Երևանում խցանումների խնդիրը հնարավոր չէ լուծել առանց ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումների։ Այս մասին նոյեմբերի 9-ին Ազգային ժողովում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խցանումները համարելով մայրաքաղաքի ամենահիմնարար խնդիրներից մեկը։
«Առանց սահմանափակումների մենք չենք կարող ունենալ որևէ լուծում»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ Երևանում ավտոմեքենաների թիվը շարունակելու է աճել։ Նրա գնահատմամբ՝ խնդրի լուծումը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը, ավտոբուսային առանձնացված գծերի ստեղծումը և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումների կիրառումն են։
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը արդեն մեզ մոտ այսպես ասած մի փոքր արդեն ավելի շքեղության բան պետք է դառնա»,- հայտարարել է նա։
Ավինյանը պնդել է, որ նոր ճանապարհների կառուցումը չի կարող ամբողջությամբ լուծել խցանումների խնդիրը, քանի որ ավտոմեքենաների թվի աճի պայմաններում նոր ճանապարհները նույնպես ծանրաբեռնվելու են։
«Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող ավելի ընդլայնվել»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ նույնիսկ ավտոմեքենաների համար նախատեսված լայն ճանապարհներ ունեցող ամերիկյան քաղաքներում խցանումների խնդիրը պահպանվում է։
Ավինյանը ներկայացրել է նաև Երևանի 100 խաչմերուկի ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքով՝ դիտարկված դեպքերի մոտ 85 տոկոսում խցանումներն սկսում են առաջանալ, երբ վարորդը կանաչ լույսի վերջին պահին մտնում և կանգնում է խաչմերուկում՝ խոչընդոտելով երթևեկությանը։
Քաղաքապետն ընդունել է, որ նման խախտումներ են թույլ տալիս նաև Երևանի հանրային տրանսպորտի վարորդները։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանն արդեն աշխատել է ավտոբուսային և էլեկտրատրանսպորտի ծառայությունների հետ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար, և նախատեսում է կրկնակի ուսումնասիրություն իրականացնել։
Խցանումների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ըստ Ավինյանի, ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնումն է։ Քաղաքապետարանի վերլուծության համաձայն՝ դրանց ներդրումը կարող է մինչև 30 տոկոսով արագացնել հանրային տրանսպորտի երթևեկությունը։
Ավինյանի խոսքով՝ առանձնացված գծերով երթևեկող 15 ավտոբուսը կարող է ավելի արագ շարժվել, քան առանց այդ գծերի երթևեկող 25 ավտոբուսը։
Միաժամանակ քաղաքապետն ընդունել է, որ այս փոփոխությունները դժվարություններ են ստեղծելու մարդատար ավտոմեքենաների համար։
«Բայց նաև անկեղծ լինելով պետք է հստակ արձանագրենք, որ սա ավելի մեծ խնդիր է ստեղծելու մարդատար ավտոմեքենաների համար»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել ավտոմեքենաների կայանման համապատասխան ենթակառուցվածքներ և հանրային տրանսպորտը դարձնել քաղաքում տեղաշարժվելու հուսալի միջոց։
Քաղաքապետը նշել է նաև, որ ավտոմեքենաների մեծ հոսքը նպաստում է ազոտի երկօքսիդի՝ NO₂-ի արտանետումներին, որոնք վտանգավոր են առողջության համար, հատկապես շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում։
Ավինյանն անդրադարձել է նաև փոքր վնասներով ավտովթարների պատճառով առաջացող խցանումներին։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել պարեկային ծառայության գործառույթները, որպեսզի թեթև բախումների դեպքում, երբ լուրջ վնասվածքներ չկան, պարեկների հիմնական խնդիրը լինի ճանապարհն արագ ազատելը, ոչ թե փոքր վնասների պարտադիր արձանագրումը։
Նրա խոսքով՝ այդ հարցով օրենսդրական փոփոխությունների քննարկումներ են ընթանում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ։
Քաղաքապետը հայտնել է նաև, որ Երևանի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում նախատեսվում է կրճատել «կարմիր գծերով» կայանման հնարավորությունները՝ երթևեկության անընդհատ հոսքն ապահովելու համար։
Ավելի ուշ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ավինյանը պարզաբանել է, որ մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց քաղաքային իշխանությունների օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ խոսքը մայրաքաղաքի տարբեր հատվածներում մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումների և հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման մասին է։
Երևանի իշխանությունները նախկինում ևս հայտարարել էին ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման ծրագրի մասին։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետը հայտնել էր, որ պիկ ժամերին հանրային տրանսպորտի երթևեկության ժամանակը որոշ երթուղիներում ավելանում է մինչև 70-80 տոկոսով։ Քաղաքապետարանի նպատակն է մինչև 2030-ը հանրային տրանսպորտով երթևեկության միջին ժամանակը կրճատել 30 տոկոսով։
Նոյեմբերի 9-ին Ավինյանը նաև հայտնել է, որ 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման ծրագրի շրջանակում սպասում են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցող խորհրդատուների վերջնական զեկույցին, որը պետք է ներառի նաև ավտոբուսային առանձնացված գծերի վերաբերյալ լուծումները։












