ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որը վերաբերում է ԱԺ-ում լրագրողների աշխատանքին: Որոշման մեջ նշված է, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղում, իսկ, առանձնացված հատուկ տեղերից բացի, այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։
«Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին»,- գրել է Ղահրամանյանը։
Որոշման մեջ նաև նշվում է, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: «Հանձնաժողովի նախագահը հավատարմագրված լրագրողների ցուցակը, որոնք ներկա են լինելու նիստին, նախապես, բայց ոչ ուշ, քան նիստն սկսելուց 2 ժամ առաջ, ներկայացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:
Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրատվական միջոցներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ»,- ասված է որոշման մեջ։
Անդրադառնալով այս որոշման շուրջ ստեղծված արձագանքներին, Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ լրագրողների գործունեության սահմանափակումները նոր չեն և գործում են 2021 թվականից։
«ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։ ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը»,- գրել է Ռուբինյանը։
***
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:












