Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման համար 2027-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2 մլրդ դրամ։ Կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցությունները դեռ պետք է վերջնականացվեն, իսկ գնման մրցույթը՝ անցկացվի։ Այս մասին նոյեմբերի 9-ին Ազգային ժողովում՝ 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ կառավարությունը 2027-ի համար ավելի մեծ հատկացում չի նախատեսել, քանի որ դեռ անհրաժեշտ է ավարտել բանակցությունները ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության հետ և իրականացնել գնման մրցույթը։
«Մեր կարծիքով 2 մլրդ-ից ավելի նախատեսելը մյուս տարվա համար իրատեսական չէր լինի»,- ասել է նախարարը։
Նա միաժամանակ հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա անհրաժեշտության դեպքում ավելացնելու գումարը։
«Մենք պայմանավորվածություն ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ եթե աշխատանքների ծավալը կամ ընթացքը ավելի արագ լինի, մենք էստեղ գումարներ կավելացնենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Այսպիսով, նախարարի ներկայացմամբ՝ 2 մլրդ դրամը 2027-ի համար նախատեսված սկզբնական հատկացումն է, որը կարող է ավելացվել աշխատանքների ավելի արագ ընթացքի դեպքում։
Ապրիլի 20-ին, Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր նոր կայարանի կառուցման ֆինանսավորման ավելի մեծ ցուցանիշներ։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը հայտնել էր, որ 2027-2028-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված են համապատասխանաբար 12 և 10 մլրդ դրամի ռեսուրսներ։
2027-ի պետական բյուջեի ներկայիս նախագծով նախատեսված գումարը 10 միլիարդ դրամով պակաս է ապրիլին հայտարարված միջնաժամկետ պլանային ցուցանիշից։
«Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 98 մլրդ դրամ։ Նախագծային աշխատանքներն իրականացվել են 2021-2025-ին, իսկ ծրագրի իրականացման փուլը նախատեսված է 2026-2031-ին։
Շինարարության մեկնարկի ժամկետները նախկինում մի քանի անգամ հետաձգվել են։ Հոկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր կայարանի կառուցումն անպայման սկսել 2027-ին՝ անկախ միջազգային գործընկերների հետ ընթացող բանակցությունների արդյունքներից։
«Մենք ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը»,- հայտարարել էր Ավինյանը։ Նա նաև պահանջել էր, որ շինարարությունն իրականացնի հայկական ընկերություն՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով արտասահմանյան գործընկերների։
Նախորդ տարիներին մետրոյի նոր կայարանի համար նախատեսված միջոցների մի մասը վերաբաշխվել է այլ ծրագրերի։
2025 թվականի պետական բյուջեով Աջափնյակի կայարանի համար սկզբնապես նախատեսված 9,64 մլրդ դրամից տարեվերջին մնացել էր շուրջ 1,6 մլրդ-ը։ Վերաբաշխված միջոցների մի մասն ուղղվել էր Երևանի համար 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերմանը։
Քաղաքապետարանը բացատրել էր, որ նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի ձգձգման պատճառով նախատեսված միջոցների ամբողջական օգտագործումը 2025-ին իրատեսական չէր։
2026-ի բյուջեով կայարանի կառուցման մեկնարկի և նախապատրաստական աշխատանքների համար կրկին նախատեսվել էր 2 մլրդ դրամ։
Նոյեմբերի 5-ին կառավարությունը որոշել է մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար 2026-ի բյուջեով նախատեսված միջոցներից շուրջ 839 մլն դրամ վերաբաշխել Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ճանապարհների նորոգման ու կառուցման աշխատանքներին։












