Գործընկերային բովանդակություն
Երևանում տեղի է ունեցել «Էկո-Դպրոցներ» միջազգային ծրագրի համաժողովը, որը մեկ հարթակում համախմբել է կրթության և բնապահպանության ոլորտների ավելի քան 200 ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի գործընկերների։ «Էկո-Դպրոցներ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Այ Էս Էս Դի»՝ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության կողմից և մեկնարկել է 2024 թվականին՝ Synopsys Inc.-ի աջակցությամբ։
Համաժողովի գլխավոր իրադարձությունը միջազգային «Կանաչ դրոշ» (Green Flag) հավաստագրի արժանացած դպրոցների անունների հրապարակումն է եղել։ Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 և Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցները պաշտոնապես ստացել են «Կանաչ դրոշ»՝ դառնալով Հայաստանում առաջին երեք դպրոցները, որոնք արժանացել են բնապահպանական կրթության ոլորտի ամենաբարձր միջազգային գնահատականին՝ հաջողությամբ անցնելով ծրագրի յոթ փուլերը։

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան հատուկ այցով ժամանել է Բնապահպանական կրթության հիմնադրամի (Foundation for Environmental Education – FEE) «Էկո-Դպրոցներ» ծրագրի միջազգային կրթական ծրագրերի տնօրեն Օլիվիա Քոփսին։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ նրա այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային էկո-կրթական ցանցում ինտեգրվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
«Վերջին օրերին այցելել եմ մի շարք դպրոցներ և իսկապես տպավորված եմ այն լրջությամբ, որով մոտենում են «Էկո-Դպրոցներ» ծրագրի իրականացմանը։ Տեսել եմ աշակերտների մեծ նվիրվածությունն ու էներգիան. նրանք ստեղծել են հետաքրքիր նախագծեր, որոնք նպաստում են կրթության որակի բարձրացմանը»,- ասել է Քոփսին։
Համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ։

Միջոցառման շրջանակում գործել է նաև էքսպո-ցուցահանդես, որտեղ մասնակից դպրոցների աշակերտները ներկայացրել են իրենց մշակած և իրականացրած բնապահպանական նախագծերը, նորարարական գաղափարներն ու ձեռքբերումները։
«Այ Էս Էս Դի» ՀԿ-ն, որպես ծրագրի ազգային համակարգող, վերահաստատել է իր հանձնառությունը՝ ընդլայնելու ծրագրի աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպաստելով դպրոցներում կայուն զարգացման մշակույթի և էկոլոգիապես պատասխանատու սերնդի ձևավորմանը։












