Սիրանուշ Ադամյան
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կինը՝ պետական «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, իր պաշտոնում ստանում է ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ, իսկ պետական մարմինները չեն բացահայտում այդ պաշտոնում նրա նշանակման մրցույթի մանրամասներն ու աշխատավարձի սահմանման սկզբունքները. այս մասին նշվում է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած հետաքննությունում։
Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանը նշում է, որ «Հայփոստը» և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել տնօրենի ընտրության մրցույթի վերաբերյալ պահանջված տեղեկությունները, այդ թվում՝ ովքեր են մասնակցել մրցույթին և ինչպես է ընթացել ընտրությունը։ Միաժամանակ, նախարարությունից հայտնել են, որ «Հայփոստի» գլխավոր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև կամ չափորոշիչներ չեն սահմանվել։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ 2025-ին «Հայփոստի» հասույթն ու համախառն շահույթը նվազել են, վարկային պարտավորությունները՝ աճել, իսկ ընկերությունից հայտնել են, որ ֆինանսական արդյունքների վատթարացումը չի ազդի տնօրենի աշխատավարձի վրա։
Հայկ Կոնջորյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ակնկալվում է, որ նա կընտրվի այդ պաշտոնում օգոստոսի 2-ին կայանալիք նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում։է
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազատության» էջում












