Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ»-ի աշխատակիցները ևս ակցիա են իրականացրել

Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները հուլիսի 13-ին ևս բողոքի ակցիա են անցկացրել համալիրի մուտքի մոտ՝ պահանջելով հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։
Այսօր ավելի վաղ ակցիաներ են անցկացրել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների, նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներ։
Հյուրանոցի տնօրենը Kentron TV-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված իրավիճակը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացրել աշխատակիցների համար՝ կապված աշխատավարձերի, վարկային պարտավորությունների և աշխատանքը կորցնելու վտանգի հետ։
«Բողոքներ կան թե՛ անհատ հյուրերից, թե՛ մեր գործընկերներից։ Մենք աշխատում էինք ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաների հետ, ունեինք շահած տենդերներ, սակայն այս ամենը փաստացի կանգ է առել»,- ասել է նա։
Նա կոչ է արել կառավարությանը վերանայել որոշումը և վերաբացել ընկերության գործունեությունը՝ նշելով, որ հազարավոր աշխատակիցներ սպասում են աշխատանքի վերականգնմանը։
Բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցները պատմել են, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չեն կարողանում հոգալ ընտանիքների, երեխաների և վարկերի հետ կապված ծախսերը։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ 10-15 տարի աշխատում է հյուրանոցում և այժմ մնացել է առանց եկամտի։
Մեկ այլ աշխատակից, որը ներկայացել է որպես 70-ամյա մաքրուհի, պատմել է, որ միայն ինքն է աշխատում յոթ հոգանոց ընտանիքում և իր եկամուտով պահում է երկու ուսանող երեխաների։
«Ես աշխատում եմ, որպեսզի կարողանամ երկու ուսանող պահել։ Խնդրում եմ, որ իմ աշխատանքը վերականգնեն, որպեսզի կարողանամ շարունակել հոգալ ընտանիքիս կարիքները»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցների թվում եղել են նաև Արցախից տեղահանված աշխատակիցներ, որոնք նշել են, որ աշխատանքի կորստից հետո հայտնվել են ծանր սոցիալական իրավիճակում և պահանջում են վերաբացել իրենց աշխատատեղերը։
Արդեն ութերորդ օրն է, ինչ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ փակ են։ Ծառուկյանին ձերբակալելու օրը քննչական գործողություններ են իրականացվել նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ Կապարանակնքվել են Ծառուկյանին պատկանող մի շարք կառույցներ։
Կազմակերպություն
Թեմա











