դիմել էր կառավարություն՝ առաջարկելով ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակել:

1927-ին հիմնադրված և մինչև 2002-ը որպես պետական ձեռնարկություն գործած «Արարատցեմենտ» գործարանը սեփականաշնորհվել է 2002-ին՝ 200,000 դոլարով` անցնելով Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը։ Գործարքից մի քանի ամիս անց՝ 2003-ին, գործարանի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, իսկ 2006-ին ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը պաշտոնապես ձևակերպվել է անձամբ գործարարի անունով։

Գագիկ  Ծառուկյանի եկամուտների առյուծի բաժինը ձևավորվում է հենց այս ընկերությունից։ Ծառուկյանը 2025-ի ապրիլից մինչև 2026-ի ապրիլի 1-ը «Արարատցեմենտից» 4,1 մլրդ դրամ շահաբաժնի տեսքով եկամուտ է ստացել և 950 մլն դրամ էլ ստացել է փոխառություն։ 

Հունիսի 15-ին էլ հայտնի դարձավ, որ անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» սեփականությոան իրավունքը։ Այս կոմիտեի տնօրենը Գագիկ Ծառուկյանն է։ 

Ծառուկյանի փեսայի դեմ ընթացող գործընթացներ

Հունիսի 10-ին հայտի դարձավ նաև, որ Կոտայքի նախկին մարզպետ, Ծառուկյանի դստեր ամուսին Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: 

Հունիսի 9-ին դատախազությունից հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Ըստ դատախազության՝ մայիսի 12-ին պետության իրավունքն է գրանցվել Կարապետ Գուլոյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի (Գագիկ Ծառուկյանի դստեր) տան նկատմամբ: Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Գուլոյանը բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը վնասել է: 

Մայիսի 29-ին Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Գուլոյանն ու Ծառուկյանը գողություն են կատարել արդեն պետությանը պատկանող, բռնագանձված տնից»։

«Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է։ Էդ մարդիկ էնքան գող են, որ դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է, դրանից հետո գնացել, տնից գողություն են արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված։ Ծառուկյան Գագոն և փեսան գնացել, պատերից քարերը պոկել, մեր, ձեր տնից գողություն են արել»,- ասել էր Փաշինյանը։

Գագիկ Ծառուկյանն էլ պնդել էր, թե տունը չի վնասվել․ «Վարպետները ոչ թե քար քանդող-տանող են, այլ կառուցում են ու գեղեցկացնում։ Գուլոյանն ասել է, որ ես թեև չեմ ընդունում վճիռը, բայց պատրաստ եմ վճարել ու իմ հորական տունն ինձ ու երեխաներիս մնա։ Այդ քանդելը եղել է վճռից մեկուկես տարի առաջ»,- ասել էր Ծառուկյանը։

***

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկի փուլում ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքներ և հունիսի 14-ին հաստատեց վերջնական արդյունքները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Դրա հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չհաջողվեց վերականգնել անհրաժեշտ ձայները և հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը, ինչից հետո ԿԸՀ-ի որոշումը քննադատեցին ընդդիմադիր ուժերն ու դիտորդները։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում