Հայաստանը եվրոպական երկրների շարքում առաջատար է պրոբացիայի կիրառման աճի ցուցանիշով՝ որպես ազատազրկմանը փոխարինող պատժի տեսակ։ Այս մասին նշվում է Եվրոպայի խորհրդի՝ անցած հինգշաբթի հրապարակված զեկույցում։
Պրոբացիան դատապարտյալի նկատմամբ պայմանական պատժի կիրառում է՝ փորձաշրջանի սահմանմամբ։ Այս միջոցը ենթադրում է կանխարգելիչ վերահսկողություն, տեղաշարժի սահմանափակումներ և այլ պայմաններ, որոնք, որպես կանոն, սահմանվում են դատարանի կողմից։
2025-ին Հայաստանում արձանագրվել է պրոբացիայի ծրագրում ընդգրկված քաղաքացիների թվի 65 տոկոս աճ։ Սա Եվրոպայի խորհրդի անդամ այն երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է, որոնք ունեն ավելի քան 500 հազար բնակչություն։
Բացի այդ, Հայաստանում արձանագրվել է Եվրոպայում պրոբացիայի մեջ գտնվող անձանց և բանտարկյալների թվի ամենաբարձր հարաբերակցությունը՝ 100 բանտարկյալի հաշվով 492 պրոբացիայի շահառու։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Լեհաստանը (344) և Նիդեռլանդները (313)։
Զեկույցին կից հաղորդագրությունում Եվրոպայի խորհուրդն ընդգծել է, որ երկար տարիներ աջակցում է ազատազրկմանը այլընտրանքային պատժամիջոցների կիրառմանը, քանի որ դրանք նպաստում են իրավախախտների՝ հասարակություն վերաինտեգրմանը և նվազեցնում են բանտերի ծանրաբեռնվածությունը։
Սակայն այս թվերն ինքնին բարեփոխումների հաջողության միանշանակ ապացույց չեն։
«Իմ կարծիքով՝ այս ցուցանիշները կարելի է դիտարկել որպես դրական միտում, բայց ոչ որպես բարեփոխումների անվերապահ հաջողության ապացույց։ Այս ցուցանիշների աճը վկայում է, որ Հայաստանում սկսել են ավելի լայնորեն կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ։ Սա համապատասխանում է ժամանակակից եվրոպական մոտեցմանը, ըստ որի՝ ազատազրկումը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց։
Սակայն միայն քանակական ցուցանիշները բավարար չեն՝ համակարգի արդյունավետության մասին խոսելու համար։ Անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք պրոբացիան իրականում փոխարինում է ազատազրկմանը, թե պարզապես ընդլայնում է քրեաիրավական վերահսկողության շրջանակը»,- CivilNet-ին ասել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա գնահատականը համահունչ է զեկույցի հեղինակների մեկնաբանություններին։
«Չկա համընդհանուր բանաձև, որը թույլ կտար որոշել տվյալ երկրի կամ իրավակարգի համար օպտիմալ ցուցանիշը»,- նշել է Լոզանի համալսարանի պրոֆեսոր Մարսելո Աեբին, որը ղեկավարում է Եվրոպայի խորհրդի վիճակագրությունը պատրաստող հետազոտական խումբը։
«Կարևոր է հասկանալ՝ արդյոք պրոբացիայի ծառայությունն ունի բավարար ռեսուրսներ՝ վերահսկողության և աջակցման որակյալ աշխատանք իրականացնելու համար, արդյոք այն նպաստում է հաշվառված անձանց վերասոցիալականացմանը և արդյոք հանգեցնում է կրկնահանցագործությունների նվազմանը։
Ուստի ես կխոսեի ոչ այնքան բարեփոխումների արդեն ապացուցված հաջողության, որքան դրանց զարգացման կարևոր փուլի մասին, որի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն վիճակագրական տվյալներով, այլև որակական արդյունքներով»,- եզրափակել է Հովհաննիսյանը։
Ալեքսանդր Պրախտ











