Հասմիկ Հովհաննիսյան
Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որն ընթանում է հուլիսի 12-ից 19-ը։
Այս տարի մրցույթին մասնակցում է տասը ֆիլմ։ Ուշագրավ է, որ տասից չորսը՝ Քամալ Ալջաֆարիի «Հասանի հետ Գազայում», Իրենե Բարտոլոմեի «Այլ ամռան երազ», Ալեքս Բաքրիի «Հաբիբի Հուսեյն»-ը և Մոհամմեդ Համմադի «Այլ ելք»-ը, արաբական աշխարհի մոտիվներ են՝ Պաղեստին, Կատար, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Լիբիա։
2004-ից ի վեր ամեն տարի տեղի ունեցող «Ոսկե ծիրանը» Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի նախաձեռնությունն էր՝ Երևան բերելու Վիմ Վենդերսին, Դարեն Արանոֆսկուն, Աբաս Քիառոստամիին, Ասղար Ֆարհադիին, Կիմ Կի Դուկին, Ատոմ Էգոյանին, դերասաններ Օռնելա Մուտիին, Նաստասյա Կինսկիին, Կլաուդիա Կարդինալեին և շատ ուրիշների:

Զանգվածային մշակույթի՝ կոմերցիոն հաջողության հասած ֆիլմերից մինչև Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Լոկառնոյի փառատոներում մրցանակ ստացած ֆիլմեր և փոքրաբյուջե հեղինակային կինո. Չնայած Ծիրանի առանցքը հեղինակային կինոն է, այն երբեք չի վարել բացառող մշակութային քաղաքականություն։
Առաջին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը Ատոմ Էգոյանն էր՝ այժմ արդեն փառատոնի երկարամյա բարեկամը։
«Երևանյան պրեմիերա» անվանակարգում ներկայացվում են միջազգային խոշոր փառատոներում մրցանակներ ստացած ֆիլմերը։ Կաննի, Վենետիկի, Լոկառնոյի, Բեռլինի և այլ փառատոներից ֆիլմերը գալիս են ուղիղ Հայաստան։ Այս անվանակարգի խոշորագույն աստղը թերևս լեհ ռեժիսոր, օսկարակիր Պավել Պավլիկովսկին է իր՝ գերմանացի գրող Թոմաս Մանի մասին պատմող «Հայրենիք» ֆիլմով (Հանդիսատեսին ռեժիսորը հայտնի է «Սառը պատերազմ» ֆիլմով, որը 2018-ին Կաննի կինոփառատոնի մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար) և «Դը Գոլի մարտը» ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սիմոն Աբգարյանը, որին հայ հանդիսատեսը ծանոթ է գերազանցապես «Արամ» ֆիլմով։ 2026-ի Կաննի կինոփառատոնին դահլիճը հոտնկայս ծափահարում էր Աբգարյանին։

Փառատոնը բացվեց Թամար Ստեփանյանի «Առնոյի երկիրը» ֆիլմով։ Այս ֆիլմով էր բացվել նաև 2025-ի՝ Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը։ Ֆիլմը պատմում է մահացած ամուսնու հետքերով Հայաստան եկած Սելինի մասին։ Նախորդ Ոսկե ծիրանին ցուցադրվել էր ռեժիսորի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը։

2019-ին առաջին անգամ փորձարկվեց «Ծուռ ծիրան» անվանակարգը/արտամրցութային ծրագիրը իր ոչ կոնվենցիոնալ, փորձարարական գուցե ռադիկալ ֆիլմերով։ Այս տարվա Ծուռ ծիրանի կազմում են էրոտիկայի ու սարսափի սահմանագծին գտնվող «Պատանեկան սեքսն ու մահը Քեմփ Միասմայում», «Մարմին սրճարան», «Մոլեգնություն», «Վարդաթփերի էտումը» ֆիլմերը։
Իսկ «Ոսկե ծիրան» մրցանակը տրվելու է միջազգային լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերից մեկին։ Լիամետրաժ խաղարկային ֆիլմերը 12-ն են, որոնցից մեկը Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի՝ «Վերապրելով Շեքսպիրին» ֆիլմը Նիդեռլանդների հետ համարտադրությամբ։
2022-ին՝ 19-րդ «Ոսկե ծիրանին» Իննա Սահակյանի «Ավրորայի լուսբացը» անիմացիոն վավերագրությունը «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակ էր ստացել։
Նախորդ տարի լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացել էր ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» ֆիլմը։
Հայկական կարճամետրաժ ֆիլմերը տասն են, որնցից երեքը՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Ռուսաստանի համարտդրությմաբ։

Բարձր իմունիտետ ունեցող հանդիսատեսին «Ծիրանը» մարտահրավեր է նետում փառատոնի բարեկամ, կյանքից վերջերս հեռացած Բելա Տարի՝ 7 ժամ 15 րոպե տևողությամբ «Սատանայական տանգո ֆիլմով»։ Ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Դասական ցուցադրություններ»-ի, որպես հարգանքի տուրք ներկայացվող ֆիլմերի շարքում է։ Ցանկում ներառված է համաշխարհային ճանաչման «Ամելի» ֆիլմը, իսկ «Ամելի»-ի և «Հարի Փոթեր»-ի օպերատոր Բրունո Դելբոնելը փառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից է։
Հաղթող ֆիլմերը կներկայացվեն հուլիսի 20-ին։ Իսկ մինչ այդ՝ ցուցադրություններին զուգահեռ կգործեն աշխատարաններ ու հանդիպումներ հյուրերի հետ։ Ավանդույթի համաձայն «Ծիրանի կորիզ» անվանակարգում կլինեն մրցութային և ապամրցութային կարճամետրաժ հայկական ֆիլմեր։












