Լիա Ավագյան
Չորս իրավապաշտպան կազմակերպություն հինգշաբթի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուին։ Ըստ կազմակերպութունների՝ Սինիրլիօղլուն ռուս պրանկերների հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու Հայաստանի կառավարության արշավին։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Քրիստոնեական միջազգային համերաշխություն (Christian Solidarity International) կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյայի արտահայտած տեսակետների կապակցությամբ։
Թուրքիայի քաղաքացի Սինիրլիօղլուն այդ հայտարարություններն արել է հեռախոսազրույցի ընթացքում ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ, որոնք ներկայացել էին որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և խնդրել էին աջակցել կաթողիկոսին հեռացնելու հարցում։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։
Զրույցի ընթացքում Սինիրլիօղլուն, ի պատասխան Հայաստանի վարչապետ ներկայացած անձանց՝ կաթողիկոսի հեռացնելու աջակցության խնդրանքի, ասել էր՝ «կանեմ հնարավորը, կփորձեմ» ("OK, I'll do my best, I'll try")։
Հայտարարության հեղինակները, ընդգծելով, որ չեն արդարացնում պրանկերների կիրառած խաբեության մեթոդը, նշում են, որ Սինիրլիօղլուի սեփական խոսքերը «բացահայտում են մի դիրքորոշում, որը անհամատեղելի է նրա զբաղեցրած պաշտոնի պատասխանատվության հետ»։ Նրանք հղում են անում 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի 7-րդ սկզբունքին, որով ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավորվել են պաշտպանել կրոնի կամ համոզմունքի ազատությունը։
Հայտարարության հեղինակները Սինիրլիօղլուին կոչ են արել հրապարակայնորեն հետ վերցնել ցանկացած ակնարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել կաթողիկոսի հեռացմանը, վերահաստատել կազմակերպության հանձնառությունը Հայաստանում կրոնի ազատության պաշտպանությանը և կապ հաստատել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ համոզվելու, որ եկեղեցու իրավունքները հարգվում են։
«Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել աննախադեպ երրորդ ժամկետով, առավել քան երբևէ կարևոր է, որ միջազգային կառույցները պատասխանատվություն պահանջեն նրա կառավարությունից»,- ասել է CSI-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքամպը։
Հայտարարության հեղինակների մասին
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն երևանյան իրավապաշտպան կազմակերպություններ են, որոնք ղեկավարում են համապատասխանաբար Ռաֆայել Իշխանյանը և Սիրանուշ Սահակյանը։ Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը (FOREF Europe), որի նախագահն է Եվրոպական հանձնաժողովի նախկին անդամ Յան Ֆիգելը, զբաղվում է աշխարհամասում կրոնի ազատության մշտադիտարկմամբ։ Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը հիմնադրվել է Շվեյցարիայում 1977-ին։ Այն քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն է, որն ունի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդին (ECOSOC) կից խորհրդատվական կարգավիճակ։












