Գլխավոր Լրահոս

Արցախցիների նկատմամբ խտրականության դրսևորումները կրթական հաստատություններում

Արցախցիների նկատմամբ խտրականության դրսևորումները կրթական հաստատություններում

Գործընկերային բովանդակություն

Արցախի ամբողջական հայաթափումից և տասնյակ հազարավոր ընտանիքների Հայաստան տեղափոխվելուց ի վեր հանրային ու պետական օրակարգի առանցքային խնդիրներից մեկը դարձավ արցախցիների, հատկապես՝ երեխաների սոցիալ-հոգեբանական ինտեգրումը։ Ինչպե՞ս է այն իրականանում, ի՞նչ խտրականությունների են հանդիպում արցախցիները մանկապարտեզից մինչև բուհ և ինչո՞ւ:

Մասնակցե՛ք առցանց հարցմանը։

Վերջին ամիսներին պարբերաբար ի հայտ եկող միջադեպերը ցույց են տալիս, որ  արցախցի լինելու հիմքով խտրականության, բուլինգի և լարվածության դեպքերը ոչ միայն չեն դադարում, այլև երբեմն ընդունում են մտահոգիչ դրսևորումներ։ Թեև նման դեպքերը համատարած բնույթ չեն կրում (ինչպես ցույց տվեց մեր անցկացրած առցանց հարցումը Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան փակ խմբում) և հայաստանյան դպրոցների մեծ մասում ընդունելությունը եղել է հոգատար ու աջակցող, առանձին աղմկահարույց պատմությունները ահազանգում են խորքային խնդիրների մասին, որոնք երբեմն հենց համակարգային բնույթ են կրում։

Դպրոցներում տիրող զգայուն ու երբեմն լարված մթնոլորտի ամենաթարմ ու աղմկահարույց դրսևորումներից մեկը կապված էր «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի պատկերի հետ։

Դեպքը տեղի էր ունեցել դպրոցներից մեկում, որտեղ աշակերտի նկարած հուշահամալիրի պատկերը, ուսուցչի և ծնողի հավաստմամբ, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից հեռացվել էր դասարանի պատից։ 

Այս միջադեպին առաջինը արձագանքեց Արցախյան մշակութային կենտրոն ՀԿ-ն՝ այն որակելով որպես արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձ: Դատապարտող հայտարարությամբ արձագանքեց նաև «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ն՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից անհապաղ իրականացնել ծառայողական քննություն՝ դեպքին տալով հստակ իրավական և բարոյական գնահատական:

Այս հերթական դեպքը ցույց տվեց, որ խտրականությունը կրթական հաստատություններում ամենևին էլ միայն աշակերտ-աշակերտ մակարդակում չէ․ այն հաճախ ստանում է վարչական դրսևորումներ, երբ կրթական միջավայրի պատասխանատուները դրսևորում են չհիմնավորված «զգուշավորություն» կամ ուղղակի անհանդուրժողականություն, ինչպես եղավ, օրինակ, Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցում (Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, ծնողների վկայությամբ, պարբերաբար վիրավորել էր արցախցի աշակերտներին՝ անվանելով «բոմժ», «անասուն», մեղադրելով «Արցախից փախչելու» մեջ, ինչպես նաև ոտքով հարվածել 14-ամյա աշակերտին):

 «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան փակ խմբում մեր կողմից իրականացված հարցումը հաստատեց մեդիայից մեզ հասած հակասական իրականությունը։ Մի կողմից՝ բազմաթիվ արցախցի մայրեր մեծ երախտագիտությամբ էին խոսում Հայաստանի մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում իրենց երեխաներին ցուցաբերված ջերմ ընդունելության մասին, մյուս կողմից՝ վեր հանվեցին մտահոգիչ դեպքեր, որոնցում, ցավոք, թիրախավորման աղբյուրը ոչ թե դասընկերներն էին, այլ հենց ուսուցչական կազմը։

Անիի պատմությունը (անունը փոխված է)․

Պատմության ուսուցիչը ամբողջ դասարանի ներկայությամբ պարբերաբար բացում էր Արցախի թեման և մեղադրում արցախցիներին չպայքարելու մեջ։ Անին դստերը հորդորեց հիշեցնել ուսուցչին, որ դպրոցը ապաքաղաքական կառույց է, և թեման շարունակվելու դեպքում ստիպված կլինեն դիմել տնօրինությանը։ 

Թեև զգուշացումը օգնեց, և ուսուցիչը դադարեց հակաարցախյան թեզերը վերարտադրել, բայց ուսուցչի հնչեցրած մեղադրանքներն արդեն արել էին իրենց գործը․ դրանք ազդել էին դասընկերների վերաբերմունքի վրա, և երեխան տևական ժամանակ ինտեգրման դժվարություններ էր հաղթահարում, մինչև, ի վերջո, ընդունվեց դասընկերների կողմից որպես «իրենցից մեկը»:

Մեկ այլ դեպքում կրթական հաստատությունում հակաարցախյան մթնոլորտը ստացել է դաժան բուլինգի դրսևորում հենց երեխաների միջև:

Մարիամի պատմությունը (անունը փոխված է)․

Մարիամի ամուսինը Ստեփանակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով ստացել է մարմնական լուրջ այրվածքներ։ Դպրոցում երեխաները, իմանալով այդ մասին, աղջկան «կատակով» ասում էին՝ «քո պապան եփած հավ է»։ 

Ամեն դեպքում Մարիամի երեխայի պարագայում նույնպես ժամանակի ընթացքում բուլինգը մարեց. երեխան շարունակում է սովորել նույն դասարանում:

Արմինեի պատմությունը (անունը փոխված է)․

Արմինեն բազմազավակ մայր է, ով ունի տարբեր տարիքի 4 երեխա՝ մանկապարտեզ հաճախող, դպրոցի տարրական օղակում սովորող, բարձր օղակում սովորող և քոլեջում սովորող: Եթե երեխաներից 3-ի դեպքում ինտեգրումը նոր կրթական միջավայրին եղել է հիմնականում հարթ, ապա տարրական դպրոց հաճախող աղջկա ինտեգրմանը դպրոցը ոչ միայն չի նպաստել, այլև դասղեկի «անհյուրընկալ» վերաբերմունքը փոխանցվել է երեխաներին, և տարուց ավելի երեխան դասարանում եղել է մեկուսացված: 

Արդյունքում երեխան չի կարողացել իրացնել իր կրթական իրավունքը և ստացել է մի շարք հոգեբանական տրավմաներ, և մայրը ստիպված է եղել ընդհատել աղջկա ուսումնական պրոցեսը և սկսել աշխատել հոգեբանի ու կրկնուսույցի հետ: Այս տարի երեխան նոր դպրոց կգնա, մայրը հույս ունի, որ այս դպրոցում ավելի ներառական մթնոլորտ կլինի և երեխան կկարողանա ինտեգրվել:

Ինչո՞ւ են նման դեպքերը հնարավոր դառնում կրթական համակարգում 

Վերլուծելով իրավիճակը՝ անհնար է շրջանցել քաղաքական գործոնը, որը հանդիսանում է այս խնդրի առանցքային պատճառներից մեկը։

Երբ բարձրաստիճան պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների մակարդակով հնչում են մտքեր, որոնք արժեզրկում են Արցախի պայքարը կամ արցախցիներին ներկայացնում որպես «բեռ» կամ «քաղաքական սպառնալիք», այդ խոսույթը պետական հաստատություններում ընդունվում է որպես իշխող ուժի քաղաքական գիծ, որն ամեն կերպ պահպանելը պետական աշխատողի համար դառնում է իշխանությունների աչքերում սեփական լոյալությունն ընդգծող կարևոր գործիք:

Այնուամենայնիվ, սխալ կլիներ խնդիրը հանգեցնել միայն քաղաքական քարոզչությանը։ Կրթական հաստատություններում խտրականության և կոնֆլիկտների առաջացման հիմքում ընկած են նաև այլ, ոչ պակաս կարևոր պատճառներ:

Լեզվական և բարբառային տարբերությունները. Արցախի բարբառով խոսելը հաճախ դառնում է առաջին ֆիլտրը, որով տեղացի աշակերտները կամ անգամ ուսուցիչներն առանձնացնում են արցախցի երեխային։ Ծաղրանքը բարբառի, արտասանության կամ որոշակի բառամթերքի նկատմամբ հանգեցնում է նրան, որ երեխաները փակվում են իրենք իրենց մեջ, խուսափում են դասերին պատասխանելուց կամ շփվելուց։

Չվերապրած տրավմա. արցախցի երեխաները կրում են պատերազմի, շրջափակման, տան կորստի և տեղահանության ծանրագույն տրավմաներ։ Նրանք հաճախ ունենում են բարձրագույն էմոցիոնալ զգայունություն, անվտանգության պակասի զգացում։ Մյուս կողմից, դպրոցական միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է ընդունելու տրավմա տարած երեխային, հատկապես, եթե համարում են, որ տևական ժամանակ է անցել, և տեղահանության թեման արդեն փակ պիտի լինի:

Մանկավարժական կազմի անպատրաստվածությունը. Հայաստանի դպրոցներում աշխատող ուսուցիչների մեծ մասը չի անցել հատուկ վերապատրաստումներ՝ տրավմատիզացված և տեղահանված երեխաների հետ աշխատելու, ներառական և զգայուն միջավայր ձևավորելու համար։ 

Պատերազմների, էթնիկ զտումների և բռնի տեղահանության ծանրագույն փորձառությունից հետո մարդկանց կրած տրավման դեռ բաց վերք է, որը կարիք ունի ժամանակի և խնամքով վերաբերմունքի։ 

 Թեև կառավարության 2023թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետության համար որակվում է որպես մշակութային ռազմավարության մաս՝ ի հակակշիռ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության, այդուհանդերձ՝ գնալով ավելի ու ավելի ակտիվորեն են վերացվում Արցախի հետ ասոցացվող խորհրդանիշները: 

Մինչդեռ այս փուլում «ցավի մոռացումը արագացնելու» ցանկացած փորձ ոչ միայն անհնար է, այլև տալիս է հակառակ ազդեցություն: Արցախցի փոքրիկ աղջկա նկարած «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի պատկերը դպրոցի պատից հեռացնելու միջադեպը դարձավ դրա վառ ապացույցը։ Բռնի տեղահանված երեխայի և նրա ուսուցչի անհամաձայնությունը տեղի ունեցածին, ի վերջո, հանրային տիրույթ տեղափոխվեց, ու ֆեյսբուքյան հարթակում նախաձեռնված աճուրդում նկարը վաճառվեց 1800 դոլարով։ Արդյունքում այն տեսավ հազարավոր անգամ ավելի շատ մարդ, քան տեսած կլիներ, եթե նկարը մնար իր տեղում և փորձ չարվեր այն հեռացնելու:

Եվ պատահական չէ, որ նկարի գնորդն էլ բռնի տեղահանված և Հայաստանից արդեն տեղափոխված արցախցի էր: 

Հիշողությունն ու ապրած ցավը վարչական լռությամբ հնարավոր չէ չեղարկել, որովհետև արդյունքում դրանք երբեմն դառնում են ինքնապաշտպանական վահան, երբ փորձ է արվում ստիպողաբար մոռացության տալ մարդու ինքնության մաս կազմող տարրերը:

Հոդվածը պատրաստել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում