Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին ակնարկել է, որ Կախեթիի հյուրանոցներից մեկում ռուսախոս կնոջ վրա հարձակման հետևում կարող էր կանգնած լինել Վրաստանի քաղաքական ընդդիմությունը։
Ավելի վաղ տեղի ունեցած միջադեպին վրացի տղամարդը հարսանիքի ժամանակ ծագած վեճի ընթացքում հարվածել էր ռուսախոս կնոջը։ Դեպքը շարունակում է լայն արձագանք ստանալ Վրաստանում, Ռուսաստանում և արտերկրում։ Շատերն այն օգտագործում են Վրաստանում ռուսների ներկայության և 2022-ից հետո նրանց ներհոսքի պատճառով առաջացած լարվածության մասին քննարկումների համատեքստում։
Տե՛ս նաև՝ Վրացի տղամարդու և ռուսախոս կանանց միջև բախումը քննարկումների ալիք է առաջացրել սոցցանցերում
Թեև դեպքի տեսանյութերը լայն տարածում են գտել համացանցում, կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ միջադեպի հանգամանքների վերաբերյալ։
Հարված ստացած Յուլիա Նեստերյուկը պնդում է, որ ինքը և ընկերուհիները չեն հրահրել վեճը, որն ավարտվել է ֆիզիկական բախմամբ։
Իսկ վրացի 30-ամյա Գիորգի Չիղլաձեի փաստաբանի խոսքով՝ ծեծկռտուքը սկսել են հենց կանայք՝ խանգարելով իր պաշտպանյալի եղբոր հարսանիքը և պատշգամբից հեղուկներ լցնելով հյուրերի վրա։
Միջադեպից հետո Չիղլաձեին մեղադրանք է առաջադրվել առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով, սակայն նա 5 հազար լարի (1900 դոլար) գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դրանից կարճ ժամանակ անց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների փոքր խումբը երթ է կազմակերպել՝ ի պաշտպանություն Չիղլաձեի, ինչը նոր ուշադրություն է հրավիրել միջադեպի վրա։
Ռուսական իշխանամետ Lenta լրատվամիջոցին տված հարցազրույցում Վոդոլացկին ակնարկել է, որ Վրաստանի քաղաքական ընդդիմությունը հրահրել է միջադեպը՝ ցույց տալու համար, թե «Վրաստանը վտանգավոր է ռուսների համար, որ նրանք չեն կարող այնտեղ գնալ, և որ պետք է խզեն բոլոր կապերը»։
«Հենց դրա համար էլ այդ սրիկաներից մեկը հարվածեց մեր աղջկան՝ ռուսերեն խոսելու համար»,- ասել է Վոդոլացկին՝ որևէ ապացույց չներկայացնելով իր պնդումների օգտին, որ ընդդիմությունը կապ ունի թե՛ բուն միջադեպի, թե՛ դրան հաջորդած երթի կազմակերպման հետ։
«Իսկ նրանք, ովքեր մասնակցել են այդ հանրահավաքին, աջակցում են ոչ թե վրաց ժողովրդին կամ վրացական հավատքին, այլ այն ամբողջ այլասերմանը, որը Եվրոպան այսօր տարածում է՝ ընտանիքի և հոգևոր արժեքների մերժմանը»,- շարունակել է Վոդոլացկին՝ կրկնելով այսպես կոչված «մշակութային պատերազմի» թեմայով ռուս պաշտոնյաների հաճախ հնչեցրած թեզերը։
Նա նաև պնդել է, թե վրացիների մեծ մասը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեև բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ Վրաստանի բնակիչների մեծամասնությունը Ռուսաստանին համարում է երկրի գլխավոր աշխարհաքաղաքական սպառնալիքը, իսկ 2022-ից հետո ռուսների զանգվածային ներհոսքը՝ անվտանգության լրացուցիչ ռիսկ։
Ռուսաստանցի այլ պաշտոնյաներ, մեկնաբաններ և սոցիալական ցանցերի օգտատերեր միջադեպի և դրան հաջորդած երթի վերաբերյալ հակասական գնահատականներ են տվել։
Նրանցից ոմանք այն ներկայացրել են որպես վրացիների՝ ռուսների նկատմամբ խոր արմատներ ունեցող ատելության դրսևորում, մինչդեռ մյուսները փորձել են նվազեցնել դեպքի նշանակությունը՝ նշելով, որ այն չի արտացոլում վրաց հասարակության ընդհանուր վերաբերմունքը։
Հուլիսի 22-ին News.ru-ին տված հարցազրույցում Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել «չուռճացնել» միջադեպը և հայտարարել, որ այն չպետք է հետ պահի ռուսներին Վրաստան մեկնելուց, «քանի որ այնտեղ ռուսներին ջերմ են ընդունում, մինչդեռ այլ երկրներում նրանց պարզապես որպես փողի աղբյուր են դիտարկում»։
Միլոնովը նաև հավելել է, որ «Կախեթիի բնակիչները Վրաստանի ամենահանգիստ և խաղաղ մարդկանցից են, ուստի նրանց որևէ ագրեսիայի մեջ մեղադրելն անհնար է»։
Ռուսաստանի քաղաքացիների ներկայության թեման Վրաստանում հատկապես արդիական դարձավ 2022-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո։
Պատերազմի սկիզբը, ինչպես նաև նույն տարվա ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքը հանգեցրին Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների թվի զգալի աճին, որոնց մի մասը երկրում մնաց երկար ժամանակով։
2025-ին Ռուսաստանից Վրաստան այցելածների թիվը հասել է ռեկորդային՝ գրեթե 1.6 միլիոնի։
Միաժամանակ, 2024-ի մարդահամարի տվյալներով, Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թիվն աճել է՝ 2014-ի 7,620-ից հասնելով 37,715-ի։
Որոշ փորձագետներ, սակայն, կասկածի տակ են դրել մարդահամարի մեթոդաբանությունը՝ ենթադրելով, որ երկրում փաստացի գտնվող Ռուսաստանի քաղաքացիների թիվն ավելի մեծ է։
2022-ից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գրանցել են տասնյակ հազարավոր ընկերություններ և ձեռք բերել հազարավոր բնակարաններ, ինչը դիտարկվում է անշարժ գույքի գների աճին նպաստող գործոններից մեկը։
Տնտեսական ազդեցությունից բացի, բազմաթիվ վրացիներ քննադատում են ռուս զբոսաշրջիկների և Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների անտարբերությունը կամ անտեղյակությունը երկրի ներքաղաքական խնդիրների, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական զորքերի ներկայության նկատմամբ։












