Գլխավոր Լրահոս

Վրացի լրագրողը Facebook-ում գրառման համար դատապարտվել է 14 օրվա կալանքի

Վախո Սանայայի ձերբակալությունը

Վախո Սանայայի ձերբակալությունը

Կադրը՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանայային դատապարտել է 14 օրվա կալանքի՝ Facebook-ում կատարած գրառման համար, որը մեղադրող կողմը գնահատել է որպես իշխող կուսակցության ներկայացուցչին վիրավորող։ Իշխանության քննադատները ձերբակալությունը գնահատել են որպես խոսքի ազատությունը սահմանափակելու և այլախոհությունը ճնշելու պետական քաղաքականության հերթական դրսևորում։

Դատավոր Զվիադ Ցեկվավան որոշումը հրապարակել է հուլիսի 22-ին, դրանից կարճ ժամանակ անց Սանայան ձերբակալվել է։ Լրագրողին ոստիկանները ձեռնաշղթաներով տարել են ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների ներկայությամբ։

Գործը վերաբերում էր Facebook-ում Սանայայի գրառումներին՝ ուղղված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և «Եվրոպացի սոցիալիստներ» խորհրդարանական խմբի ղեկավար Լադո Բոժաձեին, որի կուսակցությունը համագործակցում է իշխող «Վրացական երազանքի» հետ։

Սանայայի դեմ գործը հարուցել էր Ներքին գործերի նախարարության կազմում հունիսին ստեղծված վիճահարույց ստորաբաժանումը, որի պաշտոնական առաքելությունը «ատելության խոսքի դեմ պայքարն» է։

Տե՛ս նաև՝ Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

Մինչև կալանավորումը դատարանը հուլիսի 10-ին Սանայային 6 հազար լարի (2300 դոլար) տուգանել էր Պապուաշվիլիին և Բոժաձեին վիրավորելու համար։

Խոսքը վերաբերում էր ավելի վաղ արված այն գրառումներին, որոնցում Սանայան, ակնհայտորեն հեգնանքով, կոչ էր անում մյուսներին Պապուաշվիլիին և Բոժաձեին «դեբիլ» չանվանել։ ՆԳՆ-ն այդ ձևակերպումը որակել էր որպես «վիրավորանքի հեգնական և քողարկված ձև»։

«Գրառում էի արել՝ «Պապուաշվիլիին և Բոժաձեին դեբիլ մի՛ կոչեք», դրա համար ինձ 6 հազար լարի տուգանեցին։ Դե հիմա գնացեք ու կոչեք»,- գրել էր Սանայան տուգանվելու օրը։

Նույն օրը հրապարակած երկրորդ գրառմամբ նա գրել էր, որ երբեք չի ների իշխանություններին այն բանի համար, որ նրանք Պապուաշվիլիին և Բոժաձեին «դեբիլ» են «հռչակել»։ Սա ևս ակնհայտ հեգնական արձագանք էր դատարանի որոշմանը։

Հուլիսի 17-ին Սանայան հայտնել էր, որ դատարանից ստացել է փաստաթղթեր, որոնց համաձայն ՆԳՆ վիճահարույց ստորաբաժանումը երկու գրառումների համար էլ իր դեմ նոր բողոքներ է ներկայացրել։

Սանայան և նրա փաստաբանները հուլիսի 22-ին կայացած նիստին չեն մասնակցել։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կալանքը նշանակվել է առաջին գրառման համար՝ ավելի վաղ նշանակված տուգանքից հետո։

Մեկնաբանելով որոշումը՝ ՆԳՆ-ն ներկայացնող փաստաբան Մարիամ Կերեսելիձեն նշել է, որ «Սանայան չի մասնակցում դատական նիստերին, չի վճարում դատարանի նշանակած տուգանքները և, մինչ դատական գործընթացը շարունակվում է, շարունակում է հակաօրինական վարքագիծ դրսևորել»։

«Նախորդ դատական որոշման մասին տեղեկանալուց հետո նա նոր գրառում է կատարել, որը նույնպես վիրավորական ձևակերպումներ է պարունակել։ Հետևաբար մենք դա գնահատեցինք որպես դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք և հակաօրինական վարքագիծը շարունակելու պատրաստակամություն»,- «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է նա։

Որոշման հրապարակումից հետո Սանայան «Ֆորմուլա»-ին ասել է, որ ոչ ոք չի կարող իրեն արգելել ասել կամ արտահայտել այն, ինչ ցանկանում է։

«Այդ դատական նիստերը, որոնց ես չեմ մասնակցում, ինքնին անհեթեթություն են։ Չկա այնպիսի հանգամանք, որի դեպքում ես կսահմանափակեմ իմ խոսքի ազատությունը։ Եթե այս երկրում ոչնչացվի խոսքի ազատությունը, նշանակում է՝ բոլորը ստիպված կլինեն իրենց բերանը կողպել, իսկ դա չի կարող տեղի ունենալ»,- ասել է նա։

Ձերբակալությունը քննադատության է արժանացել իշխանության ընդդիմախոսների շրջանում։

Վրաստանի Մեդիայի պաշտպանության կոալիցիան հայտարարել է, որ այս դեպքը վկայում է, թե երկրում «անկախ լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը դարձել են ուղղակի հարձակման թիրախ»։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սանայայի կալանավորումը բնութագրել է որպես «մաքուր ավտորիտար պարանոյա», իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» հայտարարել է, որ դա իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հերթական քայլն է դեպի «ամբողջական բռնապետության հաստատում»։

«Լելո» կուսակցությունը դատարանի որոշումը որակել է որպես այլակարծություն ունեցող անձանց նկատմամբ «ռեպրեսիվ քաղաքականության շարունակություն»։

Եվրախորհրդարանի պատգամավոր Միխայել Գալերը, որը ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), հայտարարել է, որ Վրաստանն այսօր հայտնվել է «Եվրոպայի ավտորիտար հատվածում», և որ «խորհրդային Վրաստանը դարձել է իրականություն»։

Իրավական դրույթը, որով մեղադրանք է առաջադրվել Սանայային, ընդունվել էր 2025-ին իշխող կուսակցության և նրա դաշնակիցների նախաձեռնությամբ։ Այն արգելում է վիրավորել պետական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց։

Նույն տարում այն արդեն կիրառվել էր Սանայայի նկատմամբ․ մինչ վերջին երկու պատիժները նա 2025-ին տուգանվել էր նաև այն բանի համար, որ սոցիալական ցանցերում «Վրացական երազանքի» պատգամավոր Թեա Ծուլուկիանին անվանել էր «ստրուկ»։

Սակայն այս դրույթի կիրառումը զգալիորեն ակտիվացավ ՆԳՆ նոր ստորաբաժանման ստեղծումից հետո։

Պաշտոնական տվյալներով՝ գործունեության առաջին ամսվա ընթացքում այն «հայտնաբերել» է ենթադրյալ 170 իրավախախտում և դատարան ուղարկել 150 գործ։

Բացի պետական և քաղաքական պաշտոնյաներին վերաբերող հոդվածից, դատարանները քաղաքացիներին հրապարակային արտահայտությունների համար պատժելիս կիրառում են նաև մանր խուլիգանության մասին հոդվածը։

Երկու հոդվածներով էլ նախատեսվում են ինչպես տուգանքներ, այնպես էլ ազատազրկում։

Սոցիալական ցանցերի օգտատերերը տուգանվում են նույնիսկ այն դեպքերում, երբ ենթադրյալ վիրավորանքի թիրախ դարձած անձը բողոք չի ներկայացրել։

Ստորաբաժանումը հենց սկզբից հայտարարել էր, որ գործելու է «նախաձեռնող» եղանակով, այսինքն՝ գործեր հարուցելու համար բողոքների կարիք չի ունենալու։

Տուգանվածների թվում կան ինչպես իշխանության ներկայացուցիչներին և նրանց համակիրներին, այնպես էլ ընդդիմադիր գործիչներին վիրավորելու մեջ մեղադրվող անձինք։

Օրինակ՝ մինչ Սանայայի կալանավորումը Facebook-ի օգտատեր Զուրաբ Օսիկմաշվիլին, որը սոցիալական ցանցում հայհոյել էր հենց Սանայային, հունիսի 25-ին նույնպես տուգանվել էր 2 հազար լարիով (760 դոլար)։

Քննադատները նոր ստորաբաժանումը բնութագրում են որպես պետական գրաքննության հետագա ընդլայնման գործիք։

Նրանցից ոմանք կարծում են, որ թիրախավորելով ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության ներկայացուցիչներին ուղղված վիրավորանքները՝ ստորաբաժանումը փորձում է ստեղծել անաչառության պատրանք։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում