Docomomo Armenia-ն կոչ է անում չհանել «Զվարթնոցի» հին մասնաշենքը հուշարձանների ցանկից

«Մոդեռն» շարժման փաստագրման ու պահպանության միջազգային կոմիտեի (Docomomo) Հայաստանի մասնաճյուղը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կառավարության նախաձեռնությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղևորատար մասնաշենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու վերաբերյալ։
Կազմակերպությունը հիշեցնում է, որ հայկական մոդեռնիզմի կարևորագույն կառույցներից մեկը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025-ի օգոստոսի 14-ին՝ հենց ներկայիս կառավարության որոշմամբ։
Docomomo Armenia-ի գնահատմամբ՝ անհասկանալի են այն մշակութային և իրավական հիմքերը, որոնցով առաջարկվում է հուշարձանին զրկել այդ կարգավիճակից։ Կազմակերպությունն ընդգծում է, որ շենքը պահպանվել է նույն տեսքով, ինչպիսին եղել է հուշարձան ճանաչվելու պահին, իսկ դրա ենթակառուցվածքային կամ գործառական նշանակությունը չի կարող հիմք լինել պահպանության կարգավիճակը վերացնելու համար։
Հայտարարության հեղինակները նշում են, որ եթե նման մոտեցումն ընդունելի է համարվում մոդեռնիստական ժառանգության նկատմամբ, ապա նույն տրամաբանությունը կարող է կիրառվել նաև միջնադարյան վանքերի, ամրոցների կամ կամուրջների դեպքում, ինչը, ըստ նրանց, անընդունելի է։
Կազմակերպությունը զգուշացնում է, որ կառավարության նախագծի նույնիսկ քննարկումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Որպես օրինակ նշվում են նախկինում պահպանվող օբյեկտների ցանկից հանված և հետագայում ոչնչացված կամ վտանգված կառույցները՝ «Սևան» հյուրանոցը, Քանաքեռ-Զեյթունի ջրանցքը և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։
Docomomo Armenia-ն դատապարտում է պետական մարմինների վերաբերմունքը հայկական մոդեռնիզմի հուշարձանների նկատմամբ՝ ընդգծելով, որ դրանք Հայաստանի արդի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են և չպետք է դառնան կարճաժամկետ տնտեսական կամ քաղաքական շահերի զոհ։
Խումբը կոչ է անում կառավարությանը հրաժարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն հուշարձանների պետական ցուցակից հանելու որոշումից։ Միաժամանակ օդանավակայանը կառավարող ընկերությանն առաջարկում է վերանայել ուղևորատար տերմինալի ընդլայնման նախագիծը՝ պահպանելով միջազգային նշանակության մոդեռնիստական կառույցը։
Docomomo Armenia-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնագիտական աջակցություն ցուցաբերել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանության աշխատանքներին։
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հանել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից՝ հնարավորություն ստեղծելով դրա ապամոնտաժման և նոր ուղևորատար համալիրի կառուցման համար։
Տեղադրություն
Կազմակերպություն











