Գլխավոր Լրահոս

Ավինյանը պահանջում է «Աջափնյակ» կայարանի կառուցումը սկսել 2027-ին

Ավինյանը պահանջում է «Աջափնյակ» կայարանի կառուցումը սկսել 2027-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը սկսել 2027-ին՝ անկախ միջազգային գործընկերների հետ ընթացող բանակցությունների արդյունքներից։ Նա նաև պահանջել է, որ շինարարությունն իրականացնի հայկական ընկերություն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտասահմանյան ընկերությունների հետ։

«Մենք ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Բոլոր դեպքերում՝ կլինի այս գործընկերոջ հետ, կլինի մյուս գործընկերոջ հետ։ Արդեն ինձ, անկեղծ ասած, այդքան էլ գործընկերը չի հետաքրքրում, որքան բուն իրականացումը իմ աչքերով տեսնելը, որովհետև իրապես մենք շատ-շատ երկար ենք խոսել արդեն այս թեմայի մասին»,– հոկտեմբերի 26-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ Հայաստանում մետրոյի կառուցման մասնագիտական կարողությունները կորսվել են, և նոր կայարանի շինարարությունը պետք է հնարավորություն տա դրանք վերականգնելու։

«Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն։ Կոնսորցիումով կլինի, կբերի ինքը այլ գործընկերների հետ կանի»,– ասել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ նպատակն արտասահմանյան ընկերության կողմից մեկ կայարան կառուցելը չէ, այլ Հայաստանում մասնագետներ պատրաստելը և մետրոպոլիտենի հետագա ընդլայնման համար անհրաժեշտ կարողություններ ձևավորելը։

Ավինյանը հայտարարել է, որ եթե միջազգային գործընկերների պայմանները կամ ներքին ընթացակարգերը հակասեն հայկական ընկերության ներգրավման պահանջին կամ խոչընդոտեն շինարարությունը 2027-ին սկսելուն, ծրագիրը պետք է առաջ տանել առանց նրանց։

«Եթե մեր միջազգային գործընկերների որևէ ներքին ընթացակարգ մեր՝ այս հիմնական ասածի հետ անհամատեղելի է, պարզ է, տիկին Բաբայան։ Եվ այս ամենը այն պայմաններով, որ հաջորդ տարի սկսում ենք շինարարությունը։ Դա մեր ուղենիշն է»,– ասել է նա։

Սեպտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը։

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը հայտնել է, որ կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ են անցկացվել։

Նրա խոսքով՝ լսումների արդյունքներն ամփոփվում են, և այս շաբաթ փաստաթղթերի փաթեթը նախատեսվում է ուղարկել կառավարություն՝ քննարկման համար։

Ավինյանը հանձնարարել է գործընթացն այնպես կազմակերպել, որ կառավարությունը համապատասխան որոշումն ընդունի մեկ ամսվա ընթացքում։

Բաբայանը նաև հայտնել է, որ ընթանում են միջազգային ընկերությունների հետ նախնական քննարկումներ՝ ծրագրի կառավարման, շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության կազմակերպման շուրջ։ Զուգահեռ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման աղբյուրների հստակեցման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում միջազգային կազմակերպություններից մեկի հետ։ Ծրագրի նախապատրաստական աշխատանքների համար արդեն ներգրավվել են տեխնիկական աջակցության որոշակի միջոցներ։

***

«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը գնահատվում է շուրջ 98 մլրդ դրամ։ Հունվարի 12-ին Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը տեղեկացրել էր, որ նախագծային աշխատանքները, որոնք ընթացել են 2021-2025-ին, ավարտվել են, և 2026-2031-ին նախատեսվում է իրականացման փաստացի փուլը։

Կայարանի շինարարության մեկնարկի ժամկետները նախկինում մի քանի անգամ փոխվել են։ 2024-ի հունվարին Ավինյանն ակնկալում էր շինարարությունը սկսել նույն թվականին։ Ավելի ուշ մեկնարկը տեղափոխվել էր 2026 թվական։

2025-ի դեկտեմբերին Ավինյանը հայտարարել էր, որ 2026-ին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի կայարանի կառուցման մրցույթը՝ նշելով, որ նախագծի փորձաքննությունն արդեն ավարտված է։

2026-ի սեպտեմբերին քաղաքապետը հայտնել էր, որ արդեն կա ծրագրի կառավարման և շինարարական ընկերությունների նախնական ցանկ։ Այդուհանդերձ, հոկտեմբերի 26-ի դրությամբ շինարարությունը դեռ չի սկսվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում