Գլխավոր Լրահոս

Մեծ հայրենադարձությունը. վերադարձ, որ սկսվեց երազանքով և ավարտվեց տարբեր ճակատագրերով

Մեծ հայրենադարձությունը. վերադարձ, որ սկսվեց երազանքով և ավարտվեց տարբեր ճակատագրերով

Հասմիկ Հովհաննիսյան

1946-ին հազարավոր սփյուռքահայեր թողեցին իրենց տները, վաճառեցին ունեցվածքը և մեկնեցին Խորհրդային Հայաստան։ Նրանք գալիս էին Բեյրութից, Փարիզից, Կահիրեից, Թեհրանից, Աթենքից։ Յուրաքանչյուրը՝ իր պատմությամբ, բայց գրեթե բոլորը՝ նույն հավատով, որ վերադառնում են հայրենիք։

Այսօր, տասնամյակներ անց, այդ ճանապարհի մասին պատմում է Հայաստանի պատմության թանգարանի «Հայաստան. բաց դուռ» ցուցադրությունը։ Ցուցադրության հիմքում Տիգրան Պասկևիչյանի երկարամյա հետազոտություններն ու վավերագրական ֆիլմերն են։ Բայց այդ պատմության գլխավոր հերոսները մարդիկ են, որոնց կյանքը փոխվեց մեկ որոշումից հետո։

Պետությունը մարդկանց էր փնտրում, մարդիկ՝ հայրենիք

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանը կանգնած էր ժողովրդագրական ծանր իրավիճակի առաջ։ Մոտ 300,000 հայ տղամարդ զոհվել էր պատերազմում։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը համոզված էր, որ երկիրը մարդկանց կարիք ունի։

Բայց ներգաղթի գաղափարը միայն Երևանի նախաձեռնությունը չէր։ Մոսկվան նույնպես շահագրգռված էր ցույց տալու, որ Խորհրդային Միությունն այնքան գրավիչ երկիր է, որ հազարավոր մարդիկ պատրաստ են վերադառնալ այնտեղ։

Սակայն ամենակարևոր հարցը մնացել էր անպատասխան՝ երկիրն արդյոք պատրա՞ստ էր ընդունելու այդ մարդկանց։

«Մարդկանց բերում էին, բայց ոչ ոք լրջորեն չէր հաշվարկել՝ կարող են արդյոք նրանց ապահովել բնակարանով, աշխատանքով ու կենցաղային պայմաններով։ Հենց այստեղ էլ սկսվեց ողբերգությունը»,- ասում է Պասկևիչյանը։

Նրանք գալիս էին Եվրոպայից, բայց հայտնվում բոլորովին այլ իրականության մեջ

Հայրենադարձներից շատերը մեծացել էին Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում կամ Հունաստանում։ Նրանք սովոր էին այլ քաղաքային միջավայրի, այլ հասարակական հարաբերությունների, այլ առօրյայի։

Խորհրդային Հայաստանը նույնպես քաղաքներ ուներ, բայց եկվորները իրենց հետ բերեցին եվրոպական մշակութային փորձը՝ լեզուներ, կրթություն, մասնագիտություններ, նոր սովորույթներ։

Միևնույն ժամանակ նրանք այստեղ նույնպես շատ բան ստացան։

Պասկևիչյանի խոսքով՝ հատկապես երիտասարդների համար Հայաստան գալը բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էր։ Շատերը հենց այդ հեռանկարով էին որոշել տեղափոխվել։

«Մենք քաղցած ենք, դուք ինչո՞ւ եկաք»

Հայրենադարձներին դիմավորում էին ոչ միայն պաշտոնական նվագախմբերը։

Գնացքը կանգնում էր կայարաններում, և պատահում էր, որ տեղացիները ներքևից գոռում էին. «Ինչո՞ւ եք եկել։ Դուք գիտե՞ք այստեղ ինչ վիճակ է»։

Պասկևիչյանը սա չի համարում բացառապես հայրենադարձների նկատմամբ թշնամանք։ Նրա կարծիքով, նույնը տեղի է ունենում գրեթե բոլոր զանգվածային միգրացիաների ժամանակ։

«Մենք մի կտոր հաց ունենք, հիմա պիտի այդ հացը կիսենք ձեզ հետ»,- սա էր հիմնական տրամադրությունը՝ ըստ Պասկևիչյանի։

Երբեմն ընտանիքներին պարզապես տեղափոխում էին արդեն բնակեցված տներ՝ ստիպելով երկու անծանոթ ընտանիքների ապրել նույն բնակարանում։ Նման պայմաններում կոնֆլիկտն ավելի շուտ անխուսափելի էր, քան բացառություն։

Ովքեր ավելի հեշտ հարմարվեցին

Բոլոր հայրենադարձների ճակատագրերը նույնը չէին։ Ամենահեշտն ինտեգրվեցին Իրանից եկած գյուղացիներն ու ավելի աղքատ ընտանիքները։ Նրանք աշխատանքի անցան կոլտնտեսություններում կամ գործարաններում, բնակվեցին հանրակացարաններում և աստիճանաբար դարձան խորհրդային Հայաստանի առօրյայի մասը։

Ամենամեծ հիասթափությունն ապրեցին նրանք, ովքեր եկել էին կապիտալով ու մեծ ծրագրերով։

Ոմանք հավատացել էին, որ իրենց գործարանները կտեղափոխեն Հայաստան և այստեղ նոր կյանք կսկսեն։ Իրականությունը բոլորովին այլ էր։

«Եթե մարդկանց սկզբից ազնվորեն ասեին, թե ինչ պայմաններ են սպասում նրանց, շատերը միևնույն է կգային»,– համոզված է Պասկևիչյանը։ Նրա հաշվարկով՝ մոտ 90,000 հայրենադարձներից առնվազն 60,000-ը կգար նույնիսկ ամբողջ ճշմարտությունն իմանալուց հետո։

Մի աքսոր, որը փոխեց ամբողջ պատմությունը

1949-ի զանգվածային աքսորը դարձավ հայրենադարձության պատմության ամենամեծ շրջադարձը։

Աքսորվեց շուրջ 13,000 մարդ, բայց հասարակական հիշողության մեջ այդ թիվը շատ ավելի մեծ դարձավ։ Տարիներ անց նույնիսկ նրանք, ում ընտանիքները երբեք չէին աքսորվել, պատմում էին, թե հայրենադարձներին զանգվածաբար աքսորել են։

Պասկևիչյանի կարծիքով, հենց այդ իրադարձությունն է հայրենադարձության պատմության նկատմամբ վերաբերմունքը փոխել ամենից շատ։

Եթե աքսորը չլիներ, հնարավոր է՝ մեծ հայրենադարձությունն այսօր հիշվեր որպես բարդ, բայց հաջողված պետական նախագիծ։ Փոխարենը այն դարձավ նաև վախի, հիասթափության և հետագա արտագաղթի խորհրդանիշ։

Պատմություն, որի մասին երկար ժամանակ լռում էին

Պասկևիչյանն ասում է, որ երբ սկսեց ուսումնասիրել թեման, պարզվեց, որ հայրենադարձության մասին գրեթե ոչինչ չի գրվել։

Խորհրդային տարիներին հրատարակված միակ լուրջ ուսումնասիրությունը չէր անդրադառնում ո՛չ աքսորներին, ո՛չ բռնաճնշումներին, ո՛չ արտագաղթին։ Այդ թեմաների մասին պարզապես հնարավոր չէր գրել։

Այսօր բազմաթիվ հարցեր դեռ պատասխան չունեն։ Արտագաղթի վերաբերյալ արխիվային նյութերի մի մասը ոչնչացվել է, մյուսները մնում են անհասանելի։ Հետազոտողները շարունակում են նոր աղբյուրներ որոնել աշխարհի տարբեր արխիվներում։

Մեծ հայրենադարձության պատմությունն այդպես էլ չի տեղավորվում մեկ գնահատականի մեջ։ Այն միաժամանակ ազգային երազանքի, պետական ծրագրի, մարդկային հույսերի, հիասթափությունների և հազարավոր տարբեր ճակատագրերի պատմություն է։ Իսկ այդ ճակատագրերի միջոցով ավելի պարզ է դառնում նաև Հայաստանի հետագա տասնամյակների պատմությունը։

Դիտե՛ք Տիգրան Պասկևիչյանի հետ զրույցը.

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում