Սահմանազատման արդյունքում կլուծվի անկլավային գյուղերի խնդիրը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հուլիսի 9-ին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի հետ կարգավորման գործընթացին՝ նա խոսել է նաև սահմանազատման գործընթացում դրական միտումների և գործընթացի շարունակականության մասին։
«Սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ (Տավուշ-Թովուզ հատվածից)։ Գործընթացի սկսումով՝ կլուծվեն նաև անկլավային գյուղերի խնդիրը»,- ասել է Բայրամովը՝ հիշեցնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին 13 կմ երկարությամբ սահմանազատված հատվածի մասին։
Բայրամովը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով խաղաղության պայմանագրի աշխատանքների մասին հայտարարել է, որ Ադրբեջանն ամբողջացրել է դրանց աշխատանքները, ինչպես նաև վերահստատել Բաքվի նախապայմանը։
«Մեզ հետաքրքրող ու մտահոգող հիմնական հարցը [Հայաստանի] Անկախության հռչակագրում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների հարցն է։ Մեր սպասելիքն այն է, որ Հայաստանի Սահամանդրությունից դուրս գա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների դրույթը։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր»,- ասել է նա։
Նա խոսել է նաև TRIPP նախագծի մասին՝ նշելով, որ չնայած հարցի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև են ընթանում, ամերիկացի պաշտոնյաները Բաքվին տեղեկացնում են գործընթացի մասին։
«TRIPP-ի ելքն ու մուտքը Ադրբեջանի տարածքով է, հետևաբար՝ ԱՄՆ-ի գործընկերները տեղեկացնում են մեզ։ Դրանց համաձայն՝ գործընթացն առաջ է ընթանում և ներկայում կողմերը փաստաթղթերի պատրաստման փուլում են։ Ակնկալում ենք, որ այդ հարցում մոտ ժամանակներում նորություններ կլինեն»,- ասել է Բայրամովը։
2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։












